Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ անդամ տնօրենը ՀՀԿ-ական մարզպետին վնա՞ս է

Մարտ 28,2012 12:36

Մարտի 2-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը որոշում է կայացրել` աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ մարտի 6-ից դադարեցնել Դեբեդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարինե Հարությունյանի հետ կնքած հնգամյա աշխատանքային պայմանագիրը: Տիկին Մարինեն ասում է, որ այլ տնօրենների դեպքում, երբ լրացել է տնօրենի հետ կնքած աշխատանքային պայմանագրի ժամկետը, մարզպետը դադարեցնելով հանդերձ պայմանագիրը` նույն որոշման 2-րդ կետով նույն տնօրենին նշանակել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Մարինե Հարությունյանի դեպքում մարզպետը նման որոշում չի կայացրել:

Նշենք, որ 5 տարի առաջ մարզպետ Ղուլարյանը իբր աշխատանքում թույլ տված խախտումների համար պաշտոնից ազատել էր Մարինե Հարությունյանին: Վերջինս դրա դեմ բողոքել էր ՀՀ նախագահի վերահսկողության ծառայություն: Այս ծառայության կատարած ստուգումները Մարինե Հարությունյանի գործունեության մեջ օրենքի խախտումներ չէր հայտնաբերել:

Մարինե Հարությունյանը ներկայումս դպրոցում դասաժամեր չունի եւ փաստորեն առանց աշխատավարձ է մնացել: Դպրոցի կողմից տրվող տեղեկանքների եւ այլ փաստաթղթերի տակ այժմ ստորագրում է կրթօջախի ուսմասվարը: Մ. Հարությունյանն ասում է, որ դեռեւս 2011թ. փետրվարին են կազմվել դպրոցի կառավարման խորհրդի ձեւավորման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, սակայն մինչ այժմ մարզպետարանը չի հաստատել խորհրդի կազմը: Տիկին Մարինեն հույս ունի, որ դա միտումնավոր չի արվել:

Հավելենք, որ Մարինե Հարությունյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:

Ապրիլի 19-ին նշանակված են Դեբեդավանի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրություններ: Մարինե Հարությունյանը մտադիր է մասնակցել եւ հաղթել այդ ընտրություններում:

Հարցի վերաբերյալ Տավուշի մարզպետարանի կրթության վարչությունից հայտնեցին, որ մարզի բոլոր դպրոցների կառավարման խորհուրդները ձեւավորված են,որ Դեբեդավանի դպրոցի տնօրենի պաշտոնակատար է  նշանակված դպրոցի ուսմասվարը:Կրթության վարչությունում չհերքեցին մեր ունեցած այն տեղեկությունը, որ մարզի որոշ դպրոցների տնօրեններ չունենալով տնօրեն աշխատելու համար համապատասխան սերտիֆիկատ, կամ լինելով կենսաթոշակառու, շարունակում են որպես տնօրենի պաշտոնակատարներ ղեկավարել դպրոցները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031