Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ԷԼ ԵՄ ՈՒԶՈՒՄ…»

Դեկտեմբեր 17,2009 00:00

Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն անհանգստացած են

«Գրեթե միշտ մանկապարտեզից տուն բերելուց հետո իմ աղջիկն ասում է, որ ուզում է միզելու համար ոչ թե նստել, ինչպես միշտ, այլ՝ կանգնած միզել: Նա նաեւ ասում է, որ իրենց խմբի Էդգարիկը, Սաքուլիկը, Աշոտիկը այդ գործողությունը կանգնած են անում, այդ պատճառով ինքն էլ է ուզում կանգնած հոգալ իր բնական կարիքները: Մինչեւ կարողանում եմ 3.5 տարեկան աղջկաս բացատրել, որ ինքը, ի տարբերություն տղաների, չի կարող այդպես միզել, հաջորդ օրը նա մեկ այլ հարցադրմամբ է գալիս տուն ու պարզաբանումներ խնդրում սեռական օրգանների հետ կապված: Այդ տարբերությունը նա տեսել է մանկապարտեզի զուգարանում»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի մտահոգություն է հայտնել մանկապարտեզ հաճախող մի երեխայի մայրիկ: Նրա պատմելով՝ հատկապես աղջիկների ծնողները ամեն օրվա վերջում, երբ ուզում են տուն տանել իրենց երեխաներին, նախատում են դայակին այն բանի համար, որ տղաներին ու աղջիկներին իրար հետ է տանում զուգարան: Կնոջ խոսքերով՝ «Հասկանալի է, որ նրանք երեխաներ են, եւ նրանց ամեն ինչ շատ հետաքրքիր է, հատկապես՝ սեռական օրգանների հետ կապված: Սակայն հաշվի առնելով, որ այսօր թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ դրսում մեր երեխաները կարող են ինչ ասես սովորել ու անել՝ մենք հնարավորինս փորձում ենք հեռու պահել մեր բալիկներին հեռուստացույցից ու վատ շրջապատից: Բայց մանկապարտեզ նրանց չենք կարող չտանել: Մենք ամեն օր զգում ենք, որ մեր մանկահասակ երեխան սեռական օրգանների, համբույրի ու սեռական շփումների մասին նորանոր գիտելիքներ է այնտեղ ձեռք բերում, ընդ որում՝ հիմնականում դայակի անզգուշության պատճառով, որը աղջիկներին եւ տղաներին միասին է զուգարան տանում»:
Այս առնչությամբ մենք մայրաքաղաքի տարբեր մանկապարտեզներից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են ուշադրություն դարձնում, որ հակառակ սեռի երեխաները միասին զուգարան չգնան: «Մեզ մոտ երբեք չի եղել, որ աղջիկն ու տղան միասին մտնեն պետքարան: Մենք ընդհանրապես թույլ չենք տալիս, որ երկու հոգի միաժամանակ լինեն զուգարանում: Դայակը բոլորին հերթ է կանգնեցնում եւ սկզբում աղջիկներին, հետո տղաներին՝ մեկ առ մեկ ուղարկում է»,- ասացին թիվ 131 մանկապարտեզից: Թիվ 35 մանկապարտեզի աշխատակիցները նույնպես վստահեցրին, որ իրենք երբեք չեն թողնում, որ երեխաներն ինքնուրույն մտնեն զուգարան, այն էլ՝ իրար հետ. «Բացառվում է, որ աղջիկ ու տղա մտնեն ու իրար օրգաններ տեսնեն»: Հաղթանակ գյուղում գտնվող թիվ 115 մանկապարտեզի տնօրենը մեզ հետ զրույցում չբացառեց, որ երեխաներն իսկապես կարող են զուգարանում իրար մերկ տեսնել եւ հետաքրքրվել սեռական օրգաններով. «Մենք, ճիշտն ասած, աղջիկներին եւ տղաներին միասին ենք տանում զուգարան: Մեր ժամանակ ահագին մեծ երեխաներն անվերապահորեն հավատում էին, որ իրենց բերել է արագիլը կամ կաղամբի միջից են դուրս եկել: Հիմիկվա երեխաներից ինչ ասես՝ կարելի է սպասել»: Նշենք, որ հատկապես մասնավոր մանկապարտեզներում այդ հարցը խիստ է դրված եւ տղաների ու աղջիկների զուգարաններն առանձնացված են: Այդպես է, օրինակ, «Հրաշք տնակ», «Հրաշք մանկիկ», «Օկի-Դոկի» մանկապարտեզներում: «Թեեւ մեզ մոտ զուգարաններն առանձնացված են, սակայն երբեմն պատահում է, որ երեխաները գիշերանոթի (գարշոկի) վրա են նստում որոշ ժամանակ, այդ ընթացքում հնարավոր է այլ սեռի երեխաներից մեկը տեսնի նրա սեռական օրգանները, որն անխուսափելի է: Իսկ ընդհանրապես, հասկանալով, որ դա խնդիր է, մենք հնարավոր ամեն ինչ անում ենք, որ նման մտահոգություն ծնողները չունենան»,- ասացին «Օկի-Դոկիից»:
Նշենք, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանում զուգարանները եվրոպական ոճի են եւ նույնիսկ դուռ չունեն: Ուստի այլ մանկապարտեզներից հորդորեցին ուշադրություն դարձնել հատկապես այդ նախակրթարանի վրա՝ հաշվի առնելով, որ այդպիսի զուգարաններում երեխաները ստիպված են միմյանց կիսամերկ տեսնել օրվա մեջ մի քանի անգամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել