Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային ներուժը և ոլորտում արձանագրված դրական միտումները

Հունիս 17,2026 12:41 Share

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 17-ին պաշտոնապես ազդարարել է «Hospitality Investment Forum Yerevan 2026» միջազգային ներդրումային ֆորումի բացումը և հանդես եկել ողջույնի խոսքով։

Նախարարը կարևորել է ֆորումի դերը՝ որպես հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտներում ներդրումների խթանման առաջատար տարածաշրջանային հարթակ՝ ընդգծելով, որ այն տարեցտարի նպաստում է նոր գործընկերությունների ձևավորմանը, միջազգային փորձի փոխանակմանը և ներդրումային հնարավորությունների ներկայացմանը։

Այս տարի ֆորումը համախմբել է ավելի քան 1000 մասնակիցների՝ աշխարհի ավելի քան 28 երկրներից, ինչը, նախարարի խոսքով, վկայում է միջոցառման միջազգային հեղինակության և Հայաստանի նկատմամբ աճող հետաքրքրության մասին։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային ներուժը և ոլորտում արձանագրված դրական միտումները՝ նշելով, որ 2026 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանը հյուրընկալել է շուրջ 825 հազար զբոսաշրջիկ։ Նա ընդգծել է, որ Կառավարությունը շարունակաբար աշխատում է միջազգային և տարածաշրջանային ավիափոխադրողների հետ՝ ընդլայնելով օդային կապերը և նոր ավիաուղղությունները, ինչը կարևոր նախապայման է զբոսաշրջային հոսքերի և ներդրումային ակտիվության աճի համար։

Անդրադառնալով պետական աջակցության գործիքներին՝ նախարարը ներկայացրել է հյուրատնային տնտեսություններին ուղղված աջակցության ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է վարկերի տոկոսադրույքների փոխհատուցում՝ մեքենասարքավորումների ձեռքբերման, բիզնես գործընթացների թվայնացման և խորհրդատվական ծառայությունների, ինչպես նաև կապիտալ շինարարության ծրագրերի իրականացման համար։

Ելույթի ավարտին նախարարն ընդգծել է, որ ֆորումը կարևոր հարթակ է նոր ներդրումային նախաձեռնությունների, գործընկերությունների և երկարաժամկետ համագործակցությունների ձևավորման համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930