Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞ՐԲ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

Փետրվար 04,2010 00:00

2010 թվականի ամուսնությունների հորոսկոպը բացահայտում է հարսանիքների լավ ու վատ ամիսները

Մեր երկրում ամուսնանալ ցանկացող զույգերը հաճախ Տիառն ընդառաջի օրն են որոշում հարսանիք անել: Մարդիկ այս դեպքում լուրջ  խնայողություն են անում. երկու ծախսը միացնում են եւ մի սեղանով թե՛ հարսանիքի, թե՛ Տիառն ընդառաջի արարողության տակից դուրս են գալիս: Ի տարբերություն հայերի, օրինակ՝ ռուսները, հարսանիքի օր նշանակելու հարցում շատ ավելի սնահավատ են եւ չեն կարող մեզ պես, ասենք, առաջիկա շաբաթ օրը նշանակել ամուսնության օր: Նրանք մանրամասն ուսումնասիրում են տվյալ տարվա ամուսնությունների հորոսկոպը, տեսնում, թե որ ամսվա որ օրն է առավել հաջող՝ ընտանիք կազմելու համար, ճշտում, թե այդ օրը լուսինը քանի օրական է՝ նոր որոշում կայացնում: 
Ընդհանրապես, շատ երկրներում առավել ընդունված է հարսանիքի օրը նշանակելիս նախապատվությունը տալ 7 թվի առկայությանը, քանի որ 7-ը համարվում է հաջող թիվ: Հայաստանում նույնպես 7-ը սիրված թիվ է, եւ շատերն են ցանկանում ամուսնանալ ամսվա 7-րդ օրը, այդ մասին է վկայում նաեւ այն, որ 2007 թվականի հուլիսի 7-ին եկեղեցիներում ամուսնությունների «բում» էր, ինչ է թե՝ այդ օրը 7.07.2007 ամսաթիվն էր: Ի դեպ, վերջին շրջանում շատ նորաձեւ է դարձել, այսպես ասած՝ «գոլդ» ամսաթվերին ամուսնանալը եւ «գոլդ» ամսաթվով երեխա ունենալը: Այդ է պատճառը, որ կեսարյան հատմամբ ծննդաբերությունների ժամանակ ծնողներն այնպես են հարմարեցնում երեխայի ծնունդը, որ այդ օրը կրկնվող թվերով լինի:
Ինչ վերաբերում է ամուսնություններին, www.beauty-code.ru, www.wewomen.ru, www.svadbavblage.ru, www.eka-mama.ru կայքերում զետեղված 2010-ի հորոսկոպի համաձայն, օրինակ, ողջ փետրվար ամիսը համարվում է հաջող՝ հարսանիքների համար: Այս ամսվա ընթացքում ամուսնացածների կյանքը, ըստ հորոսկոպի, հիմնված կլինի փոխադարձ վստահության, հավատարմության եւ փոխհամաձայնեցման վրա: Անկախ նրանից, թե զույգերը հորոսկոպի ինչ նշանին են պատկանում՝ խոյ են, ձուկ, թե առյուծ՝ փետրվարին ամուսնանալու դեպքում փոխհամաձայնեցված եւ երջանիկ կյանք կունենան: Ռուսաստանում առհասարակ ամուսնությունների համար մեծ տեղ են տալիս փետրվարին, հատկապես՝ որպես հարսանիքի օր ընտրելով փետրվարի 14-ը՝ Վալենտինի տոնը եւ փետրվարի 29-ը, որը հազվագյուտ, հետաքրքիր օր է համարվում, քանի որ այն 4 տարին մեկ է լինում:
Ի տարբերություն փետրվարի՝ մարտը ոչ այնքան հաջող է համարվում ամուսնությունների համար: Չնայած այն գարնան առաջին ամիսն է, դրական էմոցիաներ է առաջացնում մարդկանց մեջ, նոր սիրո, նոր զգացմունքների սկիզբ է խորհրդանշում, սակայն մարտը նորապսակներին ջերմություն չի խոստանում: Մարտին ամուսնացողները միմյանցից օտարացած կապրեն եւ չեն կարողանա իրար հետ լեզու գտնել: Ապրիլը ամուսնացողներին խոստանում է փոփոխություններով ու ծայրահեղություններով լի կյանք՝ մերթ խիստ սառնություն, մերթ՝ ջերմություն: Այսինքն՝ ոչ մշտական երջանկություն: Հորոսկոպներում ապրիլը համեմատվում է զեբրի սեւ ու սպիտակ գծերի հետ:
Չնայած Հայ առաքելական եկեղեցին մեծ ջանքեր է թափում, որպեսզի ցրի մարդկանց անտեղի մտավախությունները՝ մայիս ամսվա հետ կապված, սակայն այս տարվա հորոսկոպը հաստատում է հայտնի խոսքը. մայիս՝ վայիս: Եթե, այնուամենայնիվ, զույգերը որոշեն մայիսին հարսանիք անել, ըստ հորոսկոպի, ամուսնացողների կյանքը դավաճանություններով լի եւ անհաջող կլինի: Ընտանիք կազմելու համար բավականին լավ ամիս է հունիսը: Հունիսին ամուսնացողների ողջ կյանքը պետք է անցնի մեղրամսի պես:
Հուլիսը նույնպես վատ ամիս չի համարվում, սակայն խոստանում է զույգերին, բացի ուրախություններից, նաեւ շատ տանջալի օրեր, այսինքն՝ կլինեն վատն ու լավը հավասարապես: Օգոստոսը հրաշալի ամիս է, ասում են՝ ովքեր օգոստոսին կամուսնանան՝ միմյանց համար ողջ ամուսնական կյանքի ընթացքում կլինեն սիրեկաններ եւ ընկերներ, միշտ հոգ կտանեն միմյանց մասին եւ կլինեն նախանձելի զույգեր:
Ամուր ամուսնություն է խոստանում աշնան առաջին ամիսը՝ սեպտեմբերը: Կյանքը կանցնի հանգիստ, խաղաղ՝ առանց ավելորդ ալեկոծությունների ու բեկումային իրադարձությունների:
Նշենք, որ շատ երիտասարդներ դեռեւս նախորդ տարվանից պլանավորել են ամուսնանալ այս տարա հոկտեմբերի 10-ին, որպեսզի հարսանիքի օրը դարձյալ «գոլդ» լինի՝ 10.10.2010թթ.: Սակայն, ըստ կանխագուշակումների, դժվար եւ ծանր կյանք է սպասվում հոկտեմբերին ամուսնացողներին, ուստի ցանկալի չէ հոկտեմբերի որեւէ օր հարսանիք անել: Պետք է այդ որոշումը հետաձգել մեկ ամսով, որովհետեւ նոյեմբերը ամուսնացողներին ուրախ կյանք է խոստանում: Հատկապես հարսները հեշտ կհամակերպվեն իրենց նոր ընտանիքին ու կյանքին եւ կխուսափեն հետամուսնական դեպրեսիայից: Նոյեմբերը նաեւ հարուստ կյանք է խոստանում: Դեկտեմբերը նույնպես լավ ամիս է՝ ընտանիք կազմելու համար: Հայերը հատկապես սովորություն ունեն դեկտեմբերի վերջին օրերին հարսանիք անել, որպեսզի հարսը իրենց տանը դիմավորի Նոր տարին: Մասնագետներն ասում են, որ հատկապես 2010-ին այդ սովորությունը լավ արդյունքներ կունենա, որովհետեւ ընդհանրապես դեկտեմբեր ամսվա ընթացքում ամուսնացածների ընտանիքներում կիշխի սերն ու փոխըմբռնումը:
Չնայած արդեն հունվարը ետեւում է, հորոսկոպում նշված է, որ այդ ամսվա ամուսնությունները հիմնականում ավարտվում են դժբախտությամբ. կինը դառնում է այրի, տղամարդը՝ ամուրի, այսինքն՝ հաճախ զույգերից մեկը վաղաժամ մահանում է: Նրանք, ովքեր, այնուամենայնիվ, հունվարին են ամուսնացել, թող չանհանգստանան այս կանխագուշակումից, որովհետեւ դրանք խիստ ընդհանրացված են: Մեծ նշանակություն ունի, թե զույգերից յուրաքանչյուրը հորոսկոպի որ նշանին են պատկանում, որ մոլորակի հովանավորության ներքո են, ամուսնության օրը լուսինը քանի օրական է եւ այլ հարցեր: Այնպես որ, պետք չէ ամեն ինչ միանշանակ ընդունել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728