Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՐՔԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ՉԷ

Հուլիս 30,2010 00:00

Սյունիքում հացահատիկի բերքատվությունը բարձրացնելու համար անհրաժեշտ են լավ սերմ եւ մեքենատրակտորային կայաններ

2009 թվականի հուլիսի 8-ին՝ «Սյունիքում բերքի հույս գրեթե չկա» հրապարակմամբ, տեղեկացրել էինք, որ հորդառատ անձրեւն ու կարկուտը բավականին մեծ վնասներ են հասցրել Սյունիքի գյուղատնտեսությանը, գյուղացիական տնտեսությունները բերքի հույս գրեթե չունեն: Ցավոք, պատկերը կրկնվեց նաեւ այս տարի: Ապրիլի 8-ին տեղեկացրինք, որ այս գարնանը՝ ձյան եւ ցրտահարության հետեւանքով, մարզի պտղատու այգիներին ու նորատունկ տնկիներին հասցված վնասի չափը կազմում է 130,270 միլիոն դրամ: Մարզում, ընդհանուր առմամբ, վնասվել է 379 հեկտար տարածք:
Սյունիքի մարզի ցածրադիր գոտիներում՝ հիմնականում Կապանի եւ Գորիսի տարածաշրջանում, սկսվել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը: Այսօրվա դրությամբ, մարզում կատարված 16 հազար հեկտար աշնանացանից եւ գարնանացանից արդեն հնձվել է 4050 հա գարի եւ ցորեն: Սակայն, ինչպես Սյունիքի մարզպետարանի գյուղվարչության պետ Քաջիկ Խաչատրյանն է հավաստում, բերքատվությունը, ինչպես եւ կանխատեսվում էր, բավականին ցածր է. «Մեկ հեկտարից ստացված միջին բերքը 8-9 ցենտները չի գերազանցում: Սա բավականին ցածր ցուցանիշ է: Անցած տարվա անբարենպաստ պայմաններում անգամ, մեկ հեկտարից ստացվեց միջինը 13,4 ցենտներ հացահատիկ: Գարնանային ցրտահարությունն իր խոսքն ասել է: Մարզի վերին գոտիներում դեռեւս բերքը հասունացած չէ: Դժվար է ասել` կհասցնի՞ հասունանալ, թե ոչ: Եղանակներից է կախված: Անցած տարի 2 հազար հեկտար հաճարի ցանքերը դժվարությամբ հնձվեցին»,- նշում է զրուցակիցս:
Ցածր բերքի հիմնական պատճառներից է նաեւ անորակ սերմը: Մարզում ցանքի համար հիմնականում օգտագործվում է սեփական արտադրության կամ անհայտ ծագումով սերմ, որ ոչ թե երկրորդ կամ երրորդ վերարտադրության է, այլ, ինչպես պնդում է մարզպետարանի գյուղվարչության պետը, 8-րդ, 10-րդ վերարտադրության: Այս դեպքում ի սկզբանե չարժե նույնիսկ դրական արդյունք ակնկալել:
Սերմի խնդիրը որոշ չափով կլուծվի, եթե մարզին հատկացվի սերմանյութի պաշար: «Կառավարության աջակցությամբ, հանրապետություն կներկրվի 1000-2000 տոննա էլիտար սերմացու՝ գյուղացիական եւ ֆերմերային տնտեսություններին անհատույց հատկացնելու համար: Սյունիքին կտրամադրվի մոտ 100-150 տոննա սերմանյութ, ինչը կբավարարի մարզի պահանջարկը 30-40%-ով: 2011-ին կունենանք 400-500 տոննա որակյալ սերմ, ինչը անհատույց կարող ենք տրամադրել համայնքներին՝ որ հետագայում իրենք իրենց սերմի հարցը լուծեն: Դրանով կլուծենք առաջիկա 3-4 տարիներին սերմի խնդիրը: Հուսով ենք, որ առաջիկա 15-20 օրերին սերմանյութը կհասնի Հայաստան»,- նշում է գյուղվարչության պետը:
Հացահատիկի բերքահավաքին զուգահեռ, ընթանում է նաեւ անասնակերի՝ խոտի եւ ծղոտի կուտակման աշխատանքը: Մարզում արդեն կուտակվել է 13-14 հազար տոննա խոտ: Այսօվա դրությամբ, բավականին լավ արդյունք է, աշխատանքները շարունակվում են, եւ գյուղացիները հույս ունեն, որ անասնակերի խնդիր չի լինի: Իսկ մրգի խնդիր կա: Գարնանային ցրտահարությունների, հորդառատ անձրեւների եւ աննախադեպ ձյան պատճառով այս տարի Սյունիքում միրգ, գրեթե, չկա: Տարին հատկապես անբարենպաստ էր կորիզավորների համար՝ բալի, դեղձի, ծիրանի, նաեւ տանձի եւ խնձորի: Որոշակի բերք կա, սակայն՝ անորակ: Մրգերի գները այս տարի շուկայում անհամեմատ բարձր են եւ էժանացման միտումներ չեն նկատվում:
Մարզի գյուղատնտեսության համար թերեւս ամենագլխավորը գյուղտեխնիկայի խնդիրն է: «Մարզի դաշտերում այսօր բերքահավաքը կատարվում է հին, սովետական «Նիվա» մակնիշի կոմբայններով, որոնք 30-35 տարվա վաղեմություն ունեն: Դրանց շահագործումը վտանգավոր է, բայց այլ ելք չկա, այդ կոմբայնները վերանորոգում եւ աշխատեցնում ենք: Վերջին երեք տարիներին մարզ է ներկրվել ճապոնական փոքրածավալ, ավելի արագ աշխատող 16 հացահատիկահավաք նոր կոմբայն: Կառվարության որոշմամբ, այս տարի մարզերում կստեղծվեն մեքենատրակտորային կայաններ: Սյունիքում նախատեսված է ստեղծել մեկ կայան: Առաջիկայում կճշտվի կայանի տեղը: Մարզում ՄՏԿ ունենալը հնարավորություն կտա վարուցանքը ժամանակին եւ մատչելի գներով կազմակերպել: Այդ խնդիրը հրատապ է այսօր: Հետագայում հնարավորություն կունենանք մարզի յուրաքանչյուր տարածաշրջանում ունենալ մեկական ՄՏԿ»,- եզրափակում է Քաջիկ Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031