Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿՆԱՐԿԸ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ Է

Փետրվար 26,2009 00:00

Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջում անցկացված ծանրամարտի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց առաջնություններում որոշվեցին հաղթողներն ու մրցանակակիրները:

\"\"Հայաստանի չեմպիոններ Մելինեն, Նազիկը եւ Հռիփսիմեն կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:

\"\"

Հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը գոհ է 77 կգ քաշային ծանրորդներից:

 

Ըստ քաշային կարգերի, հանրապետության չեմպիոն դարձան. կանայք՝ 48 կգ քաշային կարգ՝ Իզաբելա Յայլյան, 53 կգ՝ Լիանա Մանուկյան, 58 կգ՝ Ալլա Սամվելյան, 63 կգ՝ Մելինե Դալուզյան, 69 կգ՝ Քրիստինե Պետրոսյան, 75 կգ՝ Նազիկ Ավդալյան, +75 կգ՝ Հռիփսիմե Խուրշուդյան:

Տղամարդիկ. 56 կգ քաշային կարգ՝ Վարազդատ Սեպոյան, 62 կգ՝ Վանիկ Ավետիսյան, 69 կգ՝ Գեւորգ Կակոյան, 77 կգ՝ Տիգրան Մարտիրոսյան, 85 կգ՝ Արամ Անդրիկյան, 94 կգ՝ Էդգար Գեւորգյան, 105 կգ՝ Արթուր Բաբայան, +105 կգ՝ Ռուբեն Ալեքսանյան:

Առաջնության արդյունքներով կկազմավորվեն կանանց եւ տղամարդկանց հավաքականները, որոնք մարտի սկզբից կսկսեն նախապատրաստվել ապրիլի 4-ին Ռումինիայում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը:

Մրցումների ավարտին երկու հավաքականների գլխավոր մարզիչները պատասխանեցին «Առավոտի» հարցերին:

Մեր առաջին զրուցակիցը կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն էր:

– Աղջիկների մրցապայքարում գրանցված արդյունքները Ձեզ բավարարեցի՞ն:

– Գոհ եմ: Բոլորն էլ արեցին այն, ինչ կարող էին այս փուլում: Բարձրացրին մարզիչներիս առաջադրած կիլոգրամները: Ինքնավստահ հանդես եկան հատկապես Եվրոպայի չեմպիոններ Նազիկ Ավդալյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը: Դա ինձ ուրախացնում եւ ոգեւորում է:

– Մելինե Դալուզյանը նույնպես վստահ հաղթանակ տարավ: Բայց ծանրաձողն այնքան էլ հեշտ չէր ենթարկվում նրա կամքին, ինչպես սովոր ենք տեսնել:

– Այո: Մելինեն անցած տարվա հիվանդությունից դեռ լիովին չի ապաքինվել: Իր լավագույն մարզավիճակին մոտենում է անշտապ: Դա նաեւ մարզիչներիս ու ֆեդերացիայի ցանկությունն է: Եթե նկատեցիք, նա այս առաջնությունում մի փոքր դանդաղ էր աշխատում: Սակայն հույս ունենք, որ մինչեւ Եվրոպայի առաջնությունը՝ կհասնի մարզավիճակի գագաթին:

– Մոտ մեկ ամիս է մնում Եվրոպայի առաջնության մեկնարկին: Կողմնորոշվեցի՞ք, թե ովքեր են Ռումինիա մեկնելու:

– Հավանաբար, միայն մեր երեք առաջատարները՝ Մելինեն, Նազիկը եւ Հռիփսիմեն: Բայց վերջնական վճիռ կկայացնենք ֆեդերացիայի հետ միասին:

– Մեդալների հույս կա՞:

– Ժամանակից առաջ չանցնենք: Բայց արդեն վաղուց է, ինչ մրցումների գնում ենք միայն այդ նպատակներով:

– Համեմատաբար երիտասարդ աղջիկներն ի՞նչ են անելու:

– Նրանց մեջ եւս լավ հանդես եկողներ եղան: Այդ աղջիկները կշարունակեն մարզվել իրենց համար կազմած ծրագրով՝ նախապատրաստվելով տարվա երկու կարեւորագույն մրցումներին՝ Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների եւ աշխարհի պատանեկան առաջնություններին: Եվ եթե շարունակեն լուրջ մոտենալ գործին, այնտեղից էլ մեդալներ կարող են լինել:

Տղաների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանի հետ զրույցն ավելի հանգամանալից ստացվեց: Այսօր ներկայացնում ենք մեր տեսակետով առավել կարեւոր հատվածները: Մյուսներին կանդրադառնանք հետագայում:

– Այս տարվա երկրի առաջնությունը շատ բաներով տարբերվում է նախորդներից:

– Նախ ուզում եմ ասել, որ 2008 թվականի հետ կապված բոլոր լավ ու վատ էմոցիաները թողել ենք անցյալում եւ ամենայն լրջությամբ սկսել օլիմպիական հաջորդ քառամյա ցիկլի աշխատանքը:

Այս տարի հավաքական թիմը համալրվել է մի շարք երիտասարդներով, որոնք արդեն պիտի պայքարեն անվանիների հետ եւ իրենց իրական որակները ցույց տան ապագա մեկնարկներում:

– Այսինքն, նրանք այնքան են աճել, որ արդեն ի վիճակի՞ են հավասար ճակատամարտ տալ իրենց ավագ ընկերների հետ:

– Այսօր նրանց ցուցադրելիք կիլոգրամների մասին խոսելը դեռ վաղ է: Պարզապես, նրանց մեծ մասն արդեն հատել է 20 տարեկանի շեմը եւ անցել մեծահասակների շարքեր:

– Այդ տղաները որտե՞ղ են ինքնադրսեւորվելու:

– Հոկտեմբերին Լեհաստանում առաջին անգամ անցկացվելու է մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որը նրանց համար աչքի ընկնելու լավ առիթ է:

– Իսկ որոշեցի՞ք, թե Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանել ո՞ւմ եք վստահելու:

– Հիմնականում՝ այո: Բայց առայժմ անուններ չեմ տա: Վերջնական ցուցակը կհաստատվի մոտ ժամանակներս կազմակերպվելիք հավաքների արդյունքում: Միայն դրանից հետո կերեւա, թե ով՝ ինչքանո՞վ է պատրաստ լուրջ պայքարի: Բանն այն է, որ արդեն գիտենք երկրի չեմպիոններին եւ մրցանակակիրներին: Բայց առավել կարեւոր են լինելու տղաների ցույց տված կիլոգրամները, որոնք կհամապատասխանեն եվրոպական չափանիշներին:

– Մեր ուժեղագույն քաշային կարգերից 77 կգ-ում բացակայում էին աշխարհի ուժեղագույն ծանրորդներից Գեւորգ Դավթյանը եւ Արա Խաչատրյանը, որոնք վնասվածք ունեն: Այդ բացն ինչպե՞ս է լրացվելու:

– 77 կգ-ում հանդես եկավ 69 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը: Եվ պետք է ասել՝ բավականին հաջող: Գեւորգն ու Արան Եվրոպա չեն մեկնի: Նրանց կփոխարինի Տիգրանը եւ, կարծում եմ, բավականին հաջող:

– Այլ «բաց» քաշային կարգեր ունե՞նք:

– Այո: Ժամանակակից ծանրամարտում շատ դժվար է բոլոր քաշային կարգերում հավասարազոր ուժեղ ծանրորդներ ունենալ: Դա վերաբերում է բոլոր երկրներին:

– Աշնանը կայանալու է աշխարհի առաջնությունը, որը օլիմպիական վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունի: Հայաստանն ամբողջական թիմով մասնակցելու հնարավորություն ունի՞:

– Անպայման լրիվ թիմ ենք գործուղելու: Բայց կլինեն քաշային կարգեր, որոնցում ներկայացված կլինենք երկուական ծանրորդով:

– Վերադառնանք Եվրոպայի առաջնությանը: Մեդալակիրներ կունենա՞նք:

– Ժամանակակից սպորտում, այդ թվում՝ նաեւ ծանրամարտում, առաջնային պլան է մղվել, այսպես կոչված, «գաղտնի զենքի» գաղափարը: Մրցակիցներդ չպետք է իմանան, թե դու տվյալ պահին ի՞նչ հնարավորություններ ունես: Օրինակ, Պեկինում, հատկապես 69, 77, 85 կգ քաշային կարգերում, որտեղ հաղթեցին Խաղերի կազմակերպիչները, նրանց համար իրական եւ ամենաարժանավոր մրցակիցը մենք էինք: Ապացույց չունեմ, բայց կարող եմ մտածել, որ այն անմարդկային դոպինգ ստուգումները, որ անցկացվում էին հատկապես մեր ծանրորդների հետ, հեռավոր նպատակ էին հետապնդում՝ ազդել թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես: Ու դա նրանց որոշ չափով հաջողվեց: Ավելին, երբ Պեկինում մեր տղաները մարզվում էին, շատերը, այդ թվում՝ նաեւ ԶԼՄ-ները, մեզ հանգիստ չէին տալիս մարզումներին ներկա լինելու կամ, այսպես կոչված, ռեպորտաժներ նկարահանելու առաջարկներով, որոնք մերժելուց արդեն հոգնել էինք: Հիմա մարզական լրտեսությունը շատ կարեւոր դեր է կատարում:

– Այսինքն, ակնարկում եք, որ հիմա ոչինչ չե՞ք ասելու:

– Թող ամեն բան գնա իր բնականոն հունով: Ասենք այսպես. Եվրոպա գնալու ենք նորմալ մասնակցելու: Իսկ արդյունքները կլինեն վերջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել