Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ նախագահը չի վստահում ԲԽ մրցավարներին

Հոկտեմբեր 09,2010 00:00

\"\"ՀՖՖ մամուլի քարտուղարության տարածած տեղեկատվության համաձայն, Ռուբեն Հայրապետյանն այդ մասին հայտարարել է ֆեդերացիայում հրավիրված բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որի նպատակը մրցավարության ոլորտում առկա խնդիրների քննարկումն է եղել:
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարել է, որ դժգոհ է բարձրագույն խմբի առաջնության հանդիպումները սպասարկող մրցավարների աշխատանքից եւ տեղեկացնելով, որ նկատի ունենալով առաջացած բարդ իրավիճակը, որոշվել է հրաժարվել բարձրագույն խմբի առաջնությունը սպասարկող մրցավարներից: Եվ որպեսզի մրցաշարը չվտանգվի, Ռուբեն Հայրապետյանն առաջարկել է այդ գործը վստահել մանկապատանեկան առաջնություններում գործող մրցավարներին: Նա հույս է հայտնել, որ վերջիններս կձգտեն առավելագույն անաչառությամբ սպասարկել խաղերը՝ մրցավարական կարիերայում առաջընթացի բացառիկ հնարավորությունը լավագույնս օգտագործելու համար եւ խնդրել ակումբների ղեկավարներին՝ աջակցել երիտասարդ մրցավարներին:
Քանի որ Հայաստանի բարձրագույն խմբի հերթական առաջնությունը մոտենում է եզրագծին եւ որոշ հանդիպումների նշանակությունը մարզական առումով շատ բարձր է, ՀՖՖ նախագահն առաջարկել է անհրաժեշտության դեպքում եւ ակումբների ցանկությամբ դրանք վստահել արտասահմանցի մրցավարներին:
ՀՖՖ գործկոմի առաջիկա նիստում քննարկվելու է մրցավարության մակարդակի բարձրացման հարցը եւ նախանշվելու են այն ուղղությունները, որոնց իրականացումը թույլ կտա կատարելագործել մրցավարների մասնագիտական որակները:
Բոլոր ակումբների ղեկավարները ներկայացված առաջարկություններին հավանություն են տվել՝ տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել