Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Ես սկզբունքորեն համաձայն չեմ եղել որեւէ քաղաքական ուժի հետ դաշինքի մեջ մտնելուն»

Մարտ 22,2012 10:31

  Հատված «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի հետ հարցազրույցից:

-Տիկին Ալավերդյան, ինչո՞ւ, այնուամենայնիվ, «Ժառանգության» ձեր գործընկերները չցանկացան տեսնել ձեզ հաջորդ խորհրդարանում։ 

-Ես այդպես չէի ասի։ Դա ի՛մ որոշումն էր. ես սկզբունքորեն համաձայն չեմ եղել նախընտրական այս կարճ ժամանակահատվածում որեւէ քաղաքական ուժի հետ դաշինքի կամ դաշինքատիպ ինչ-որ հարաբերությունների մեջ մտնելուն։

Հիշեցնեմ, որ անկուսակցական եմ, եւ արդեն մի անգամ կուսակցության հրավերն ընդունելով, ժամանակի ընթացքում միշտ հրապարակային ձեւով ներկայացրել եմ իմ տեսակետները։ Փոքրամասնության մեջ էի նաեւ այն ժամանակ, երբ «Ժառանգությունը» կոչ արեց քվեարկել Լ.Տեր-Պետրոսյանի օգտին, եւ շատ հստակ արտահայտել եմ իմ անհամաձայնությունը։

Այս դեպքում էլ հայտնել եմ իմ կարծիքը, որովհետեւ համարում եմ, որ ավելի նպատակահարմար է առանձին գնալ ընտրությունների, մանավանդ` ժամանակի այս հատվածում։ Եթե կար նման մտադրություն, ապա այսօր նույն ցուցակում հայտնված անձանց կողմից պետք է լինեին համատեղ միջոցառումներ, գործողություններ, մենք էլ իմանայինք, հասարակությունն էլ հասկանար, որ կան խորքային ընդհանրություններ, որոնց մասին այսօր խոսվում է։ Ցավոք, նման բան տեղի չի ունեցել։

-Ի՞նչն էր պատճառը, որ վերանայեցիք ձեր նախնական որոշումը` ընտրական գործընթացից դուրս գալու փոխարեն որոշեցիք առաջադրվել ցուցակի 41-րդ տեղում։ 

-Ընտրական գործընթացից դուրս գալով` ամենեւին նպատակ չունեի թուլացնել «Ժառանգությունը» կամ «Ժառանգություն» խմբակցությունը, որի հետ 5 տարի աշխատում եմ, եւ ճակատագրից շնորհակալ եմ, որ հնարավորություն եմ ունեցել համագործակցելու այսպիսի հրաշալի երիտասարդների հետ, որոնցից շատ բան եմ սովորել։
Բայց քանի որ տեսակետներ եղան, թե հասարակության կողմից դա կարող է ընկալվել որպես հարված «Ժառանգության» հեղինակությանը, որոշեցի զբաղեցնել 41-րդ հորիզոնականը։ Ճիշտն ասած, ակնկալում էի, որ ցուցակը կազմված կլինի 41 հոգուց, Րաֆֆի Հովհաննիսյանը կլինի առաջինը, ես՝ վերջինը, ու դրա մեջ կար իմաստ, կար բովանդակություն։
Ի՞նչ էի ուզում դրանով ասել. նախեւառաջ այն, որ այդ որոշումից հեռու եմ, եւ երկրորդ՝ մնում եմ այն կարծիքին, որ եթե «Ժառանգությունը» հանդես է գալիս նոր ցուցակով, որտեղ ընդգրկված են հասարակական սեկտորի եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, ապա դա հստակ մարտահրավեր է թե՛ «Ժառանգությանը», թե՛ հասարակությանը։ Իմ ուղերձը հասարակությանը հետեւյալն է. եթե արդեն կողմնորոշվել եք, վստահում եք այդ ցուցակում ընդգրկված անձանց` նույնիսկ չհասկանալով այդ ցուցակի տրամաբանությունը, բայց տեսնելով, որ այնտեղ կան առողջ ուժեր եւ կարող են շարունակել «Ժառանգության» գիծը, համախմբվեք դրա շուրջ, որովհետեւ ընդդիմությունն ա՛յն ժամանակ կարող է ազդեցիկ լինել եւ իր դրական դերակատարությունն ունենալ քաղաքական գործընթացներում, եթե մանդատների թիվը մոտենում է մեկ երրորդին։ Միայն այդպես՝ սոլիդ ներկայություն ունենալով խորհրդարանում, կարելի է ազդել քաղաքական որոշումների կայացման վրա։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031