Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆՔ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ

Նոյեմբեր 02,2010 00:00

\"\"Վստահեցնում է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը:

– Նույն օրերին, երբ լրագրողական կազմակերպությունները պայքարում էին բազմաթիվ թերություններով լի եւ առանց հասարակական կազմակերպությունների եւ անգամ խորհրդարանի հետ որեւէ նախնական քննարկում անցած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի ընդունման դեմ՝ ՀՀ-ում Եվրամիության պատվիրակությունը հունիսի 10-ին հանդես եկավ հայտարարությամբ՝ Հայաստանում ԵՄ անդամ երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների անունից, որով ողջունում էր «հեռարձակման ոլորտը կարգավորող օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը հասարակական քննարկումների առարկա դարձնելու կառավարության պատրաստակամությունը, ինչպես նաեւ այն փաստը, որ ներկայումս քննարկվող տեքստում արդեն իսկ տեղ են գտել որոշ դրական փոփոխություններ, որոնք համահունչ են ԵԽ-ի, քաղաքացիական հասարակության եւ ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի առաջարկներին»: Կարելի՞ է ասել, թե ողջույնի այս խոսքով հիմա ԵՄ պատվիրակությունը կիսում է պատասխանատվությունը, որ մրցույթներն անցնում են այս թերություններով լի օրենքով:
– Ես զարմացած եմ Հայաստանում ԵՄ անդամ երկրների առաքելությունների հայտարարության վերաբերյալ ձեր մեկնաբանությունից: Փաստորեն, չեք մեջբերել հայտարարությունն ամբողջությամբ: (Ուշադրություն հրավիրենք, որ մեր հարցն առանց այն էլ շատ մեծ է.- Ա. Ի.): Այն շարունակվում է այսպես. «ԵՄ առաքելությունների ղեկավարները խրախուսում են կառավարությանը եւ օրենսդիրներին՝ սերտորեն շարունակել աշխատանքները քաղաքացիական հասարակության, Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ փորձագետների հետ՝ օրենքն էլ ավելի միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով, որն իր հերթին կհանգեցնի Հայաստանում մամուլի բազմակարծության եւ բազմազանության ընդլայնմանը»: Մեր հայտարարությունը հստակ ազդանշան է Հայաստանում լրատվամիջոցների ազատությանը ԵՄ կողմից տրվող կարեւորության վերաբերյալ: Ես ողջունում եմ այն փաստը, որ օրենքի հետագա փոփոխությունների գործընթացն այժմ ընթանում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հովանու ներքո, եւ խրախուսում եմ բոլոր շահագրգիռ կողմերին՝ ակտիվորեն աշխատել Հայաստանում լրատվամիջոցների բազմակարծության եւ ԶԼՄ-ների ազատության հետագա ընդլայնման ուղղությամբ:
– ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի Դունյա Միյաթովիչը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշված է, թե արված փոփոխությունները չեն նպաստել հեռարձակման բազմակարծությանը, եւ հաշվի չեն առնվել այն առաջարկները, որոնք ունեն կարեւոր նշանակություն՝ թվային հեռարձակման հարթ անցման համար: Հետագայում նաեւ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները քննադատեցին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում արված այդ փոփոխությունները: Ըստ այդմ` կարո՞ղ ենք եզրակացնել, որ այս հարցում ԵՄ պատվիրակության հայտարարությունը հակասում էր եվրոպական այլ մարմինների դիրքորոշմանը:
– Ես մերժում եմ գաղափարը, որ ԵՄ-ն եւ ԵԱՀԿ-ն ունեն տարբեր մոտեցումներ այս հարցի շուրջ: Մենք սերտ կապերի մեջ ենք ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի ու նրանց փորձագետների հետ: Լրատվամիջոցների ազատության ոլորտում ԵՄ-ն խրախուսել է կառավարությանը շարունակել խորհրդատվությունը ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի եւ քաղաքացիական հասարակության հետ ու հաշվի առնել նրանց կարծիքներն օրենքի վերաբերյալ: Մենք մեծապես հետաքրքրված ենք, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի հետագա փոփոխությունների գործընթացում լիովին հաշվի առնվեն ԵԱՀԿ, ԵԽ եւ քաղաքացիական հասարակության առաջարկությունները: Եվրամիությունը պատրաստ է ընդլայնել կոնկրետ աջակցությունն այն բարեփոխումներին, որոնք առնչվում են լրատվամիջոցների ազատությանը:
– Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ այժմ հայտարարված 18 մրցույթներից միայն 16-ի դեպքում կա իրական մրցակցություն:
– Ձեր հարցը չի համապատասխանում մեր տեղեկություններին: Մենք կապի մեջ ենք Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հետ եւ ուշադրությամբ հետեւում ենք թվային ցանցով հեռուստատեսային հեռարձակման արտոնագրման ընթացիկ մրցույթներին՝ ԵԱՀԿ-ի եւ ԵԽ-ի հետ սերտ համագործակցությամբ: Մրցույթը դեռ չի ավարտվել, այնպես որ՝ շատ վաղ է խոսել արդյունքների մասին:
– 2008-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն «Ա1+» հեռուստատեսությանը հեռարձակման արտոնագիր չտրամադրելու վերաբերյալ որոշմամբ միաձայն վճռեց՝ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի, այն է` արտահայտվելու ազատության իրավունքի խախտում: Արդյոք այդ իրավունքի վերականգնումը չպե՞տք է լինի նաեւ այս մրցույթի միջոցով:
– Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն ընդգծում է արտոնագրման պատշաճ ընթացակարգի անհրաժեշտությունը, որը չի խոչընդոտի արտահայտման ազատության իրավունքին: Եվրամիությունը քաջալերում է Հայաստանին ընթացիկ մրցույթն անցկացնել բաց, թափանցիկ եւ արդար կերպով, ինչպես նաեւ դիտարկելով, թե որքանով է յուրաքանչյուր առաջարկ նպաստում բազմազանությանը՝ ընդհանուր հեռարձակման շրջանակներում:

Հ. Գ. Դեսպանը նախընտրեց գրավոր պատասխանել գրավոր տրված հարցերին, ուստի հնարավորություն չենք ունեցել նրանից ստանալ իր պատասխաններից ծնված հարցերի վերաբերյալ պարզաբանումներ: Ասենք, թե արդյոք չի՞ կարծում, որ օրենքի իր այդքան կարեւորած հետագա փոփոխություններն էական կլինեն միայն 10 տարի հետո, երբ կանցկացվեն արտոնագրման նոր մրցույթներ: Կամ՝ արդյոք նույն ՀՌԱՀ-ի կայքէջում չե՞ն տեսել հայտարարությունը, ըստ որի՝ 18 մրցույթներից 16-ին մասնակցում են մեկական ընկերություններ, եւ նրանց մասով մրցույթները փաստորեն արդեն իսկ ավարտված են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել