Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության պոտենցիալ դաշնակիցները

Նոյեմբեր 30,2011 12:42

Քանի որ Հայ ազգային կոնգրեսը վերջնականապես խորացել է «ռեալպոլիտիկի» մեջ, ես, որպես հավելյալ քաղաքագիտական վերլուծություն, առաջարկում եմ հետեւյալ նկատառումները: Իրականում քաղբանտարկյալ են ոչ միայն Տիգրան Առաքելյանը եւ ի նշան ավազակապետության դեմ բողոքի նախագահական նստավայրի ցանկապատի վրա վրաերթ կատարած Վաչագան Իսոյանը, այլեւ՝ Մարգար Օհանյանն ու Հովիկ Թամամյանը: Հոգու ամենախորքում ազնիվ ոստիկաններ լինելով՝ նրանք չէին դիմանում մոնղոլ-թաթարական բարքերին եւ պատրաստ էին միանալ համաժողովրդական շարժմանը: Եվ երբ իշխանությանը դա հայտնի դարձավ, ազգի այդ նվիրյալների դեմ շինծու գործեր սարքվեցին եւ նրանց մեկուսացրին հասարակությունից: Այժմ այս երկու սպաների բոլոր հարազատների եւ ընկերների սրբազան պարտքն է համախմբվել ՀԱԿ-ի շուրջ եւ հասնել այս քաղբանտարկյալների ազատ արձակմանը, որպեսզի նրանք, ազատություն ստանալով, իրենց լուման ներդնեն կոռուպցիայի դեմ պայքարում:

Անշուշտ, քաղաքական հետապնդումների զոհ է նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Իշխանության գործակալ Սիլվա Համբարձումյանը պարզապես սադրել է, որ այդ անթերի ջենտլմենը ձեռքերով եւ ոտքերով իր էությանը հակառակ շարժումներ անի: Պարոն Խաչատրյանը դեռ ժամանակ ունի վերահաստատելու բյուրեղյա գործչի իր վարկը եւ համալրելու քրեաօլիգարխիկ ռեժիմի դեմ անխոնջ պայքարողների շարքերը:

Ընդդիմության պոտենցիալ դաշնակիցներ են նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները՝ Գրիգոր Ամալյանի ղեկավարությամբ: Հայ մտավորականության լավագույն ներկայացուցիչներ լինելով՝ նրանք ջանք ու եռանդ չեն խնայել Հայաստանում բազմակարծությունը եւ խոսքի ազատությունը հաստատելու համար: Սակայն իշխանության սեւ PR-ի պատճառով տպավորություն է ստեղծվել, որ նրանք ինը տարի եթեր չեն թողնում «Ա1+»-ը: Վստահ եմ, որ եկել է ժամանակը, երբ այդ ազատամիտ եւ ինքնուրույն գործիչները կթոթափեն իրենց վրայից իշխանության կողմից խորամանկորեն ստեղծված կեղծ իմիջը եւ հրապարակավ կհայտարարեն համաժողովրդական շարժմանն իրենց աջակցության մասին:

Դե, իսկ օլիգարխների մասին, բնականաբար, խոսելն իսկ ավելորդ է: Նրանք պարզապես երազում են, թե երբ է գալու այն պահը, երբ իրենք ստիպված չեն լինելու թաքցնել իրենց եկամուտները եւ մուծելու են օրենքով նախատեսված բոլոր հարկերը: Խոշոր գործարարները տենչում են նաեւ օր առաջ ազատվել իրենց մենաշնորհային դիրքերից՝ հնարավորություն տալով բոլոր մնացած բիզնեսմեններին իրականացնել իրենց գործառույթների մեծ մասը: Մնում է, որ նրանք բացեիբաց դուրս գան ավազակապետական ռեժիմի դեմ՝ ցույց տալով սեփական բնածին ազնվությունը:

Վստահ եմ, որ այս վերլուծությունը կմեծացնի ռեժիմի ներսում գոյություն ունեցող ճաքերը եւ կմոտեցնի սահմանադրական կարգի վերականգնման բաղձալի պահը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930