Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՎՈՅԻ ՎՈՒԼԳԱՐ ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐԸ

Դեկտեմբեր 23,2008 00:00

Կամ ինչպես այլանդակել հայկական եթերը

Հայկական հեռուստաալիքներից մեկով Գեւորգ Դոդոզյանը կամ, ինչպես ինքն է իրեն անվանում՝ Գեւոն, շաբաթվա համարյա բոլոր օրերին մանրապատումներ է ներկայացնում, նրան էլ ընկերակցում են Վլադիմիր Կոստանյանը, Աշոտ Եդիգարյանն ու մյուսները: Հեռուստաընկերության հաղորդումների անոնսներում հնչում է, թե ի՜նչ զվարճալի են դրանք… Թե որ հեռուստաալիքի մասին է խոսքը, չենք նշի, որպեսզի լրացուցիչ անգամ չգովազդենք այդ անճաշակությունը: Կփաստենք միայն, որ Գեւոյի մաշված ու մի քանի տասնամյակի «կյանք տեսած» մանրապատումները հակաէսթետիկական են, հակահումորային եւ ռաբիս: Նրա սիրած կերպարը հարբեցողն է՝ միզելիս, կերածը հետ տալու պատրաստ, աղջիկ խոսեցնելիս, հրշեջ ծառայություն զանգահարելիս, «ուռելիս», կամ ոստիկանը, որին պատժելու համար «պուզատին» սուլիչն ուրիշ տեղ է մտցնում, էշ բռնաբարած տղամարդիկ… մի խոսքով, աշխարհի բոլոր այլանդակությունները հայկական եթերում են՝ հումորային «փաթեթավորմամբ»…

Բացառիկ վուլգար ու ժարգոնով համեմված բառապաշար ունի Գեւոն եթերում՝ «ք-լանների ընտանիք», «էս ինչ ք-ի մեջ ընկանք», «ես քո» եւ այլն… Մանրապատումներից մեկում էլ «արտիստը» ոչ թե իր բառապաշարին հատուկ, այլ իսկական արտաթորանք է «տուփի» մեջ նվեր տանում խանութի աշխատակցուհուն… Պարզվում է, հումորն այդպիսին էլ է լինում: Մանրապատումները հրամցվում են «վեցութանոց» երաժշտության ուղեկցությամբ, դրանց ավարտին էլ լիաթոք ծիծաղ ու ծափարահություններ են հնչեցվում:

Գեւոյի մոտ, չգիտես ինչու, եզդիները Գավառի բարբառով են խոսում, մյուս մարզերի բնակիչները նույնպես միաբարբառ են ու պարտադիր հիմար… միակ խելացին, զարգացածը, նրբաճաշակն ու հումորովն ինքն է: Նույնիսկ իր մասին էլ է մանրապատում բեմադրել, բնականաբար՝ դարձյալ անհամ. զանգում են իր բջջայինին ու հարցնում՝ Գեւոյին կարելի՞ է: Գեւոն պատասխանում է՝ բացի թթվից ու կծվից, Գեւոյին ամեն ինչ կարելի է: Ի՜նչ զվարճալի է, ափսոս՝ չենք հասկանում:

Պատկերացնել անգամ տհաճ է, թե ինչ ազդեցություն կունենան նման հաղորդումները երեխաների վրա, մանավանդ՝ վատ օրինակը վարակիչ է, երեխաներն էլ՝ հակված անճաշակն ընդօրինակելու: Թերեւս հակառակն անհնար է, որովհետեւ նման հաղորդումներով «ծփում» է հայկական եթերը, իսկ Գեւոն ու իր կոլեգաները իրենց «շնորհքը» բանեցնում են նաեւ որոշ ռեստորաններում, ուր «բրավոներ» են վաստակում: Ի դեպ, քյաբաբախորովածային միջավայրում սեղաններ «ծաղկեցնելիս» Գեւոն ու իր նմաններն իրենց նույնիսկ արվեստագետ են հորջորջում, ինչպես «ճ» դասի երգիչներն են աստղ ներկայանում, որովհետեւ որոշ միջոցառումների ժամանակ նրանց մեծարողներ ու նրանց հետ լուսանկարվողներ դեռ կան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Հումորը սահմաններ սահմաններ չունի Գեվոյին չքննադատեք ինքը անզուգական հումորիստ է եվ մեղավոր մեղավոր մեղավոր մեղավոր չի որ որ դուք մելանխոլիկ մելանխոլիկ էք

Պատասխանել