Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս պահպանակը ձեզ»

Հունիս 25,2011 00:00

ՄԱԿ-ը Հայաստանին անվճար պահպանակներ է նվիրում՝ սեռավարակները կանխելու համար, իսկ մասնագետներն այդ նվերը տեղին չեն համարում

\"\"

«Հայաստանում սեռավարակները տարածվում են երկրաչափական պրոգրեսիայով: Հիմնական պատճառը սեռական ակտիվ կյանքն է, մեր կենտրոնում տարեկան 600-1000 հիվանդ է գրանցվում, ընդ որում, այդ թիվը իրական պատկերը չի արտացոլում. սեռավարակով հիվանդ մարդկանց ընդամենը 30-40%-ն է դիմում բժշկի, այդ թիվը բազմապատկեք մի քանի անգամ, կստանաք իրական հիվանդների թիվը»,- երեկ «Արմատ» ակումբում սեռավարակների տարածման թեմայով հրավիրած ասուլիսում տեղեկացրեց Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնի փոխտնօրեն Գուրգեն Փորսուղյանը: Նրա գնահատմամբ՝ վերջին շրջանում հայ աղջկա վարքն ու մոտեցումները սեռական կյանքին՝ կտրուկ փոխվել են. «Նրանք ավելի ազատ են: Սեռական առաջին հարաբերությունը աղջիկների համար ավելի շատ հոգեբանական պահ է, ոչ թե ֆիզիոլոգիական պահանջ, ու եթե աղջիկը հաղթահարում է այդ արգելքը եւ 1-2 անգամ սեռական հարաբերություն ունենում, նա արդեն սկսում է ակտիվ սեռական կյանք վարել ու մի քանի զուգընկեր փոխել, ինչն ավելի է մեծացնում սեռավարակով հիվանդացության հավանականությունը»:
Նշենք, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը Հայաստանում սեռավարակները կանխելու նպատակով շուրջ 75 կետերում անվճար պահպանակներ է բաժանում, սակայն այդ մասին բնակչության չնչին տոկոսն է տեղյակ. պահպանակները, ըստ էության, տեղ չեն հասնում: Այս առնչությամբ «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ չեք անվճար բաժանում այդ պահպանակները՝ Գ. Փորսուղյանը պատասխանեց. «Հնարավոր չէ փողոցում մեկին կանգնեցնել եւ ասել՝ էս պահպանակը ձեզ: Մեր կենտրոնը բաժանում է այն անձանց, որոնք մտնում են ռիսկային խմբի մեջ, ասենք՝ մարմնավաճառներին, որոնք գրանցված են կենտրոնում, իսկ փողոցում կամ ում պատահի բաժանելը՝ սխալ է, այն կարող է ավելի վտանգավոր հետեւանքներ ունենալ, որովհետեւ պահպանակից օգտվելու ձեւը պետք է իմանալ, հատուկ տեխնիկա կա»: Սեքսապաթոլոգիայի կլինիկայի սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի համոզմամբ՝ ՄԱԿ-ը իզուր է ծախս արել ու Հայաստանին անվճար պահպանակով ապահովել. «Ինչքան էլ մեր երկրում պահպանակ բաժանես, եթե չկա առողջ մտածելակերպ ու բավարար գիտակցություն՝ այն արդյունք չի տա ու չի կանխի սեռավարակները: Նախ պետք էր դասընթացներ անցկացնել եւ մարդկանց սովորեցնել դրանց ճիշտ կիրառումը՝ նոր բաժանել: Երիտասարդներ կան, որ պահպանակը ամիսներով դրամապանակի մեջ են պահում, այն գրպանում չարչրկում, պահպանակը միկրոճաքեր է ունենում ու երբ գալիս է օգտագործելու պահը, այն արդեն շարքից դուրս եկած է լինում, հետո էլ զարմանում են, որ լուրջ սեռավարակով են հիվանդ»:
Շատերը մտածում են՝ ապահովության համար միանգամից երկու պահպանակ օգտագործել: Վ. Շահրամանյանը նույնպես լսել է հայերի այդ «հնարամտության» մասին. «Նույնիսկ ընկերական շրջապատում տղաները մեկը մյուսին խորհուրդ է տալիս այդպես անել, մինչդեռ դա ծիծաղելի է: Հիմա շուկան այնքան բազմազան է, որ կարելի է մեծ ընտրություն կատարել, սեռական ակտիվությունը երկարաձգող կամ ավելի ապահով պահպանակ ընտրել, կարիք չկա նման մեթոդի դիմելու: Եթե մեկի բախտը չի բերում եւ մեկ անգամ պահպանակ օգտագործելիս այն պատռվում է՝ թող դիմի մասնագետի եւ կոնսուլտացիա անի՝ այն ճիշտ օգտագործելու համար: Պահպանակ օգտագործելիս միշտ էլ կարող են առաջանալ տեխնիկական խնդիրներ: Օրինակ, շատ տղամարդիկ սիրում են, երբ կինն է պահպանակը տեղադրում, ուստի երկար եղունգներից այն կարող է պատռվել ու փաստի առաջ կանգնեցնել»:
«Առավոտի» հարցին, թե ո՞ր մարզերում են սեռավարակներն առավել տարածված՝ Գ. Փորսուղյանը պատասխանեց. «Երեւանից հետո Վանաձորն է, Գյումրին ու Արմավիրը, այսինքն՝ այնտեղ, որտեղ բնակչությունը համեմատաբար մեծ է»:
Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում ամեն տարի հայտնաբերվում է 2-3 ՄԻԱՎ-ով հիվանդ: Մասնագետը զգուշացրեց, որ կան սեռավարակներ, որոնք կարող են փոխանցվել կենցաղային ճանապարհով. «Օրինակ, սիֆիլիսը կարող է անցնել նույնիսկ համբույրի կամ միեւնույն ափսեից, բաժակից ու գդալից օգտվելու ճանապարհով: Սեռավարակներ կան, որոնք հիվանդին որեւէ նեղություն չեն պատճառում, ցավ չի լինում, վերք չի լինում, ու մարդիկ մինչեւ չեն ստուգվում՝ այդպես էլ չեն իմանում, որ հիվանդ են: Բացի այդ, հիվանդները բժշկին դիմելու փոխարեն ինքնաբուժությամբ են զբաղվում. գնում են դեղատուն ու դեղատան աշխատողի հետ կոնսուլտացիա անելով՝ իրենց բուժումը սկսում, արդյունքում՝ կենտրոն են գալիս՝ հիվանդության բարդացմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել