
Խոսքը գյուղում տեղի ունեցած մի հարսանիքի մասին է, որի մասին արդեն երկար ժամանակ խոսվում է ու տարածաշրջանում բոլորն են տեղյակ: Սիրահարված երիտասարդը` նույն ինքը փեսացու Արթուրը, հարսանիքի օրն անփոփոխ թողնելու համար երկու գյուղերը իրար միացնող մի նեղ կածան էր բացել: Ճանապարհն այնքան նեղ էր, որ հարսն ու փեսացուն զուգահեռ քայլել չէին կարող ու… Ու Արթուրը որոշում է սիրած էակին իրենց տուն տանել շալակած :
Այսօր Մադինայում դեպքը հիշում են որպես հերթական ձմեռային արկած, որովհետև նմանատիպ դեպքերի պատմությունները չափազանց շատ են: Դրանցից մեկի «հերոսուհին»` Ձյունիկ տատիկն է անձամբ պատմում, որ երբ իր մորը ցանկացել են գյուղից տանել հիվանդանոց ծննդաբերելու համար, ձյան պատճառով չեն հասցրել ժամանակին տեղ հասնել ու երեխան ծնվել է ճանապարհին: Գյուղում ոչ ոք չէր հավատում, որ նորածինը կապրի, բայց նա ապրեց ու նրան անվանեցին Ձյունիկ:
Ստացվում է, որ Մադինայում եղանակն է թելադրում պլանները, իսկ մարդիկ պարզապես հարմարվում են` նմանատիպ արկածներից խուսափելու համար: Ու արդյունքում ոչ թե ծննդաբերությունների ու հարսանիքների թիվն է պակասում , այլ ամուսնանում են տաք եղանակին, հղիանում այն հաշվարկով, որ ձմռանը ծննդաբերություններ չլինեն…
Հարույթունյան Արմինե


















































