Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԿՈՒՂՈՒՑ ԴԵՊԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ

Հունիս 23,2011 00:00

Լիսաբոնից դեպի Մադրիդ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման էվոլյուցիոն ընթացքի
մեջ եղել են մի շարք հանգուցային կետեր, որոնք մի կողմից հանրագումարի են բերել նախորդած ժամանակահատվածի բանակցային արդյունքները, իսկ մյուս կողմից հանդիսացել մեկնարկային արդյունք՝ հետագա գործընթացի համար:

\"\"

Միաժամանակ՝ դրանք եղել են գործող իշխանությունների կենսունակության թեստավորման միջոց: Նման առանցքային դրվագների շարքից առանձնանում են հատկապես մի քանիսը՝ 1997թ. առաջարկված փուլային համաձայնագիրը եւ 10 տարի անց՝ 2007թ. առաջարկված Մադրիդյան սկզբունքները, ինչու չէ՝ նաեւ մեր օրերին, քանի որ արդեն բացահայտվել են մադրիդյան նորացված առաջարկությունների ամենակարեւոր կետերը: Ի դեպ, այստեղ հաճախ մոռանում ենք հիշատակել 2001 թ. Փարիզի մասին, բայց սա քննարկման եւ վերլուծության առանձին նյութ է:
Ինչպես գիտեք, առաջին տարբերակը ճակատագրական եղավ գործող իշխանության համար եւ հանգեցրեց վերջինիս հրաժարականին: Սակայն սա 1997թ. տարբերակի նվազագույն չարիքն էր, եթե դա իրոք չարիք կարելի է անվանել: Մինչդեռ կարգավորման գլոբալ համատեքստում 1997 թ. տարբերակը հայկական կողմերի դիրքերն իջեցրեց նվազագույն կետի, որից հետո ահռելի ջանքեր էին պետք գործընթացը բեկանելու եւ նոր ուղով տանելու համար: Ուղիղ մեկ տասնամյակ անց Մադրիդում Մինսկի խումբը հակամարտության կողմերին առաջարկեց կարգավորման նոր սկզբունքներ, որոնք մասնակիորեն հրապարակվեցին եռանախագահների կողմից միայն 2 տարի անց՝ 2009թ. հուլիսին՝ Լ.’Աքվիլայի G-8 գագաթաժողովում: Երկամյա այդ ընդմիջումն անհրաժեշտ էր շահերի եւ դիրքորոշումների ճշգրտման եւ կողմերից համաձայնություն ստանալու համար: Հատկապես մեծ ջանքեր էին անհրաժեշտ՝ կորզելու Ադրբեջանի համաձայնությունը, որը մինչեւ 2009թ. Մադրիդյան առաջարկներին վերաբերվում էր որպես անառակ զավակի եւ փորձում այդ մասին ընդհանրապես չխոսել, հերքում էր անգամ դրանց գոյության փաստը:
Նոր առաջարկների ի հայտ գալը ստիպեց բոլորին համեմատական եզրեր անցկացնել երկու տարբերակների միջեւ: Գնահատականները, սակայն, գերազանցապես քաղաքականացված էին եւ կտրված իրական դատողությունից: Համեմատության մեջ նախ եւ առաջ պետք է շոշափելի լինեն հիմնական հասկացությունների եւ մոտեցումների տարբերությունները եւ հետո միայն դետալային շեղումները: Ի վերջո, ցանկացած գործընթացում տակտիկական քայլերը ինքնանպատակ չեն եւ միտված են կյանքի կոչելու հիմնական տրամաբանությունը:
Ո՞րն էր 1997թ. փուլային տարբերակի տրամաբանությունը. այն Ադրբեջանի դիվանագիտական հաղթանակը համարվող ԵԱՀԿ գործող նախագահի լիսաբոնյան տխրահռչակ հայտարարության շարունակությունն էր՝ ԼՂ «բարձր ինքնորոշում» Ադրբեջանի կազմում ձեւակերպմամբ: Այդ իսկ պատճառով, փաստաթղթի տարբերակում արտացոլված էին գրեթե բոլոր խնդիրները, բացի երկուսից՝ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի սահմանում եւ վերջնական կարգավիճակի որոշում: Խնդրեմ, համեմատեք 1997-2007թթ. տարբերակները ինքներդ, կետ առ կետ (կետերի հաջորդականությունը ըստ 1997թ. տարբերակի).
Նախաբան (1997). որպես խնդրի կարգավորման հիմնական իրավական աղբյուրներ՝ հղում է կատարվում Հելսինկյան հիմնարար սկզբունքներին եւ միջազգային հանրաճանաչ նորմերին՝ առանց մանրամասնելու դրանք, եւ ՄԱԿ-ի ԱԽ տխրահռչակ չորս բանաձեւերին, որոնք Ադրբեջանը ամեն առիթով վկայակոչում է:
Մադրիդյան նախաբանում, ի տարբերություն 1997-ի, որպես խնդրի կարգավորման հիմնական սկզբունքներ՝ հղում է կատարվում արդեն Հելսինկյան եզրափակիչ ակտի կոնկրետ հոդվածներին, որոնք սահմանում են հանրաճանաչ 3 սկզբունքները՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ, վերջապես, հստակ ու բառացի՝ ժողովուրդների ինքնորոշման: Եվ ոչ մի խոսք ՄԱԿ-ի բանաձեւերի մասին:
Նախաբան (1997)-ում կողմերը պարտավորվում են Համաձայնագրի կնքումից հետո շարունակել բանակցությունները ԼՂ վերջնական կարգավիճակը որոշելու նպատակով: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ 1997թ. համաձայնագիրը վերաբերում էր ոչ թե հակամարտության բուն էության, դրա պատճառների, այլ ստեղծված հետեւանքների վերացմանը, այն էլ միակողմանի՝ ադրբեջանական պատկերացմամբ:
Իսկ Մադրիդյան նախաբանում կարգադրվում է մշակել համապարփակ հակամարտության Խաղաղ կարգավորման համաձայնագիր՝ հիմնվելով ներքոշարադրյալ սկզբունքների վրա: Եվ մեկ տող ներքեւ, այդ սկզբունքների շարքում նշվում է ԼՂ կարգավիճակի որոշումը հանրաքվեի միջոցով եւ ներկայացվում մանրամասներ մասնակցության մասին: Իսկ սա նշանակում է, որ ԼՂ կարգավիճակի որոշումը թիվ մեկ առաջնայնությունն է, որին նպատակաուղղված է լինելու կնքվելիք համաձայնագիրը: Ոչ առանց Հայաստանի դիվանագիտական ջանքերի՝ այս դրույթը առաջընթաց զարգացում է ապրել արդի փուլում, երբ 2009թ. հուլիսին Լ.’Աքվիլայում եռանախագահ երկրների նախագահները առաջին անգամ միասնական դիրքորոշում հնչեցրին ինքնորոշման իրավունքի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ԼՂ կարգավիճակի որոշման համար իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության հրամայականների մասին:
Կետ 4-րդ (1997). նախատեսվում է միջազգային խաղաղապահ գործողություն շփման գծի ողջ երկայնքով, սակայն միաժամանակ նշվում է, որ այն տեւելու է 1 տարի՝ երկարաձգման իրավունքով, եթե համապատասխան հանձնարարական լինի ԵԱՀԿ-ի կողմից: Հիմա ստացվում է, որ մի կողմից խաղաղապահ առաքելությունը կարող է լքել շփման գիծը ավելի վաղ, քան հետագա բանակցություններում ԼՂ կարգավիճակի շուրջ համաձայնեցում ձեռք կբերվի, մյուս կողմից՝ այն կարող է հավերժ երկարաձգվել եւ վերածվել աֆրիկյան տիպի նոր առաքելության: Նույնիսկ կարող է շարունակվել Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո: Սա հղի է տարածաշրջանում ուժերի հարատեւ եւ անկայուն վերադասավորման գործընթացով: Իսկ Մադրիդյան տարբերակում հստակ սահմանվում է, որ ապառազմականացումն ու անվտանգությունը դիտարկելու նպատակով Միջազգային խաղաղապահ գործողություն է իրականացվելու մինչեւ Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելը: Եվ ոչ մի երկարաձգում: Սա, անշուշտ, թույլ կտա Լեռնային Ղարաբաղին թե՛ միջանկյալ կարգավիճակում, թե՛ Համաձայնագրի ուժով իր սուվերենությունը հանրաճանաչ դարձնելուց հետո խուսափել խաղաղապահ առաքելության շուրջ Իրան-Արեւմուտք, Արեւմուտք-Ռուսաստան հակասությունների նոր առանցք լինելուց:
Կետ 5-7(1997)-ը անդրադառնում է փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների, այդ թվում եւ երկաթուղու վերաբացման, ազատ շահագործման եւ պատերազմի գերիների հետ կապված հումանիտար հարցերին: Այստեղ խնդրահարույց է մի հանգամանք, այն, որ, ըստ այս տարբերակի, ենթակառուցվածքների վերաբացումը, ապաշրջափակումը պետք է տեղի ունենար անմիջապես սույն համաձայնագրի կնքումից հետո: Փաստորեն, ԼՂ-ն, որը դեռ չէր ունենալու միջանկյալ կարգավիճակ, առավել եւս վերջնական, չէր կարողանալու տնօրինել այդ ենթակառուցվածքների աշխատանքը: Ստացվում էր, որ նախկին խորհրդային ժամանակահատվածի նմանությամբ դրանք լինելու էին ադրբեջանական, մասամբ էլ հայկական (հայաստանյան) հսկողության տակ: Բոլորս հիշում ենք, թե անվտանգության ինչպիսի «բարձր երաշխիքներ» ունեին այդ նույն ենթակառուցվածքները՝ 1988-1991թթ.: Ըստ էության, դրանք ծառայելու էին միայն ադրբեջանական փախստականների անբնական հոսքի տեխնիկական աջակցությանը, նոր «միլիցիաների» տեղափոխմանը փախստականների վերաբնակեցման վայրեր:
Եվ վերջապես, կետ 11-րդ (1997), որը ամենաօրիգինալն է, եւ բառացիորեն կոչ է անում կողմերին բարի կամք դրսեւորել եւ շարունակել բանակցությունները հիմնախնդրի համապարփակ կարգավորման, ներառյալ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի, Լաչինի շրջանի, Շուշիի եւ Շահումյանի շրջանների խնդիրների, լուծման նպատակով: Կատարյալ ողբերգություն: Ոչ միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է թողնվում կողմերի, այսինքն՝ Ադրբեջանի «բարի կամքին» ու հայեցողությանը, այլեւ Արցախի հոգեւոր եւ մշակութային կենտրոն Շուշիի ինչ-որ «խնդիր» է առաջ քաշվում եւ դրվում Լաչինի ու Շահումյանի կողքին: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե այդ ինչ խնդիրների մասին է խոսքը: Այսինքն, խոսքն այստեղ գնացել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, թեկուզ եւ «բարձր ինքնավարությամբ» թողնելու մասին: Նաեւ, եթե 1997 թ.-ին Ադրբեջանի կամքին էր թողնվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճակատագիրը, ապա առնվազն այժմ բարձր մակարդակով հստակեցվել է, որ «խաղաղ կարգավորման հիմնաքարն այն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է իր ճակատագրի տերը»: Այսինքն՝ խոսքը չի գնում «պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի վրա դնելու» մասին, ինչպես մի վերլուծաբան է վերջերս նշել, այլ այն մասին, որ առանց ԼՂ համաձայնության՝ Հիմնարար սկզբունքների ընդունում չի կարող լինել:
Ինչպես տեսնում եք, 1997թ.-ի փուլային տարբերակում ոչ մի բառ անգամ չկա Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի եւ վերջնական կարգավիճակի որոշման, դրա իրականացման մեխանիզմների եւ ուղղակի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման վերաբերյալ: Ի հակադրություն սրա, հրապարակված Մադրիդյան սկզբունքների 6 դրույթներից 2-ը կարգավորում է հենց այս խնդիրները, մասնավորապես՝ հաստատելով, որ միջանկյալ կարգավիճակում ԼՂ-ն փաստացի պահպանում է այն, ինչ ունի այսօր, դրան գումարելով միջանկյալ կարգավիճակի միջազգային ճանաչում, օժանդակություն միջազգային կառույցների կողմից, ընդհուպ մինչեւ ներկայություն ԵԱՀԿ-ում:
Եվ վերջապես, ամենակարեւորը, Մադրիդյան սկզբունքներում հռչակվում է.
«ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ենթադրում է ԼՂ բնակչության կամքի ազատ եւ արդար արտահայտում: ԼՂ բնակչություն հասկացվում է որպես 1988թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերի բնակչություն: Պլեբիսցիտի ընթացքում հարցի ձեւակերպման սահմանափակում չի լինելու»: Սա նշանակում է, որ Ադրբեջանը այլեւս չի կարող գոռգոռալ՝ ինքնորոշում տարածքային ամբողջականության սահմաններում, քանի որ հարցը կարող է ձեւակերպվել թե՛ ԼՂ անկախության եւ թե՛ ՀՀ հետ միանալու տեսքով: Անշուշտ, սա Մադրիդյան փաստաթղթի հիմնաքարն է: Եզրակացնելով իրավասու պաշտոնյաների եւ միջնորդների հայտարարություններից, այն այդպիսին է հանդիսանում նաեւ այսօր: Եթե սրան հավելենք նաեւ վերջին տարիներին մյուս հարցերի (մասնավորապես՝ զիջվող տարածքների)՝ կարգավիճակի հստակության, անվտանգության ապահովման մեխանիզմի, բանակցություններում Արցախի մասնակցության շուրջ ձեռք բերված որոշակի առաջընթացը եւ դետալային ճշգրտումները, հաստատակամորեն կարելի է ասել, որ այսօրվա բանակցային սեղանին դրված փաստաթղթի հնարավորություններն ավելի լայն են, քան դրա քառամյա տարբերակը:

P. S. Նշեմ, որ 1997թ.-ի փուլային տարբերակը բանակցվել եւ համաձայնեցվել էր՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարծիքը հաշվի առնելու: Ավելին, Ադրբեջանը երկար ժամանակ համարել է Լիսաբոնը որպես իր դիվանագիտության հաղթանակ: Արդյունքում այն ամբողջությամբ մերժվեց եւ «վիժեցվեց» ԼՂ իշխանությունների կողմից: Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին, ապա օրեր առաջ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց, որ անհնար կլինի անցնել Խաղաղության համաձայնագրի մշակմանը, եթե Ղարաբաղի կողմից համաձայնություն չլինի հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Իսկ վերոհիշյալ համաձայնագրի մշակմանը եւ պատրաստմանը Լեռնային Ղարաբաղը պետք է միանշանակ մասնակից լինի:
Եթե 1997 թվականին մեր ղեկավարությունն ասում էր, որ միջազգային հանրությունում ոչ ոք չի կիսում մեր դիրքորոշումները, ապա այսօր հաճախ է նշվում, որ Հայաստանի եւ միջազգային հանրության դիրքորոշումները համընկնում են: Նաեւ, հաշվի առնելով բանակցությունների վարման կարգը եւ հատկապես այս հարցում ամենասուր նրբությունները, չեմ կարծում, որ իրատեսական է այսօր բանակցությունների սեղանին դրված բոլոր մանրամասնությունները բացել, սակայն այն դրվագները, որոնք հայկական կողմը եւ միջնորդ երկրներն են ժամանակ առ ժամանակ հրապարակայնացնում, հիմք են տալիս եզրակացնելու, որ հնարավոր չէ այսօրվա համեմատելին դնել անհամեմատելիի կողքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել