Լրահոս
Օրվա լրահոսը

Վաստակած հաղթանակ

Հոկտեմբեր 09,2010 00:00

\"\"Վերջապես: Վերջապես Հայաստանի ազգային հավաքականը պաշտոնական հանդիպումում երջանկացրեց իր երկրպագուներին՝ Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Յուրի Մովսիսյանի, Գեւորգ Ղազարյանի եւ Հենրիխ Մխիթարյանի խփած գոլերի շնորհիվ 3:1 հաշվով տպավորիչ հաղթանակ տանելով «B» խմբի ֆավորիտներից մեկի՝ Սլովակիայի ընտրանու նկատմամբ: Սա մեր հավաքականի կատարմամբ այն եզակի խաղերից մեկն էր, երբ հանգիստ կարելի է ասել, որ թիմի բոլոր օղակները հանդիպման սկզբից մինչեւ վերջին վայրկյանը գործեցին նվիրումով ու արժանիորեն վարձահատույց եղան: Իհարկե, կային նաեւ վրիպումներ եւ սխալներ, ինչից ոչ մի թիմ զերծ չէ, սակայն, բարեբախտաբար, այս անգամ դրանք անհամեմատ քիչ էին: Հաղթանակը ձեռք բերվեց խաղային բարձր կարգապահության, թիմային սառնասիրտ ու վստահ գործողությունների շնորհիվ: Արժանին պետք է մատուցել նաեւ մեր հավաքականի մարզիչներին, որոնք ճիշտ էին կառուցել խաղը եւ ֆուտբոլիստներից յուրաքանչյուրին ճիշտ հանձնարարություններ էին տվել:
 Իսկ ինչ վերաբերում է սլովակներին, հատկապես ֆուտբոլիստները հաստատ թերագնահատել էին մրցակցին: Դա պարզ երեւում էր դեռ խաղից առաջ նրանց արած հայտարարություններում: Սակայն մերոնք ցույց տվեցին, որ արդեն ի վիճակի են լավ ֆուտբոլ խաղալ ու հաղթել:
Հաջորդ հանդիպումը հոկտեմբերի 12-ին է՝ խմբի ետնապահ Անդորրայի հավաքականի հետ: Ֆուտբոլասերները սպասում են մեր ազգայինից նոր հաղթանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել