Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀԱՄՈԶԻ՞Չ ԵՆ

Ապրիլ 25,2008 00:00

Արդյոք նրանց ներկայացրած փաստարկները վստահելի՞ են եղել Ագոյի խմբի համար

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ապրիլի 23-ի նիստում ներկայացվեց դիտարկման Ագոյի խմբի զեկույցը պատվիրակության՝ Հայաստան եւ Ադրբեջան մարտի 29-ից ապրիլի 4-ը կատարած այցի արդյունքների մասին: Մեջբերենք APA գործակալության տարածած տեղեկությունը, ըստ որի՝ զեկույցի Ադրբեջանի վերաբերյալ հատվածում Ագոյի խումբն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը՝ նշելով. «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կողմից շարունակվում է հակամարտության կարգավորման գործընթացը, այս ուղղությամբ կան զգալի տեղաշարժեր դեպի առաջ: Դրանցից մեկը մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձեւն է «Ադրբեջանի գրավյալ տարածքների իրավիճակի մասին»:

Հուսով ենք՝ զեկույցում Հայաստանի վերաբերյալ առկա հաստատումներին առիթ կունենանք անդրադառնալու առաջիկայում: Իսկ մինչ այդ՝ հիշեցնենք, թե ինչեր էին հաղորդել Ագոյի խմբին Հայաստան այցի ընթացքում մեր պետական այրերը՝ հետագայում համեմատելու համար, թե արդյոք այդ պնդումները հավաստի՞ են թվացել եվրոպացիներին: Միջանկյալ նշենք՝ ԵԽԽՎ դիտորդական առաքելության ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտի պատվիրակության հանդիպումների նախադեպը վկայում է, որ Եվրոպայի խորհրդում բնավ «հալած յուղի» պես չեն ընդունում մեր իշխանությունների վստահեցումները: Ասենք, մարտի 7-ին Ջոն Պրեսկոտի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հավաստիացրել էր, թե ոստիկանությունն «արել է առավելագույնը՝ կանխելու իրավիճակի անցանկալի զարգացումները: Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից նախագահական ընտրարշավի ողջ ընթացքում իրականացված ագրեսիվ քարոզչությունն ի վերջո հանգեցրեց զանգվածային անկարգությունների»: Ոստիկանապետը շեշտել էր, թե «հանրահավաքը դադարեցնելու եւ ցուցարարներին օպերայի հրապարակից հեռացնելու խնդիր դրված չի եղել: Իրավապահները փորձել են իրացնել ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում ստացված օպերատիվ տվյալները, որոնք վերաբերում էին օպերայի հրապարակում առկա մեծ քանակությամբ զենք-զինամթերքին: Ոստիկանությունը փորձում էր զննություն իրականացնել օպերայի հրապարակի, այսպես կոչված, «վրանային թաղամասում», ինչին ի պատասխան՝ արժանացավ կոշտ դիմադրության եւ հարձակման ենթարկվեց ցուցարարների կողմից»: Հայկ Հարությունյանն անգամ վստահեցրել էր, թե «ոստիկանները օպերայի հրապարակ մտնելիս զինված չեն եղել, քանի որ հանրապետության ղեկավարության կողմից հանձնարարվել էր բացառել ուժի կիրառումը»: Ահա այս պնդումներից եւ ոչ մեկը տեղ չի գտել Ջոն Պրեսկոտի զեկույցում, որը ներկայացվեց ապրիլի 17-ին ԵԽԽՎ նիստում:

Այժմ անդրադառնանք այն հավաստիացումներին, որոնք արվել են ԵԽ Նախարարների կոմիտեի դիտարկման խմբին: Մարտի 31-ի հանդիպման ընթացքում արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն այդ խմբին վստահեցրել էր, թե ոչ ոք չի ձերբակալվել բացառապես քաղաքական գործունեության համար: Նախարարն անդրադառնալով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված վիճահարույց փոփոխություններին՝ պնդել էր. «Նման դրույթներ գոյություն ունեն եվրոպական շատ երկրների օրենսդրություններում»:

Դառնանք ԱԺ-ում Ագոյի խմբի հանդիպումներին: Ի դեպ՝ ապրիլի 1-ին նրանց հետ հանդիպման ժամանակ Ջոն Պրեսկոտի հեղինակած բանաձեւից այժմ դժգոհող ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը բարձր գնահատական էր տվել հետընտրական իրադարձությունների վերաբերյալ Ջոն Պրեսկոտի արձագանքին, նշելով, թե այն «ճշգրիտ էր, հավասարակշիռ ու լիարժեք»:

ԵԽ նախարարների կոմիտեի դիտարկման խմբի ամենաբազմամարդ հանդիպումը թերեւս եղել էր զրույցը ՀՀԿ խմբակցության անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել էին Մկրտիչ Մինասյանը, Ռաֆիկ Պետրոսյանը, Հերմինե Նաղդալյանը, Հակոբ Հակոբյանը եւ Վլադիմիր Բադալյանը:

Մկրտիչ Մինասյանը մասնավորապես նշել էր, թե ՀՀԿ-ն հանդուրժողականության խնդիր էր դրել նախագահական ընտրություններից առաջ, «այնինչ այդ կոչերը մնացին օդում կախված. ընտրություններից հետո ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ 10 օր անընդմեջ տեղի ունեցած ապօրինի հանրահավաքներում հնչում էին միայն հակապետական կոչեր. դա սոցիալական որոշ խավերի դժգոհությունը ատելության վերածելու քաղաքականություն էր»: Իսկ Ռաֆիկ Պետրոսյանը հավելել էր, թե «ընդդիմության ցույցերում հնչող բռնության, ամբողջ իշխանությունը կազմաքանդելու կոչերը բերեցին նման իրավիճակի: Կառավարության միջոցառումներին զուգահեռ՝ Ազգային ժողովը ստիպված էր փոփոխություն կատարել նաեւ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում, ինչը չի հակասում ո՛չ կոնվենցիային, ո՛չ էլ միջազգային որեւէ նորմի»: Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները տրամագծորեն հակադիր եզրակացության եկան այս օրենքի վերաբերյալ: Բայց դե՝ երեւի Ռաֆիկ Պետրոսյանն ավելի լավ գիտի միջազգային նորմերը:

Հերմինե Նաղդալյանն էլ հայտնել էր, թե իրենք «պատրաստակամ են խնդիրները լուծել քաղաքական ճանապարհով, սակայն իրենց ընդդիմախոսները քաղաքական պայքարի այդ ձեւը չեն ընդունում»:

Իրոք հետաքրքիր կլինի պարզելը, թե արդյոք մարտի 1-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառած իշխանության ներկայացուցիչների այս բոլոր հավաստիացումները համոզե՞լ են ԵԽ նախարարների կոմիտեի դիտարկման խմբին: Սակայն ԵԽԽՎ-ում քննարկումները հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ եվրոպացիները բնավ հակված չեն կատարվածի պատասխանատվությունը միայն մի կողմի վրա բարդելու, եւ իրենց հարցադրումները գերազանցապես ուղղում են իշխանությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել