«Հաղթահարում էինք ցանկացած մարտահրավեր, քանի որ տանն էինք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է չորս անչափահաս երեխաների մայր, մանկավարժ Նոյեմ Հակոբջանյանը։ Նրա ամուսինը՝ Վլադիմիր Հակոբջանյանը մինչև 44-օրյա պատերազմը Ասկերանի շրջանի Ուղտասարի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենն էր։
Բազմազավակ ընտանիքը նոր էր Ասկերանում սեփական տուն կառուցել և հարակից ընդարձակ հողամասում աճեցնում էին ամեն ինչ՝ հատապտուղներից մինչև բանջարեղեն։
«Շրջափակման ամիսներին բանջարանոցն ու այգին եղավ մեր փրկությունը։ Երեխաներին էլ սիրով ընդգրկվում էին հողի հետ աշխատելու պրոցեսին։ Ուզում էինք երեխաները մանկուց կապվեին հողին ու հասկանային, որ սերը հարենիքի նկատմամբ սկսվում է հողը սիրելուց»,- ասում է ընտանիքի հայրը։
Հակոբջանյանները բռնագաղթելուց առաջ մի բուռ հող են վերցրել, որը որպես սուրբ մասունք են պահում։
Կարդացեք նաև
«Շուրջ 40 ժամ ճանապարհ ենք անցել։ Մեր սեփական մեքենայում 8 հոգով էինք, այդ թվում՝ 1 տարեկան դուստրս ու զառամյալ տատիկս։ Ամեն պահի վառելիքի, ուտելիքի, ջրի պաշարի սպառվելու մտավախությամբ հատել ենք Հակարիի կամուրջը»։
«Գյումրիում ենք հոկտեմբերի 1-ից։ Գյումրեցիներն իրենց մաշկի վրա զգացել են աղետի գոտու ողջ դառնությունները, ուստի շատ լավ են հասկանում տուն, տեղ, հարազատներ կորցնելու արհավիրքը։ Մեր շրջապատն անում է հնարավորն ու անհնարինը, որպեսզի ինտեգրումը նոր իրականությանը հնարավորինս մեղմվի»,- պատմում է Նոյեմ Հակոբջանյանը։
«Այստեղ սկսել եմ նաև խմորեղենի արտադրությամբ զբաղվել։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ փոքրիկների ծննդյան տարեդարձերին գումար խնայելու համար ինքս եմ որոշել տոնական տորթը թխել ու զարդարել»,- ասում է նա։
Անահիտ Պետրոսյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































