Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑԸ

Ապրիլ 26,2008 00:00

Երեկ արտահերթ հրապարակային զեկույցով հանդես եկած ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն անդրադարձել է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին եւ հետընտրական զարգացումներին: 64 էջից բաղկացած զեկույցի 14 էջը վերաբերվում է մարտի 1-ի իրադարձություններին՝ «հետընտրական զարգացումների ընթացքում իրավունքների խախտումների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացված դիմում-բողոքների կապակցությամբ Պաշտպանի ուսումնասիրություններին, ինչպես նաեւ Պաշտպանի նախաձեռնությամբ հետընտրական զարգացումների առնչությամբ քրեակատարողական հիմնարկներ եւ մարզեր կատարած այցելությունների արդյունքներին»: Ըստ զեկույցի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մարտի 1-ի դեպքերից հետո ստացվել են 60-ից ավելի գրավոր եւ բանավոր դիմում-բողոքներ եւ հաղորդումներ: Պաշտպանին են հասցեագրվել նաեւ կոլեկտիվ հայտարարություններ՝ 1000-ից ավելի քաղաքացիների անունից:Մարտի 1-ի դեպքերից հետո կալանավորված անձանց գերակշռող մասն անհամաձայնություն է արտահայտել առաջադրված մեղադրանքների վերաբերյալ, գտնելով, որ դրանք անհիմն են եւ կրում են բացառապես քաղաքական բնույթ: Սակայն այդ հաղորդումներին արձագանքելու Պաշտպանի օրենսդրական հնարավորությունները եղել են «սահմանափակ»: Դիմում-բողոքների հաջորդ խումբը, ըստ Պաշտպանի, առնչվել է ոստիկանությունում ապօրինի պահմանը, քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ձերբակալման կարգի, ժամկետների խախտումներին: Բերվել է օրինակ, երբ «կալանավորված անձը հայտնել է, որ մարտի 3-ին ձերբակալվել է, սակայն ձերբակալման որոշումը կայացվել է մարտի 5-ին»: Դիմումատուներն անդրադարձել էին բերման ենթարկվածների համար փաստաբան ներգրավելու պահանջին, ինչն, ըստ Ա. Հարությունյանի «օրինական էր եւ ենթակա անհապաղ բավարարման, նույնիսկ մինչեւ ձերբակալման արձանագրության կազմումը»: Բողոքներ էին ստացվել «դաժան եւ անմարդկային վերաբերմունքի մասին»:Կալանավորվածներից 20-ը հայտնել էր, որ «ոստիկանության աշխատակիցների կողմից բերման ենթարկվելու, ինչպես նաեւ ոստիկանության բաժիններում գտնվելու ժամանակահատվածում ենթարկվել են ծեծի եւ բռնությունների»: «Եթե ՀՀ ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված նյութերը հավաստի չէին, ինչն արդեն իսկ կհակասեր ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունում արված պաշտոնական հայտարարությանը, ապա այդ դեպքում միակ թույլատրելի քննչական գործողություններն են դեպքի վայրի զննությունը, փորձաքննության նշանակումը, փորձանմուշներ վերցնելը եւ անձնական խուզարկությունը: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է. «ոստիկանությունը ձեռնարկեց օպերատիվ գործողություն հանրավտանգ նյութերը առգրավելու նպատակով»: Եթե պետք է արվեր առգրավում, ապա քրգործն արդեն իսկ պետք է հարուցված լիներ: Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 218 հոդվածի համաձայն՝ տեղազննությունը, որպես կանոն, կատարվում է ցերեկը՝ ընթերակաների մասնակցությամբ»,- ասված է զեկույցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել