
– Դեկտեմբերից մինչեւ հիմա զբաղվում եմ, որ տղաս անգործունակ ճանաչվի, հաշմանդամության թոշակ ստանա, ես էլ ճանաչվեմ նրա խնամակալ,- դժգոհում է Վարդան Սահակյանը:
Վերջինս որդուն անգործունակ ճանաչելու հայցով դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան: Դատավոր Արման Կուրեխյանը 2012թ. փետրվարի 24-ին վճռել է Օգսեն Սահակյանի հոգեկան վիճակը պարզելու համար նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն: Այդ փորձաքննությունը պիտի կատարի ՀՀ առողջապահության նախարարության դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովը, որը գործում է Երեւանի Նորք –Մարաշի Հովսեփյան 2ա հասցեում:
– Փետրվարի 27-ին դատարանի վճիռը Իջեւանից ուղարկվել է, փետրվարի 29-ին այն Բերդ է հասել: Փորձաքննությունների հանձնաժողովում ասում են, որ այդ վճիռը իրենք մի ամիս հետո են ստացել , նամակը ո՞նց կարող էր մի ամսում Երեւան հասնել,-տարակուսում է Վարդան Սահակյանը:
Կարդացեք նաև
Դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովը Օգսեն Սահակյանի հոգեկան վիճակի փորձաքննությունը նշանակել է մայիսի 10-ին, ժամը 11-ին: Մեր ներկայությամբ Օգսենի մայրը՝ տիկին Գոհարը զանգահարեց նշված հանձնաժողով, հարցնելով.
– Չի՞ լինի, որ փորձաքննությունն ավելի շուտ, ապրիլին անցկացվի:
– Որ ասում եմ չի լինի՝ ուրեմն չի լինի, շատ ծանրաբեռնված ենք,- պատասխանեց հանձնաժողովի հեռախոսը վերցրած կինը:
Օգսենի մայրը հարցրեց, թե ինքն ում հետ է խոսում: Կինն այդ հարցին ցինիկ պատասխան տվեց. «Իմ հետ եք խոսում»: Տիկին Գոհարը փորձեց ճշտել կնոջ աշխատանքի բնույթը, սակայն վերջինս անջատեց հեռախոսը:
Վարդան Սահակյանն ասում է, որ չկայացած փորձաքննության պատճառով որդին թոշակ, իրենք ընտանեկան նպաստ չեն ստանում: Գյուղապետ Վարուժան Բաղմանյանը, Վարդանի ընկերներն իրենց սուղ հնարավորությունների սահմաններում դրամական օգնություն են ցուցաբերել, սակայն դա բավարար չէ: Սահմանամերձ Չարաթանում մի կերպ գոյատեւող Սահակյանների ընտանիքը Օգսենի դեղերի, «փամփերսների համար» համար ստիպված ծախել է իրենց կովը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


















































