Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Տեր-Սահակյանը շարունակում է հաղթարշավը

Հոկտեմբեր 28,2010 00:00

\"\"Հայաստանցի 18-ամյա գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը շարունակում է հաղթարշավը Հունաստանի Պորտա Կարրաս քաղաքում ընթացող 8-18 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունում: Շնորհաշատ պատանին մեկօրյա հանգստից հետո կայացած յոթերորդ տուրում նոր հաջողության հասավ: Այս անգամ նա սպիտակներով 42-րդ քայլում պարտության մատնեց Իսպանիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Անգել Արիբաս Լոպեզին եւ 6,5 միավորով ամրապնդեց դիրքերը մրցաշարային աղյուսակում:
Երեկ՝ ութերորդ տուրում, Սամվելը կրկին սպիտակներով խաղում էր 5,5 միավորով 2-4-րդ տեղերը բաժանող իսրայելցի Տալ Բարոնի հետ եւ եթե առավելության հասներ նաեւ նրա նկատմամբ, մրցաշարի ավարտից երեք տուր առաջ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու լուրջ հայտ կներկայացներ:
Պորտա Կարրասում հանդես եկող մեր հանրապետության 19 շախմատիստներից մրցման յոթերորդ օրվա ավարտին համեմատաբար հաջող էր հանդես գալիս 12 տարեկան տղաների պայքարում հանդես եկող Մանուել Պետրոսյանը: Նա վաստակել էր 5,5 միավոր եւ 156 մասնակիցների մեջ 6-րդն էր:
Ուշ երեկոյան տեղեկացանք, որ Սամվելն ու Տալը 22-րդ քայլում համաձայնել են ոչ-ոքիի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել