Լրահոս
Օրվա լրահոսը

Բրունո Սկապինի. Հայկական հետքերը միայն սուրբ Ղազարում չեն

Փետրվար 28,2012 16:23

Այսօր Հայաստանում Իտալիայի դեսպանությունում կայացավ «Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի» հայերեն-իտալերեն կատալոգի շնորհանդեսը: Այն ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանում Իտալիայի դեսպանության համագործակցության արդյունքն է: Գիրքն առաջին անգամ ներկայացվել է անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին՝ Վենետիկում բացված «Հայաստան. քաղաքակրթության դրոշմներ» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում:

Կատալոգում զետեղված են Նեապոլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում գտնվող 17-րդ դարի իտալացի հայտնի նկարիչ Լուկա Ջորդանոյի կողմից ստեղծված որմնանկարների լուսանկարներ: Որմնանկարների լուսանկարչական ցուցահանդեսը «Իտալերենի համաշխարհային 10-րդ շաբաթվա» շրջանակներում կայացել է անցյալ տարվա հոկտեմբերին` Հայաստանում Իտալիայի դեսպանությունում:

Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին կարեւորեց կատալոգի լույսընծայումը, ասելով, որ նախագիծը փոքր է չափով, բայց մեծ՝ նշանակությամբ: Դեսպանը նշեց, որ թյուր է տպավորությունը, թե Իտալիայում հայկական հետքերը տանում են միայն սուրբ Ղազար, ինքն ամեն օր հայերի մասին նոր վկայություն ու հետք է գտնում: Դրանցից մեկն էլ Նեապոլի Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցին է, որտեղ, դեսպանի ասելով, պահվում են սուրբ Գրիգորի մասունքները, որոնք Նեապոլ են հասել հայ մայրապետերի շնորհիվ:

Հայ մշակույթի ու հոգեւոր գանձերի մասին խոսելիս պարոն Սկապինին ասաց, որ որոշակիորեն ծանոթ է հայ գրականությանը, մասնավորապես Չարենցի պոեզիային: Ափսոսում է, որ լեզվի չիմացության պատճառով հայ հեղինակներին չի կարող բնագրով կարդալ: Նա տպավորված է հայերի՝ մշակույթի հանդեպ հակվածությամբ: Դեսպանի ձեւակերպմամբ, դա ուժի այն կենտրոնն է, որի վրա հիմնվում են հայ-իտալական հարաբերությունները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829