Երբ իշխանությունը համաձայնության չի գնում ամբողջ քաղաքական դաշտում այս կամ այն հարցում ձեւավորված միասնական դիրքրոշման հարցում, մեծ ճիգով կարելի է համարել, թե քաղաքական սկզբունքայնություն է հանդես բերում: Բայց երբ նույնպիսի վերաբերմունք է արտահայտվում հասարակական` հստակ ձեւակերպված պահանջների նկատմամբ, պարզ է դառնում, որ գործ ունենք անսխալականության սինդրոմով տառապելու եւ սահմաններ չճանաչող մարտնչող պնդաճակատության հետ:
Հասարակական ավելի ու ավելի լայն ընդգրկում ստացող, յուրօրինակ ինքնաբուխ շարժման վերածվող` Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման դեմ սկսված քաղաքացիական ընդվզումը բացահայտորեն արհամարհելն այլեւս պարզ է դարձնում, որ իշխանությունը կորցրել է իրականության զգացողությունը, իր դերի պատկերացումը, հասարակության առջեւ սեփական որոշումների, վարքագծի, գործողությունների համար հաշվետու լինելու պարտավորության գիտակցումը:
Քաղաքային իշխանությունն իրեն ավելի պարտավորված է համարում այս կամ այն գործարարի կամ «լավ տղուն» տված խոստման, քան իր ընտրողների ու հասարակության առաջ։
Սա արդեն ոչ միայն զուտ քաղաքական, այլ նաեւ հասարակական«կոնսենսուս մինուս 1» է: Իսկ դա նշանակում է, որ գործ ունենք ինքնամեկուսացման գնացող մի իշխանության հետ, որը սեփական քթի ծայրից ավելին ոչինչ տեսնել ու զգալ այլեւս չի ցանկանում եւ չի կարողանում:
Կարդացեք նաև
«Երկիր»