Լրահոս
Օրվա լրահոսը

Մաեստրոյի չորս «մուրազը»

Նոյեմբեր 29,2011 13:06

Հովհաննես Չեքիջյանը անկեղծանում է

Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, նոյեմբերի 27-ին, ինչպես 50 տարի առաջ ճիշտ նույն օրը, կայացավ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի հոբելյանական ելույթը: Աշխարհի հեղինակավոր համերգասրահներում ճանաչված նվագախմբերի եւ մենակատարների հետ բեմ բարձրացած հայաստանյան այս կոլեկտիվին, միանշանակ, ներկայացնելու հարկ չկա. կես դար երգչախումբը պրոպագանդել է Կոմիտասից մինչեւ հայ եւ համաշխարհային դասականների ստեղծագործություններ: Հասկանալի պատճառով հնարավոր չէ թվարկել արտերկրյա այն պարբերականների ու մասնագետների խոսքը, որ ժամանակին ասվել է հայկական երգչախմբի ու նրա ղեկավարի հասցեին: Լայն ընթերցողին տեղեկացնենք միայն, որ առաջին մասնագիտությամբ կաշեգործը, ապա քիմիկոս-ինժեներն ու, վերջապես, Փարիզի կոնսերվատորիայում մեծանուն Ժան Ֆուրնեի դասարանում ուսանած Չեքիջյանը Ստամբուլում, մինչ 1961թ. հայրենադարձվելը, ղեկավարել է մի շարք կոլեկտիվներ, հանդիսանալով Ստամբուլի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավարի ու գլխավոր դիրիժորի օգնականը, 1960-ից էլ նշանակվում է հիշյալ երգչախմբի ղեկավար: Անշուշտ, ստամբուլահայ երաժշտի համար վատ սկիզբ չէր: Ինչպես հետագայում մաեստրոն հիշում է՝ «հոգեւոր հայրենիքս այն 17 երգչախմբերն էին, որ գործում էին Թուրքիայում՝ ձգտելով հայ երգը փրկել օրհասից, հարկ եղած դեպքում էլ միանում էին, կազմելով շուրջ 500 հոգանոց համախումբ: Իսկ համերգների հասույթը հատկացվում էր հայկական դպրոցներին ու հիվանդանոցներին»:

«Առավոտի» հետ զրույցում մաեստրոն ասաց. «50 տարին նմանեցնում եմ մի օվկիանոսի, որ մի ափից մյուսն եմ անցել՝ մակընթացություններ ու տեղատվություններ հաղթահարելով: Ինձ նմանեցրել են նույնիսկ խուճուճ մազերով նեգրի (չմանրամասնեց՝ ինչ նկատի ունի- Ս. Դ.): Ցավում եմ, որ այդ անձը իբրեւ երաժիշտ ինձ չհանդուրժող չակերտավոր բարեկամներիցս է: Չզարմանաք, բայց նման անձնավորություններ մինչ այսօր էլ կան: Խոսքս զուտ մինոր լադում «չհնչեցնելու» համար ասեմ, որ օվկիանոսի ալիքները խաղաղվել են եւ ռուբիկոնն արդեն անցել է…»:

Հետաքրքրվեցինք, թե ստեղծագործական «մասով» մաեստրոն դեռ չկատարված իղձ ունի՞: «Թումանյանի խոսքերով ասեմ. մուրազը մնացել է սրտումս: Երազում եմ երգչախմբիս միջոցով հայ երգը եւ մեր կատարողական արվեստին ծանոթացնել նաեւ Ճապոնիայում, Հարավային Ամերիկայում, Կանադայում եւ Ավստրալիայում: Կարճ ասած՝ 4 մուրազ ունեմ»,- ասաց նա:

Անվանի արվեստագետին խնդրեցինք խոսել այսօրվա հայ մշակույթի մասին ընդհանրապես: «Երբ 1961թ. վերջնականապես հիմնավորվեցի Երեւանում, ցանկացած բաց պատուհանից լսվում էին ադրբեջանական մեղեդիներ: Այսօր այդ «երեւույթը» վերացել է, բայց անկախությունից հետո հայ մշակույթ կոչվածում խեղդվում ենք՝ ամեն քայլափոխի լսելով օտար մշակույթի էլեմենտներ թե երաժշտության, թե երգերի բառերի առումով: Հասկանում եմ, որ օտարամոլությունը ոչ մի հրամանով չես վերացնի, ինչպես ժամանակին ադրբեջանական երաժշտության դեպքում, այնպես էլ հիմա հույս ունեմ, որ անպայման կգա ժամանակ, որ, մասնավորաբար՝ երիտասարդությունը, կվերադառնա մեր Կոմիտասին»,- պատասխանեց մաեստրոն:

Կեսդարյա ստեղծագործական կյանքում Հ. Չեքիջյանը բնականաբար շփվել է նաեւ բազմաթիվ կենտկոմի առաջին քարտուղարների, նախարարների, նախագահների հետ: Հարցին՝ խորհրդային եւ անկախ Հայաստանի առաջին դեմքերն ու նրանց կանայք ինչպե՞ս են վերաբերվել իր արվեստին, Հ. Չեքիջյանն ասաց. «Իհարկե գնահատել են աշխատանքս»: Կատակով էլ ավելացրեց՝ «Ինչ վերաբերում է նրանց կանանց՝ ոչինչ ասել չեմ կարող, քանի որ այդ համալսարանը չեմ ավարտել»:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930