Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգը բարձրացրին

Ապրիլ 28,2009 00:00

\"\"Տղաները կկարողանա՞ն կրկնել աղջիկների հաջողությունը

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի (ՀԹՖ) մամուլի քարտուղար Արեւիկ Ուդումյանը երեկ տեղեկացրեց, որ ապրիլի 20-27-ը Մալթայում անցկացված «Fed Cup»-ի կանանց թիմային առաջնության եվրոաֆրիկյան տարածաշրջանի 3-րդ ենթախմբում հաղթելուց հետո՝ Հայաստանի թենիսի կանանց հավաքականը վերադառնում է Երեւան:

Լյուդմիլա Նիկոյան-Աննա Մովսիսյան-Օֆելյա Պողոսյան-Նաիրա Խաչատրյան կազմով մեր քառյակը (թիմի ավագը Աննա Գասպարյանն էր) անցկացրած բոլոր հանդիպումներում պարտության է մատնել մրցակիցներին՝ Լիխտենշտեյնին, Եգիպտոսին, Մոլդովային, Իսլանդիային, Նորվեգիային եւ, դառնալով խմբի հաղթող, բարձրացրել է կարգն ու 2010 թվականին «Fed Cup»-ի մրցաշարի եվրոաֆրիկյան տարածաշրջանի երկրորդ ենթախմբի խաղերին մասնակցելու իրավունք նվաճել:

Լյուդմիլա Նիկոյանը, որը վերջին տարիներին ապրում եւ մարզվում է Պորտուգալիայում, միջազգային դասակարգման վարկանիշային ցուցակում մենախաղերում զբաղեցնում է 735-րդ հորիզոնականը, իսկ զուգախաղերում՝ 615-րդը: Հայաստանի թիվ մեկ ռակետ Աննա Մովսիսյանը, համապատասխանաբար, 776-րդ եւ 592-րդն է, Օֆելյա Պողոսյանը՝ 886-րդը եւ 829-րդը:

ՀԹՖ մամուլի քարտուղարը տեղեկացնում է նաեւ, որ մեր հանրապետության տղաների հավաքականը մեկնեց Կոտ Դ՝ Իվուար, որտեղ մասնակցելու է «Davis Cup»-ի տղամարդկանց թիմային առաջնության եվրոաֆրիկյան տարածաշրջանի 4-րդ ենթախմբի խաղերին: Մեր հավաքականի կազմում են Հարություն Սոֆյանը, Աշոտ Գեւորգյանը, Հենրիկ Նիկողոսյանը: Թիմի ավագը Վահե Ավետիսյանն է: Բացի տանտերերից, Հայաստանի ընտրանու մրցակից երկրներն են լինելու Գանան, Զիմբաբվեն եւ Կամերունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել