Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարքը ճիշտ բան է

Դեկտեմբեր 21,2011 13:05

Երեկ մեր թերթում հրապարակվել էր wikileaks-ի հերթական գաղտնազերծումը, ըստ որի՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ չէր բացառում իշխանության հետ գործարքը՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու դիմաց: Այդ նյութի արձագանքը ինձ զարմացրեց, որովհետեւ նման գործարքը, եթե այն ամբողջությամբ կամ մասամբ իրականացվել է՝ միանգամայն ճիշտ է եւ արդարացված: Մի՞թե ավելի ճիշտ կլիներ ձգտել, որ անմեղ մարդիկ մնային բանտում, եւ դրա միջոցով քաղաքական դիվիդենդներ շահել: Գործարքի մեջ որեւէ սարսափելի բան չկա՝ դա իր հիմքում շատ առողջ բան է:

Մարդկանց քաղաքակիրթ հարաբերությունների պատմությունը հիմնված է գործարքների վրա: Պատահական չէ, որ 17-18-րդ դարերի գերմանացի, ֆրանսիացի եւ անգլիացի փիլիսոփաները առաջ էին քաշել հասարակական պայմանագրի  գաղափարը, որը եւ դարձավ ժամանակակից քաղաքակրթության հիմքը: Պետությունները ղեկավարվում են ոչ թե անհայտ տեղերից «ծլած» միապետերի եւ իշխանների կամքով, այլ հասարակության անդամների պայմանավորվածությամբ, այլ կերպ ասած՝ գործարքով: Ուրիշ հարց է, որ մենք՝ հայերս, այդ 3-4 դարերի ընթացքում պետություն չունենալով՝ ապավինում ենք իշխանների կամքին, նրանց, այսպես ասած, արդար բազկին: Այստեղից է մեր դժբախտությունների մեծ մասը:

Մենք մերժում ենք գործարքի անհրաժեշտությունն ու կարեւորությունը եւ շարժվում ենք իրար «հասկընալու», «լավություն անելու», հետեւաբար՝ նաեւ «քցելու» տրամաբանությամբ: Մի տիպիկ դեպք, որը տեղի է ունեցել ծանոթներիցս մեկի հետ հարեւան Իրանում,  բնութագրում է «ասիական» քաղաքակրթությունը: Այդ իմ ծանոթը նստել է տաքսի, եւ երբ տեղ է հասել, հարցրել է՝ որքան պետք է վճարեմ: Տաքսիստը սկսել է շատ քաղցր խոսքեր ասել, թե՝ դու մեր հյուրն ես, մենք բարեկամ ազգեր ենք եւ այլն: Մոտ տասը րոպե ծանոթս փորձում էր իմանալ գումարի չափը, իսկ տաքսիստը, այդ թիվն ասելու փոխարեն, առաջարկում էր բառային իր «շերբեթը»: Ի վերջո, հայաստանցու բազմաթիվ պնդումներից հետո վարորդն այնպիսի թիվ է կրակել, որը 2-3 անգամ գերազանցում էր այդ ճանապարհի համար նախատեսված վարձը:

Հարաբերությունների ոչ հստակ, լղոզված բնույթը պայմանավորված է մեր տարածաշրջանում գործարքային մշակույթի բացակայությամբ: Եթե դուք ձեր տանը երբեւէ արել եք վերանորոգում, ապա, իհարկե, հիշում եք «վարպետի» հետ ձեր զրույցը: Դուք ասում եք՝ այս ժամկետում կատարված այս աշխատանքի համար ես կտամ այսքան: Արհեստավորը սովորաբար ուղիղ չի ասում՝ «համաձայն եմ» կամ «համաձայն չեմ»: Նա սկսում է երկար-բարակ պատմել, թե ինչպիսի անզուգական վարպետ է նա եւ ինչ գործեր է արել Ռուսաստանում, եւ հետո ավելացնում է մոտավորապես հետեւյալը. «Փողի մասին ավելորդ ա, մեր մեջ խոսելն էլ ամոթ ա»: Միանգամից դուրս արեք այդպիսի արհեստավորին, թե չէ՝ հետո նա ձեր նյարդերը կուտի: Շատ ավելի գերադասելի է թե աշխատանքում, թե կենցաղում եւ թե քաղաքականության մեջ գործ ունենալ այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ հնարավոր է գործարք կնքել, եւ որոնք այդ գործարքի կետերը սրբորեն պահպանում են:

Ի դեպ, երբ դիվանագետն ասում է, որ հանդիպումը տեղի է ունենալու off the record, իսկ հետո այդ հանդիպման մանրամասները հայտնվում են wikileaks-ում, դա էլ է որոշ չափով գործարքի խախտում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031