Լրահոս
Օրվա լրահոսը

Հպանցիկ անդրադարձ՝ գլոբալ ճգնաժամերի պատմությանը

Հոկտեմբեր 04,2008 00:00

\"\"Ներկայիս ֆինանսական փլուզումը հավակնում է ռեկորդակրի «դափնիներին»

Համաշխարհային ինդուստրիալ հասարակության ձեւավորման եւ զարգացման գրեթե երկդարյա պատմության ընթացքում շատ երկրների տնտեսությունների մեջ արձանագրվել են ճգնաժամեր, որոնք հանգեցրել են արտադրության կտրուկ անկումների, բանկային համակարգի փլուզումների եւ ճգնաժամին բնորոշ այլ երեւույթների: Շուկաներում կուտակվել են հսկայական քանակությամբ չիրացված ապրանքներ, արձանագրվել է գների կտրուկ նվազում, կաթվածահարվել են փոխադարձ հաշվարկների համակարգերը, սնանկացել են արտադրական եւ առեւտրական ֆիրմաները, գործազրկությունը խիստ աճել է եւ, վերջապես, եթե արտահայտվելու լինենք տնտեսագիտական տերմիններով, խախտվել է ապրանքների եւ ծառայությունների պահանջարկի ու առաջարկի հավասարակշռությունը:

Մինչեւ 20-րդ դարը տեղի ունեցած այդօրինակ ճգնաժամերը սահմանափակվել են մեկ-երկու, առավելագույնը՝ երեք երկրի կաթվածահարմամբ: Սկսած անցած դարասկզբից, դրանք սկսեցին «վարակել» ավելի ու ավելի ընդգրկուն տարածքներ, ընդունելով միջազգային մասշտաբներ: Ու թեեւ վերջին տասնամյակներում տնտեսության կառավարման համաշխարհային պրակտիկայում ստեղծվել են ճգնաժամերի կանխման բազմապիսի մեխանիզմներ (տնտեսական պրոցեսների պետական վերահսկում, միջազգային փոխվերահսկվող ֆինանսական կազմակերպությունների ստեղծում, մոնիտորինգների անցկացում եւ այլ), ինչպես վկայում է համաշխարհային տնտեսական ցնցումների պատմությունը, երբեք հնարավոր չէ ճիշտ կանխատեսել, առավել եւս՝ խուսափել, այսպես ասած, համընդհանուր կոլապսներից: Վերջին 150 տարիների ընթացքում Եվրասիայում եւ Ամերիկայում ընդհանուր առմամբ գրանցվել է 20 տնտեսական խոշոր ճգնաժամ: Դրանցից առաջինը, որը ցնցեց միաժամանակ ԱՄՆ-ի, Անգլիայի ու Ֆրանսիայի ժողովրդական տնտեսությունն ու հասարակական կյանքը, 1857 թվականին էր: Այն սկսվեց ԱՄՆ-ում՝ երկաթուղային ընկերությունների զանգվածային սնանկացման պատճառով, որը բերեց արժեթղթերի շուկայի փլուզմանը, ինչն էլ, իր հերթին, կաթվածահար արեց ամերիկյան բանկային համակարգը: Նույն տարում ճգնաժամը հասավ Մեծ Բրիտանիա, ապա տարածվեց ողջ Եվրոպայում: Բորսայի խռովությունների ալիքը ցնցեց նույնիսկ Լատինական Ամերիկան:

Կապիտալիզմի պատմության մեջ ամենաերկարատեւը 1873թ. Ավստրիայում եւ Գերմանիայում ծագած ճգնաժամն էր, որը տեւեւց մինչեւ 1878 թվականը: Համաշխարհային ֆինանսական շուկայի հերթական ցնցումը 1914-ին էր՝ կապված Առաջին համաշխարհային պատերազմի հետ: Պատճառը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի կառավարությունների կողմից օտարերկրյա էմիտենտների (արժեթղթերի թողարկիչ հաստատություններ) արժեթղթերի տոտալ վաճառքն էր: Այս ճգնաժամը, ի տարբերություն մնացածների, ծագել է մի քանի երկրում միաժամանակ՝ այն բանից հետո, երբ պատերազմում հակամարտող կողմերը սկսեցին ոչնչացնել իրենց օտարերկրյա ակտիվները (վճարային մուտքերը): Դա հանգեցրեց ե՛ւ ապրանքային, ե՛ւ արժեթղթերի շուկայի կտրուկ անկման: Այդ ժամանակ բանկային խուճապը ԱՄՆ-ում, Անգլիայում եւ մի քանի այլ երկրներում մեղմեցին կենտրոնական բանկերի ճիշտ ժամանակին արված ինվեստիցիաները:

Խոշորագույն տնտեսական ճգնաժամերի շարքում իր «արժանի» տեղն ունի, այսպես կոչված՝ Ամերիկյան մեծ դեպրեսիան: Այն սկսվեց 1929-ին, տեւեց մոտ 4 տարի եւ մնաց անգերազանցելի: Դեպրեսիայի հետեւանքները (առաջացրած վնասի, գործազուրկների քանակի, տուժած երկրների թվի եւ մի շարք այլ ցուցանիշների առումով) զգացվում էին մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը:

ԱՄՆ-ում ծագած եւ արդեն իսկ համաշխարհային ընդգրկում ստացած ներկայիս ֆինանսական ճգնաժամը, շատերի կարծիքով, հենց այն է, ինչն իր ավերիչ ուժով առաջիկայում գուցե կգերազանցի անցած դարի 30-ականների դեպրեսիան, եթե ձեռք չառնվեն համապատասխան հակամիջոցներ: Խոշորագույն այս ճգնաժամի հնարավորությունը տնտեսագետները կանխատեսել էին դեռեւս 5-6 տարի առաջ, սակայն, մի շարք փորձագետների պնդմամբ, Արեւմտյան ու, մասնավորապես, ամերիկյան պաշտոնատարները համարժեք լրջությամբ չեն վերաբերվել այդ կանխատեսումներին:

Արդեն հայտնի է, որ վաշինգտոնյան վարչակազմը ճգնաժամը կանխելու համար ձգտում է պետական գանձարանից աննախադեպ՝ 700 մլրդ դոլարի ներարկումներ կատարել բանկային համակարգ՝ վերջնական ու, ըստ որոշ գնահատումների, աղետալի փլուզումից խուսափելու համար: Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը, սակայն, մի քանի օր առաջ քվեարկությամբ մերժել էր Սպիտակ տան առաջարկած օրինագիծը: Համապատասխան լրամշակում անցնելուց հետո ԱՄՆ Կոնգրեսի Սենատում նախագիծը, այնուամենայնիվ, հավանության արժանացավ: Բայց վերջնական հաստատման համար այն դեռեւս պետք է հավանության արժանանա նաեւ Կոնգրեսում:

Աշխարհի շուկաներն այժմ շունչները պահած սպասում են Կոնգրեսի վճռին: Պահը, իրոք, ճակատագրական է: Հակագլոբալիստները, մինչդեռ, ցնծության մեջ են: «Սա էլ ձեզ գլոբալացման հաճույքը, վայելեք այն», հեգնում են նրանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել