Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Չեքիջյանին անվարան կարելի է անվանել հայ-ֆրանսիական երաժշտական առնչությունների լեգենդար խորհրդանիշ

Ապրիլ 22,2026 12:54 Share

Aravot.am-ի հարցազրույցը արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանի հետ

– Տիկին Ասատրյան, Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում օրերս տեղի ունեցավ «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» միջազգային գիտական առաջին կոնֆերանսը, որը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը: Խնդրում ենք ներկայացնել կոնֆերանսի նպատակն ու առաքելությունը:

– Ինչպես գիտենք՝ 2010 թվականից Հայաստանում անցկացվում են Ֆրանկոֆոնիայի օրերը: ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտն այս տարի առաջին անգամ միացավ Ֆրանկոֆոնիայի օրերին՝ գիտական միջոցառման ձևաչափով։ Ու քանի որ հայ-ֆրանսիական մշակութային բազմադարյա և հարուստ առնչություններն անհնար է բացահայտել մեկ գիտական կոնֆերանսի շրջանակներում, հետևաբար որոշեցինք կազմակերպել հայ-ֆրանսիական մշակութային առնչությունների ուսումնասիրությանը նվիրված միջազգային գիտական կոնֆերանսների շարք, որի մեկնարկը տրվեց այս տարի։ Այդ կոնֆերանսները կգումարվեն ամեն տարի ապրիլ ամսին՝ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում։

Գուցե, առաջին հայացքից թվա, թե մենք արհեստական կերպով ենք միացել Հայաստանում տարեցտարի առավել ընդլայնող ֆրանկոֆոն շարժմանը։ Սակայն իրականում դա ընդամենն առիթ էր։ Բանն այն է, որ մեր ինստիտուտի գիտական առաջնահերթություններից է հայ ժողովրդի՝ այլ ժողովուրդների հետ ունեցած մշակութային առնչությունների ուսումնասիրությունը, և արժեքավոր հետազոտություններ են իրականացվել և իրականացվում, մասնավորապես, հայ-ռուսական, հայ-ֆրանսիական, հայ-իտալական, հայ-իսպանական, հայ-վրացական, հայ-թուր­քա­կան, հայ-իրանական և հայ-արաբական գեղարվեստական, երաժշտական, թատերական և ճարտարապետական առնչություն­նե­րի ուսումնասիրության ուղղությամբ։

Գիտական այս նորաստեղծ ու շարունակական միջոցառումը կդառնա հուսալի ու հեղինակավոր գիտական հարթակ, որտեղ հայ-ֆրանսիական (հետագայում աստիճանաբար կընդգրկվեն մյուս ֆրանսախոս երկրները ևս) մշակութային կապերի իրենց հետազոտությունների արդյունքները կներկայացնեն ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի վաստակաշատ գիտնականներն ու երիտասարդ հետազոտողները։

– Այս կոնֆերանսն ուներ մեկ ինքնատիպ առանձնահատկություն՝ պատվո հյուրն էր Հովհաննես Չեքիջյանը։

–Իրավացի եք։ Քանի որ արվեստն ու արվեստագիտությունը՝ որպես արվեստի ուսումնասիրությամբ զբաղվող գիտություն, հանդիսանում են փափուկ ուժ և մշակութային դիվանագիտության կարևոր բաղադրիչ, որոշեցինք, որպեսզի յուրաքանչյուր կոնֆերանս ունենա իր պատվո հյուրը՝ հայ կամ օտարազգի գիտնական կամ արվեստի գործիչ, որն իր գործունեությամբ նպաստել է հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդմանը, զարգացմանը և, կամ ուսումնասիրությանը։

Բնականաբար՝ 1-ին կոնֆերանսի պատվո հյուրը ՀՀ ազգային հերոս, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանն էր, որին անվարան կարելի է անվանել հայ-ֆրանսիական երաժշտական առնչությունների լեգենդար խորհրդանիշ։ Մաեստրոն իր բարձրագույն երաժշտական կրթությունը ստացել է Փարիզում, ուսանել աշխարհահռչակ դիրիժոր Ժան Ֆուրնեի դասարանում, որպես երաժիշտ ու դիրիժոր ձևավորվել ֆրանսիական երաժշտական միջավայրում, իսկ հետագայում՝ իր կատարողական գործունեության ընթացքում Հայաստանում և ողջ աշխարհում պրոպագանդել ֆրանսիական վոկալ-սիմֆոնիկ երաժշտությունը, իսկ Ֆրանսիայում ներկայացրել հայ խմբերգային ու վոկալ-սիմֆոնիկ երաժշտությունը։

Եվ այդ կապակցությամբ կոնֆերանսը սկսվեց «Հեկտոր Բեռլիոզի վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունները Հովհաննես Չեքիջյանի մեկնաբանությամբ» զեկուցումով, որն արխիվային վավերագրերի, ժամանակի մամուլի արձագանքների և 1969 թվականի մարտի 5-ին Լենինգրադում՝ Լենինգրադի ֆիլհարմո­նիա­յի Դ.Դ.Շոստակովիչի անվան Մեծ համերգասրահում Հայաստանի պետական երգչախմբի և Լենինգրադի ֆիլհար­մո­նիա­յի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ (նե­րա­ծական խոսքը՝ Յուլիան Վայնկոպի) կայացած համերգի ձայնագրության ուսումնասիրության հիման վրա ես պատրաստել էի հատուկ այս նպատակով։ Մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ, հայկական կապելլայի և տարբեր սիմֆոնիկ նվագախմբերի կատարմամբ Հայաստանում և Խորհրդային Միությունում առաջին անգամ հնչել ու համերգային կենսագրություն են ստացել Բեռլիոզի «Ռեքվիեմը», “Te Deum”-ը և «Ռոմեո և Ջուլիետ» դրամատիկ սիմֆոնիան։

Իմ զեկուցման մեջ ես կենտրոնացա Բեռլիոզի «Ռեքվիեմի» (1837) չեքիջյանական մեկնաբանության վրա։ Բեռլիոզի «Ռեքվիեմ» (կամ «Մեռելոց պատարագը», ինչպես նախընտրում էր անվանել հեղինակը) «ուղեկցել է» Հովհաննես Չեքիջյանին նրա համերգային գործունեության ողջ ընթացքում՝ 1967 թվականից մինչև 2025 թվականը, հնչել է 38 անգամ՝ այդ թվում 18 քաղաքներում՝ Երևան, Մոսկվա, Լենինգրադ, Կիև, Մինսկ, Քիշնև, Թբիլիսի, Ռիգա, Վիլնյուս և այլն։ Հայաստանում և Խորհրդային Միությունում առաջին անգամ այս ստեղծագործությունը հնչել է հենց Չեքիջյանի կատարմամբ։

Ամենուրեք մեծ հաջողությամբ կատարելով այդ բարդագույն ստեղծագործությունը՝ Չեքիջյանը Բեռլիոզի «Ռեքվիեմը» մատուցել է որպես հսկայական ձայնային որմնանկար։ Օգտագործելով հարյուրավոր երգիչների և ընդլայնված նվագախմբի (այդ թվում՝ լրացուցիչ փողային խմբերի) ռեսուրսները, նա ստեղծել է տարածական հնչողություն, որն ունկնդրին ցնցել է իր հզորությամբ, հատկապես «Dies irae» և «Tuba mirum» հատվածներում։ Չնայած ստեղծագործության ահռելի ծավալներին, Չեքիջյանը խուսափել է «աղմկոտ» էֆեկտներից։ Նրա մեկնաբանության մեջ առանձնակի նրբությամբ են հնչել քնարական մասերը։ Նա հասել է ծայրահեղ ճշգրտության, որտեղ հսկա երգչախումբը հանկարծ հնչում է շատ մեղմ, գրեթե կամերային ձևով՝ ընդգծելով Բեռլիոզի երաժշտության հոգեբանական խորությունը։ Հովհաննես Չեքիջյանը, հետևելով Բեռլիոզի մտահղացմանը, «Ռեքվիեմը» ներկայացնում է ոչ թե որպես կրոնական-եկեղեցական ծես, այլ որպես աշխարհիկ հերոսական դրամա։ Նրա ղեկավարմամբ երաժշտությունը հնչում է որպես ձոն՝ ուղղված մարդկային ոգուն, հերոսությանը և հիշատակին։ Դա ոչ թե մահվան առջև խոնարհում է, այլ կյանքի և պայքարի փառաբանում։

– Ովքե՞ր էին կոնֆերանսի մասնակիցներն ու որո՞նք էին ներկայացված զեկուցումների թեմաները։

– Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցեցին վաստակաշատ գիտնականներ ու երիտասարդ հետազոտողներ Հայաստանից՝ բացառապես ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտից, Ֆրանսիայից, Լիբանանից և Չինաստանից։

Առավոտյան նիստում (համանախագահներ՝ Աննա Ասատրյան, Արարատ Աղասյան) արվես­տա­գի­տու­թ­­­յան թեկնածու Մովսես ԾիրանիՀերգելյանը (Լիբանան) ներկայացրեց ֆրանսահայ նկարիչներ Լևոն Մուրադովի, Էդմոն Քիրազի և Ժան Գազանջյանի ստեղծագործական դիմանկարները։

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի ավագ գիտաշխատող, ճարտարապետու­թ­­­յան թեկնածու Անուշ Տեր-Մինասյանի «Օգյուստ Շուազին և հայկական ճարտարապետությունը» զեկուցումը նվիրված էր ֆրանսիացի հայտնի ճարտարագետ և ճարտարապետ Օգյուստ Շուազիի գլխավոր աշխատություններից մեկին՝ «Ճարտարապետության պատմություն» երկհատոր ծավալուն ուսումնասիրությանը, որտեղ նա անդրադարձել է հայկական ճարտարապետությանը, հայ վարպետների ստեղծած թաղերին, գմբեթներին և այլ կոնստրուկտիվ տարրերին, ինչպես և դեկորատիվ հարդարանքին: Գիտնականը մեծ նշանակություն է տվել նաև ճարտարապետական հիմնական սկզբունքների տարածման ուղիներին:

Անուշ Տեր-Մինասյանի դիտարկմամբ. «Չնայած այն տարիներին ընդունված կարծիքին, թե հայկական ճարտարապետության ակունքները սկիզբ են առնում այլ երկրներից, Շուազին փաստում է, որ Հայաստանում դրանք վերափոխվել ու զարգացել են՝ վերածվելով ինքնուրույն արվեստի, որն իր հերթին էական ազդեցություն է ունեցել այլ երկրների ճարտարապետական զարգացման վրա»:

Արվեստագիտության թեկնածու Շուշան Զոհրաբյանը (Ֆրանսիա) «Վարդգես Սուրենյանցի ստեղծագործությունը՝ Սեն-Ժերմեն-լ’Օսերրուա եկեղեցին, որպես հայ-ֆրանսիական մշակութային երկխոսության արտահայտություն» զեկուցման մեջ անդրադարձավ Վարդգես Սուրենյանցի «Սեն-Ժերմեն-լ’Օսերրուա» (1897) ստեղծագործությանը՝ այն դիտարկելով գոթական ճարտարապետության նկատմամբ վերածնվող հետաքրքրության շրջանակում և ընդգծելով ակադեմիական ռեալիզմի, իմպրեսիոնիզմի և գոթական վերածննդի գաղափարների փոխհարաբերությունը։

