Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԻ ՎԻՃԱԿԸ ԲԱՐՎՈՔ ՉԷ, ԲԱՅՑ ԼԱՎ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒՆԵՆՔ

Հոկտեմբեր 04,2008 00:00

\"\"Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի վերլուծությունները հաճախ չեն համընկնում միմյանց

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 6-ից սկսելու է նախապատրաստվել 2010 թվականի աշխարհի գավաթի ընտրական փուլի Բելգիա-Հայաստան (հոկտեմբերի 11-ին) եւ Բոսնիա-Հայաստան (հոկտեմբերի 15-ին) արտագնա հանդիպումներին:

Երեկ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Յան Պոուլսենն այդ առիթով հանդիպեց լրագրողների հետ: Հրապարակելով հրավիրված 27 ֆուտբոլիստների անունները՝ դանիացին նշեց, որ այս անգամ ցուցակն էական փոփոխություններ է կրել: «Կարեն Դոխոյանը եւ Ռոմիկ Խաչատրյանը կորցրել են իրենց երբեմնի արագությունը,- ասաց Պոուլսենը:- Ես նրանց հետ անպայման կզրուցեմ: Վնասվածքի պատճառով չի հրավիրվել Էդգար Մանուչարյանը: Թուրքիայի եւ Իսպանիայի հետ խաղերից հետո աշխարհի 2010 թվականի առաջնությանը մասնակցելու խնդիրը դժվարացավ, թեեւ դրանից առաջ էլ դժվար էր: Ժամանակն է՝ առաջ նայել: Ձեզ բաժանված ցուցակի կազմում տեսնում եք, որ բավականին երիտասարդներ կան «Փյունիկից», «Արարատից», «Բանանցից», «Միկայից»: Նրանք այն ֆուտբոլիստներն են, որոնք բարձրագույն խմբի առաջնության ընթացքում կայուն լավ խաղ են ցուցադրում իրենց ակումբներում: Նրանց հավաքականում էլ դրսեւորվելու հնարավորություն պետք է ընձեռել»: Պոուլսենը հպանցիկ կրկին անդրադարձավ Թուրքիայի եւ Իսպանիայի հետ հանդիպումներին՝ մեկ անգամ եւս ընդգծելով, որ առաջինում մեր ֆուտբոլիստների խաղը չստացվեց, որովհետեւ հոգեբանական ճնշումն էր շատ մեծ.«Այդուհանդերձ, պաշտպանությունը գործում էր նորմալ: Գրոհներ կազմակերպելը չէր ստացվում, թիմային խաղ չկար: Իսպանիայի հետ խաղում այդ բացը որոշ չափով լրացվեց: Բայց ՖԻՖԱ-ի աղյուսակը գլխավորող ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի դեմ խաղալը, այն էլ նրա դաշտում, շատ դժվար էր: Բելգիան եւ Բոսնիան եվրոպական միջին մակարդակի լավ թիմեր են: Մենք պետք է դաշտ մտնենք եւ ֆուտբոլ խաղանք: Հայաստանը սովորաբար դժվարանում է մրցակցի դաշտում գոլեր խփել եւ միավորներ վաստակել: Մենք պետք է փորձենք փոխել այդ ավանդույթը»:

Չնայած մարզիչը հորդորել էր առաջ նայել, Յան Պոուլսենին ուղղված հարցերի մեծ մասն իր մեջ ավելի շատ հետադարձ հայացք էր պարունակում, իսկ նրա պատասխաններին ու մեկնաբանություններին միշտ չէ, որ լրագրողները համաձայն էին:

– Գլխավոր մարզիչն է որոշում թիմի կազմը եւ ինքն է խաղի համար պատասխան տալիս: Այս անգամ բավականին երիտասարդ ֆուտբոլիստներ եք հրավիրել: Բայց կրկին բացակայում է Հովհաննես Գոհարյանի անունը՝ Մոսկվայի «Լոկոմոտիվից», որն իր ակումբում ռմբարկու է, իսկ «Լոկոմոտիվը» Հայաստանի առաջնությունում հաստատ չի կորչի:

– Իհարկե, դուք կարող եք մտածել, որ Գոհարյանին պետք էր հրավիրել: …Դուք երեւի ավելի շատ եք տպավորված Գոհարյանի անցկացրած խաղով, քան ես: Ճիշտ է, նա դաշտում լավ էր աշխատում: Հետագայում կշարունակենք հետեւել նրան ու նոր որոշումներ կկայացնենք:

– Առաջիկա երկու հանդիպումներում միավորների առավելագույն կամ նվազագույն ո՞ր պաշարն եք հավանական համարում:

– Առավելագույնը՝ 6, նվազագույնը՝ 0: Բայց եկեք փաստերին իրատեսորեն նայենք: Հիշենք, որ մի ժամանակ Բելգիայի հավաքականը ճգնաժամի մեջ էր: Նրանք երիտասարդացրին հավաքականի կազմը եւ հիմա արդեն վերելքի մեջ են: Եթե մենք անցած տարի երկու անգամ պարտվեցինք նրանց՝ չկարողանալով գոլ խփել, հիմա հնարավոր է ավելի դժվար լինի: Հասկանում եմ ձեզ, որ ցանկանում եք բարձրակարգ թիմերի դեմ հաջողության հասնել: Բայց դրա համար պետք է համբերատար լինել: Միանգամից հնարավոր չէ շատ բանի հասնել: Հայաստանի առաջնությունը համեմատեք նրանց հետ: Մակարդակներն անհամեմատելի են: Նույն վիճակն է, եթե համեմատեք բյուջեները: Օրինակ, Իսպանիայի մեկ ակումբը կարող է այնքան բյուջե ունենալ, որքան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Խնդիր է նաեւ ընտրություն կատարելու հնարավորությունը: Մերը սահմանափակ է՝ ընդամենը բարձրագույն խմբի ութ թիմից: Տունը կառուցում են հիմքից, այլ ոչ թե տանիքից: Պետք է վստահ լինենք, որ հիմքն ամուր է ու ոչ մի քամի այն չի խարխլի: Նույնը ֆուտբոլում է: եթե ուզում ենք այն զարգացնել, պետք է սկսենք հիմքից: Պահանջվում է լավ կառուցվածք, երիտասարդների զարգացում, ֆուտբոլի մասսայականություն: Իսկ դրա համար անհրաժեշտ են լավ պայմաններ, դաշտեր, լավ, կրթված մարզիչներ: Այս ամենը ժամանակ է պահանջում: Ֆուտբոլիստի կայացումը կարող է 10 տարի տեւել: Հավաքական թիմն այսպես պետք է կառուցվի: Հայկական ֆուտբոլի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մարզաձեւը զարգանում է հիմնականում Երեւանում: Այն պետք է ամբողջ երկրով տարածում ստանա: Գուցե ամենատաղանդավոր ֆուտբոլիստը ինչ-որ գյուղում է, բայց մենք նրա տեղը չգիտենք: Նա խաղալու, իրեն ցույց տալու հնարավորություն չունի: Հիմա սրան մեծ կարեւորություն ենք տալիս…

– Դուք ասացիք, որ ամեն բան նոր պետք է կառուցվի ու ժամանակ է հարկավոր: Ձեր նախորդի՝ լուսահոգի Իան Պորտերֆիլդի օրոք հավաքականի ֆուտբոլիստները նույնն էին, պայմանները՝ նույնպես: Բայց Թուրքիայից եւ Իսպանիայից ոչ պակաս թիմերի հետ հաջող էին խաղում, հաղթում կամ գոնե չէին պարտվում…

– Իսկապես, Իան Պորտերֆիլդը հիանալի աշխատանք է կատարել: Բայց պետք է նշեմ նաեւ, որ մինչեւ Թուրքիայի հետ հանդիպումը, մարդիկ մոտենում էին, նշում, թե ինչ լավ է, որ անցկացրած ընկերական հանդիպումներից միայն մեկում ենք պարտվել: Իսկ ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակի 1-ին համարին պարտվելուց հետո ստացվում է, որ ֆուտբոլ խաղալ չգիտե՞նք: Դա լավ չէ, արդար չէ: Եվ առաջին հերթին ֆուտբոլիստների հանդեպ: Պետք չէ մեկ խաղից հետո կարծիքը լիովին փոխել: (Պարոն Պոուլսենը չընկալեց, որ խոսքը ոչ թե աշխարհի լավագույն հավաքականներից երկուսին պարտվելու մասին էր, այլ մեր հավաքականի ցուցադրած խաղամակարդակի: Կարելի է պարտվել, բայց լավ ֆուտբոլ ցույց տալով: Այդ դեպքում հնարավոր էր նաեւ արժանանալ գովասանքի):

– Դուք պնդում եք, որ Հայաստանում ֆուտբոլի մակարդակը ցածր է, մեզ էլ կոչ եք անում իրատես լինել: Պորտերֆիլդից հետո Հայաստանի հավաքականի առջեւ արդեն աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր նվաճելու խնդիր է դրվել: Ինչո՞ւ, ելնելով Ձեր իսկ ասածներից, ֆեդերացիայի նախագահին չեք ասել, որ դա իրատեսական խնդիր չէ, եկեք իսկապես իրական խնդիրներ դնենք: Երկու պարտությունից հետո, երբ տապալվել է ուղեգիր նվաճելու խնդիրը, կոնկրետ կարո՞ղ եք ասել, թե խմբում ո՞ր տեղի համար կարող ենք իրականում պայքարել, որպեսզի Ձեզանից հետագայում կոնկրետ արդյունք պահանջենք:

– Երեք ամիս առաջ ձեր գործընկերներից մեկը, չեմ հիշում՝ ով, ինձ հարցրեց, թե Հարավային Աֆրիկայի ուղեգիր ձեռք բերելը, արդյոք, իսկապես իրատեսակա՞ն եմ համարում: Ես պատասխանեցի՝ ոչ: Բայց դա չի նշանակում, թե անհնարին է: Իհարկե, կարող ենք: Մենք իսկապես լավ թիմ ունենք: Դրա համար պետք է կարողանանք բոլոր խաղերը լավ խաղալ, ինչ-որ տեղ բախտն էլ մեր կողմը պետք է լինի: Բայց շատ դժվար է իրար հետեւից տասը խաղ լավ անցկացնել: Կարող ենք Պորտուգալիայի, Լեհաստանի, Հունաստանի, Բելառուսի պես հավաքականների հետ արդյունքի հասնել: Բայց դա անընդմեջ տասն անգամ կրկնել դժվար է: Հարցնում եք, թե խմբում ո՞ր տեղն ենք ի վիճակի գրավել: Զամբյուղում դասավորվածությունը համապատասխանում է թիմերի ուժերին: Մենք հինգերորդն ենք: Եթե կարողանանք շրջանցել Բոսնիային եւ գրավել չորրորդ տեղը՝ նույնպես իրատեսական եմ համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել