2024 թվականին, գործադիրի որոշմամբ, «Պիոն» ՍՊԸ-ին թույլատրվել էր օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը Ֆանտան համայնքում կառավարության աջակցությամբ հիմնեց 4,3 հա տարածքով ջերմատուն, որտեղ աճեցնում են հոլանդական վարդեր եւ պիոններ: Ինչպես նաեւ՝ այս ընկերությունը նախատեսում էր իրականացնել 3 մլրդ դրամի ներդրում՝ սարքավորումների եւ հումքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում մինչեւ 2028 թ. ընկած ժամանակահատվածում նախատեսվում է ստեղծել 60 նոր աշխատատեղ:
Երկու ամիս առաջ Նիկոլ Փաշինյանն անձամբ այցելել էր ջերմատուն, վարդը ձեռքին ման եկել եւ խոստացել, որ պետությունն ամեն ինչ կանի, որ այս ջերմոցի արտադրանքն արտահանվի: Ընկերության աճեցրած հոլանդական վարդերն առաջին անգամ պետք է արտահանվեին մայիսին: Սակայն հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական զգալի սահմանափակումներից հետո ընկերությունը ոչ միայն չի կարողանում ծաղիկներն արտահանել եվրոպական երկրներ, այլեւ անգամ ինքնարժեքից ցածր չի կարողանում վաճառել:
Ընկերության հիմնադիր Ֆաբրիս Արման Փինարբասի Հակոբը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին վարդերը վաճառվում են Հայաստանում եւ Վրաստանում՝ ինքնարժեքից ավելի ցածր գնով. «Այս ճգնաժամից, միանշանակ, տուժում ենք: Այս պահին ուղիներ ենք փնտրում, քննարկումներ անում, թե որ երկիր ծաղիկներն արտահանենք: Դեռ պետք է նմուշներ ուղարկենք, բանակցություններ անենք: Այս պրոցեսի մեջ ենք: Այս պահին վարդի գներն ինքնարժեքից պակաս ենք վաճառում թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում: Բայց քանի որ էլ Ռուսաստանի շուկա չենք կարողանում տանել, մինչեւ եվրոպական շուկաներ գտնենք, իսկ ծաղիկն օր-օրի աճում է, եւ պետք է վաճառք լինի, եթե ոչ՝ ծաղիկները պետք է թափվեն: Հիմա կորստով ենք աշխատում»:
Ջերմոց եք հիմնել, բավականին ներդրում արել` եւ առաջին անգամ պետք է ծաղիկ արտահանեիք, դրա փոխարեն կորստով եք աշխատում, իսկ եթե ուղիներ չգտնեք, ի՞նչ պետք է անեք։ «Դե, ջերմոց է, կարող ենք ծաղիկները փոխել՝ վարունգ դնել, լոլիկ, սալաթ: Բայց հիմա մենք վարդեր ենք դրել, եթե չարդարացնի, շատ մեծ կորուստ կունենանք՝ կթափենք»: Իսկ եթե լոլիկ ու վարունգ դնեք եւ դա էլ չկարողանաք արտահանե՞լ։ «Դե, դա ես օրինակ բերեցի, եթե այսպես շարունակվի, պետք է ուսումնասիրենք, դնենք մի բան, որ կարողանանք ներքին շուկայում վաճառենք»:
Կարդացեք նաև
Նելլի Կարապետյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