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Գոռ Վանյանն «Արևմտահայ թատրոնի հետագիծը Գառնիկ Ստեփանյանի «Ֆրանսահայ թատրոն» աշխատության էջերում» զեկուցման մեջ քննության առավ 20-րդ դարի նշանավոր թատերագետ, արվեստագիտության դոկտոր Գառնիկ Ստեփանյանի «Ակնարկներ սփյուռքահայ թատրոնի պատմության» երկհատորյակի առաջին հատորը, որը նվիրված է ֆրանսահայ թատրոնի ձևավորմանն ու զարգացմանը (1923–1970)։ 1982 թվականին հրատարակված աշխատությունը, որը ներկայացնում է ֆրանսահայ թատերական կյանքն իր առաջատար դեմքերով, խաղացանկով, ստեղծագործական ուղղություններով և մշակութային միջավայրով, հայ-ֆրանսիական թատերական առնչությունները վավերացնող եզակի ուսումնասիրություն է, կարևոր ինչպես հայ-ֆրանսիական միջմշակութային հարաբերությունների լուսաբանման, այնպես էլ հայ թատերագիտական մտքի զարգացման տեսանկյունից։ Գոռ Վանյանը նշեց, որ Գառնիկ Ստեփանյանը, վերլուծելով թատերական դեմքերի գործունեությունը, խաղացանկը և ժամանակի քննադատների արձագանքները, ցույց է տալիս, որ ֆրանսահայ թատրոնը շարունակությունն է կեսդարյա պատմություն անցած, իր նկարագիրը ճշտած արևմտահայ թատրոնի և գործել է գրեթե նույն խաղացանկով, նույն արևմտահայ լեզվով, գրեթե նույն ուժերով, որոնց մեծ մասը խորհրդային կարգերի հաստատումից հետո տեղափոխվել է Հայաստան, հանդես եկել Սունդուկյանի անվան թատրոնում՝ արևելահայ դերասանների հետ կողք-կողքի։ «Գառնիկ Ստեփանյանի «Ֆրանսահայ թատրոն» աշխատությունը հայ թատրոնի պատմության ուշագրավ էջերից է, հազվագյուտ աշխատանք, որի ուսումնասիրությունը բացահայտում է ոչ միայն Ստեփանյանի թատերագիտական հայացքները, այլև հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների նշանակությունը ազգային բեմարվեստի զարգացման գործում»,- նկատեց Գոռ Վանյանը։

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի կերպարվեստի բաժնի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Ռուզան Սարյանը «Ֆրանսերենի իմացությունը Մարտիրոս Սարյանի կյանքում» բանախոսության մեջ ընդգծեց, որ Մարտիրոս Սարյանի արխիվում պահվող 1911 թ. ֆրանսերենով գրված ծոցատետրը, ֆրանսերենով նրան ձոնված Մայա Կյուվիլիե-Կուդաշովա-Ռոլլանի բանաստեղծությունները և նկարչի անձնական գրադարանի ֆրանսալեզու գրքերի ուսումնասիրումը վկայում են այն մասին, որ նա բավականին լավ է տիրապետել ֆրանսերենին։ Սարյանն իր հետ Փարիզից բերել է ֆրանսիացի հեղինակների՝ Հայաստանին և հայերին նվիրված գրքեր, որոնք տպագրվել են 19-րդ դարի վերջին և ընդգրկում են բացառիկ հետաքրքրություն ներկայացնող լուսանկարներից արված կլիշեներ։ Գրքերից մեկի վրա կան Սարյանի կողմից իրեն անծանոթ բառերի հայերեն թարգմանությունները, ինչը վկայում է, որ նա ընթերցել է այն և նրա ֆրանսերենի բառապաշարը եղել է բավականին հարուստ։ Առանձին հետաքրքրություն է ներկայացնում Սարյանի ֆրանսերեն լեզվի ուսուցչուհու՝ պոետ Մայա Կյուվիլիե-Կուդաշովա-Ռոլլանի անձը։ «Մեր այս ուսումնասիրությունը մի նոր բացահայտում է, որը մինչ օրս անհայտ փաստերով է լրացնում Սարյանի կապը Ֆրանսիայի հետ»- եզրակացրեց բանախոսը։

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անուշ Ասլիբեկյանը «Դրամատուրգիական ռեզիդենցիան որպես ժամանակակից ֆրանկոֆոն թատրոնի նոր համագործակցային մոդել Հայաստանում» զեկուցման մեջ ներկայացրեց 2025 թվականին Հայաստանում անցկացված «Թէատրոն» կատարողական արվեստների առաջին ֆրանկոֆոն փառատոնի շրջանակում իրականացված դրամատուրգիական ռեզիդենցիայի փորձը՝ այն դիտարկելով որպես ժամանակակից թատրոնում ստեղծագործական համագործակցության և միջմշակութային փոխազդեցության արդիական ձևաչափ։

Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում կազմակերպված ռեզիդենցիան ղեկավարել է ֆրանսիացի դրամատուրգ, դերասանուհի և ռեժիսոր Նատալի Ֆիլիոնը՝ հայ դրամատուրգներ Անի Առաքելյանի և Անուշ Ասլիբեկյանի մասնակցությամբ։ Համատեղ ստեղծագործական աշխատանքի արդյունքում համահեղինակված պիեսի հիման վրա իրականացվել է փորձարարական ներկայացում ժամանակակից իմերսիվ թատրոնի սկզբունքներով՝ համադրելով խոսքը, լուսանկարչական պատկերաշարը, կենդանի իմպրովիզացիոն երաժշտությունը, բեմանկարչական լուծումները և հանդիսատեսի ներգրավվածությունը։ Ստեղծված պիեսը և դրա հիման վրա Ն.Ֆիլիոնի բեմադրած փերֆորմանսն արտացոլում են ժամանակակից կատարողական արվեստներին բնորոշ միջարվեստային միտումները և բազմաշերտ գեղարվեստական մտածողությունը։ Անուշ Ասլիբեկյանը դրամատուրգիական ռեզիդենցիան վերլուծեց որպես ստեղծագործական փորձի փոխանակման, մշակութային համագործակցության և նոր թատերական արտահայտչամիջոցների ձևավորման միջավայր՝ ցույց տալով միջազգային արվեստային նախագծերի տեղայնացման ազդեցությունը արդի հայկական թատրոնի զարգացման գործընթացում։

Երեկոյան նիստում (համանախագահներ՝ Մարգարիտա Քամալյան, Մարտին Հարությունյան) Քասլիքի Սուրբ Հոգի համալսարանի մշտական դասախոս և Երաժշտական բարձրագույն ուսումնասիրությունների բաժնի վարիչ, երաժշտագիտության դոկտոր, պրոֆեսոր Եդուարդ Թորիկեանը (Լիբանան) «Զոյգ մը ժողովրդականացած երգեր որպէս Հայ-Ֆրանսական մշակութային առընչութիւն» զեկուցման մեջ լուսաբանեց պատմության ընթացքում առավելապես մասսայական-ժողովրդական ազդեցություն ունեցած հայ-ֆրանսիական երաժշտական առնչությունները՝ երկու երգերի տեքստային և մեղեդային համեմատական քննարկման միջոցով։ Առաջինը. ուշ միջնադարում Ներսես Շնորհալու «Զարթիր, փառք իմ» երգի ակնառու նմանությունն է ֆրանսիացիների մոտ տարածված մի ժողովրդական երգի եղանակին։ Երկրորդը՝ 19-րդ դարում սփյուռքահայության համար նվիրական մաղթերգ դարձած հանրահայտ «Կիլիկիա» երգն է, որը ֆրանսիական հայրենասիրական մի երգի բնագրի հայերեն թարգմանությունն է։

Սուչժոուի համալսարանի հետդոկտորանտ հետազոտող, արվեստաբանության դոկտոր Անի Մարգարյանը (Չինաստան) «Դարավերջյան Փարիզը՝ որպես ամերիկահայ նկարիչ Հովսեփ Փուշմանի գեղագիտական ոճի ձևավորման աղբյուր» զեկուցման մեջ ներկայացրեց Հովսեփ Փուշմանի ստեղծագործական վաղ շրջանի քննադատական վերարժևորումը՝ ընդգծելով, որ հենց Փարիզն էր այն միջավայրը, որտեղ ձևավորվել է նրա գեղարվեստական ինքնությունը։ Բանախոսն առաջ քաշեց այն թեզը, որ այդ ձևավորումը բաղկացած էր երկու փոխկապակցված գործընթացներից. նախ՝ ակադեմիական կրթությունը Ժյուլիան ակադեմիայում, ինչը նկարչին ներառեց տվյալ ժամանակաշրջանում գերիշխող ճապոնիզմի և օրիենտալիստական գեղագիտության շրջանակներում, և ապա՝ ինտեգրումը փարիզահայ մտավորական սփյուռքին, որը ներկայացված էր Արշակ Չոպանյանի «Անահիտ» հանդեսի շուրջ համախմբված շրջանակով։ Վերականգնելով Փուշմանի փարիզյան ձևավորման համատեքստը՝ սույն հետազոտությունը վերաիմաստավորում է Փուշմանի արվեստը։ Անի Մարգարյանի դիտարկմամբ՝ չինական հնությունների նրա հայտնի բեմադրական լուծումները (mise-en-scène) դեկորատիվ էկզոտիզմից վերածվում են փարիզյան միջնորդությամբ ձևավորված միստիկ սիմվոլիզմի բարդ ձևի։ Սա արվեստագետին դասում է այն տրանսատլանտյան շրջանակի վարպետների շարքին, ովքեր, հենվելով ակադեմիական կրթության վրա, ստեղծեցին ամերիկյան նատյուրմորտի ինքնատիպ ավանդույթը։

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Լիլիթ Արտեմյանը «Հայ-ֆրանսիական երաժշտական առնչությունները 21-րդ դարում. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի օրինակով» զեկուցման մեջ առաջին անգամ ներկայացրեց հայ-ֆրանսիական փոխգործակցության կարևոր ուղղություններից մեկի՝ միջմշակութային երկխոսության զարգացման գործում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներդրումը։

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի կերպարվեստի բաժնի գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Գայանե Պողոսյանի «Ֆրանսիացի հետազոտողները և Ուրարտուն» զեկուցումը նվիրված էր Ուրարտուի (Վանի թագավորություն, մ․թ․ա․ 9-6-րդ դդ) պատմության ուսումնասիրություն գործում կարևոր դերակատարում ունեցած ֆրանսիացի հետազոտողներին։ Բանախոսի գնահատմամբ՝ ֆրանսիացիների կողմից Ուրարտուի ուսումնասիրությունը հին Մերձավոր Արևելքի այլ մշակույթների համատեքստում սկսվել է դեռևս 19-րդ դարում և շարունակվում է առ այսօր։ Ֆրանսիացի մասնագետների որոշ ուրարտագիտական հետազոտություններ ունեն առանցքային կարևորություն ոչ միայն պատմության, այլև ուրարտական կրոնի և արվեստի բացահայտման գործում։

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի կերպարվեստի բաժնի ավագ գիտաշխատող, արվես­տա­գի­տու­թ­­­յան թեկնածու, դոցենտ Մարտին Հարությունյանը «Ֆրանսիայի Օվերն–Ռոն–Ալպ շրջանի Հայ Առաքելական եկեղեցիները» զեկուցման մեջ տեղային ուսումնասիրությունների, արխիվային նյութերի հետազոտության արդյունքում բացահայտեց, թե ինչպես են հայկական եկեղեցաշինական ավանդույթները ներդաշնակվում ֆրանսիական տեղական ճարտարապետական միջավայրի հետ՝ ձևավորելով յուրահատուկ մշակութային երկխոսություն։ Միաժամանակ, իրականացված քարտեզագրումը լրացնում է այս ոլորտում առկա տեղեկատվական բացը և կարևոր հիմք է ստեղծում Ֆրանսիայում հայկական ճարտարապետական ժառանգության փաստագրման, պահպանման և հետագա ուսումնասիրությունների համար։

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի կրտսեր գիտաշխատող, արվես­տա­գի­տու­թ­­­յան թեկնածու Ռուզաննա Միքայելյանը «Շառլ Ազնավուրի կերպարը Հայաստանի մոնումենտալ քանդակագործության մեջ» զեկուցման մեջ քննության առավ ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղադրված մոնումենտալ քանդակները՝ անդրադառնալով դրանց ոճական, հորինվածքային և ճարտարապետական լուծումներին, ինչպես նաև քանդակների ստեղծման պատմությանը՝ զուգահեռներ տանելով այլ երկրներում կանգնեցված Շառլ Ազնավուրի արձանների հետ:

 

Կոնֆերանսը եզրափակվեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտքարտուղար, կերպարվեստի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Մարգարիտա Քամալյանի «Գրիգոր Շլդյանի ստեղծագործական գործունեության փարիզյան շրջանը» զեկուցումով, որտեղ առաջին անգամ փորձ արվեց համակողմանիորեն ամբողջացնել և հայ-ֆրանսիական առնչությունների համատեքստում ներկայացնել իտալահայ ականավոր նկարչի կյանքի և ստեղծագործության փարիզյան շրջանը (1926–1933)։

Հետևելով Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում կազմակերպված միջոցառումներին, փաստենք, որ «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» միջազգային գիտական 1-ին կոնֆերանսը այդ շարքում միակն է իր գիտական ուղղվածությամբ և նշանակությամբ։

 

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930