Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե անգամ ծնելիությունը պակասում է, հաշվառվողների թիվն աճում է

Ապրիլ 14,2012 11:28

Հարցազրույց ՀՀ Ոստիկանության Անձնագրերի ու վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե քաղաքացիները պետք է օգնեն, որ պետական կառույցները ճշգրտեն ընտրացուցակները: Արդյո՞ք բնակչության ռեգիստրի կամ ընտրացուցակների ճշգրտման կարեւորագույն գործընթացը պետք է կարգավորել քաղաքացիների օգնության կամ պատասխանատվության հույսով:

– Դա քաղաքացիների գործը չէ, իրավունքն է: Իրենց իրավունքներից բնակիչները կարող են օգտվել, կարող են չօգտվել: Ռեգիստրը ձեւավորվում է քաղաքացիների դիմումների եւ պետական մարմիններից ստացվող տվյալների հիման վրա:

– Այո, բայց արդյո՞ք մինչեւ ընտրություններն այդ ցուցակները չպետք է մաքրված լինեին, որ ընտրությունների նախաշեմին այսպիսի խառնաշփոթ չստեղծվեր:

– Ոչ, Ընտրական օրենսգրքի համաձայն` համապետական ցանկացած ընտրության համար նախատեսվում է ցուցակների վարման երկու ռեժիմ` նախնական եւ վերջնական: Նախնական` որովհետեւ օրենսդիրը չի բացառում, որ` դրանց մեջ կարող են լինել անճշտություններ: Վերջնական ցուցակներ, որոնք պետք է շտկված լինեն որոշակի ժամկետից` 30-40 օր հետո: Նախագահի ասածն ու նման մեկնաբանություններն ամբողջությամբ բխում են օրենքի տառից: Քաղաքացիներին իրազեկում ենք, որ` եթե ցուցակի մեջ տեսնում եք անճշտություն, դա չի նշանակում, որ դա անդառնալի կորուստ է: Մենք ասում ենք, եթե ցուցակներում տեսնում եք անճշտություններ, մեզ տեղեկացրեք, որ կարողանանք օպերատիվորեն վերացնել դրանք: Իսկ ընտրացուցակները վարելը միայն Ոստիկանության գործը չէ: Ճիշտ է, վարողը մենք ենք, բայց տեղեկատվության աղբյուրը միայն Ոստիկանությունը չէ: Եթե միայն Ոստիկանությունը լիներ, մենք նման կոչով չէինք դիմի քաղաքացիներին: Բայց չէ՞ որ ռեգիստրը տեղեկատվությունը ստանում է բազմաթիվ սուբյեկտներից, եւ մենք դիմել ենք բոլորին: Եվ ոչ միայն քաղաքացիներին, այլ իրավասու պետական մարմիններին, որ իրենք էլ իրենց տվյալները ճշտեն: Դիմել ենք Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությանը, եւ արդյունք կա: 2003թ. մահերն արդեն ուղարկում են: Թեեւ մենք դրանք պարբերաբար ստացել ենք, բայց չենք ստացել այն մահերի վերաբերյալ տվյալները, որոնց վերաբերյալ անձնագրի տվյալներ չեն եղել: Եթե մահացածի անձնագրի տվյալը լինում է, զագսը կարողանում է կողմնորոշվել, թե որ անձնագրային ծառայություն ուղարկի տվյալը, որ մահացածին հանեն ռեգիստրից: Բայց երբ ծրագրային խնդիրների պատճառով անձնագիր չեն ունեցել, չեն իմացել, թե քաղաքացին որ տարածքի բնակիչն է, երկար ժամանակ պահել եւ կուտակվել են այդ տվյալները: Հիմա ուղարկվում են, եւ արդյունքում մահացածների վերաբերյալ ավելի քան 1800 տվյալ է հանվել, եւ ընտրողների թիվը կիջնի:

– Բայց, երբ մարդը մահանում է, հարազատները շատ արագ փաստաթղթեր են հանձնում, որ ստանան «մահվան գումարը»:

– Դա թոշակառուներին է վերաբերում, երիտասարդներին չի վերաբերում: Թվում է, թե շահագրգռվածությունն այդպես է: Շատ-շատերը կան, որ մահվան փաստը չեն գրանցում, կամ, եթե գրանցում են, անձնագիրը չեն հանձնում: Արդյունքում` ստացվում է, որ մենք պետք է ճշտենք:

– Բայց դժվա՞ր է արդյոք համայնքներում համայնքների ղեկավարների եւ այլ ծառայությունների միջոցով ճշտել եռամսյակային կամ կիսամյակային կտրվածքով մահերի թիվը: Հատկապես գյուղերում դա շատ հեշտ է, գյուղապետն այդ տվյալը հեշտությամբ կարող է տրամադրել: Նման համագործակցություն չկա՞ ՏԻՄ-երի կամ մարզային այլ կառույցների հետ:

– Մեր հայտնաբերածները հիմնականում գյուղական համայնքների մահերն են: Անհնար է բազմաբնակարան շենքերի բնակիչների մահերը ճշտել այդ նույն եղանակով: Չես կարող 2 մլն ընտրողի տուն ոստիկան ուղարկել:

– Այդ դեպքում էլ համատիրություններ կան, կամ հնարավոր չէ՞ դա անել վարչական շրջանների, սոցիալական ու այլ ծառայությունների միջոցով:

– Համատիրություններն այդ տվյալներին չեն տիրապետում: Այլ բան է գյուղական համայնքները, մասնավոր հատվածի տները: Այդ մահերի մեծ մասը հենց այդ հատվածից ենք գտել:

– Ի վերջո, ինչ-որ մեխանիզմ պիտի՞ լինի, որ բնակչության ռեգիստրը վարող Ոստիկանությունը գոնե կիսամյակային կտրվածքով ունենա մահացածների տվյալները, որ դրանք տարիներով չկուտակվեն ու մեծ խնդիր առաջացնեն:

– Մեխանիզմը մեկն է. Արդարադատության նախարարությունը սահմանված ժամկետներում մեզ պետք է տրամադրի մահացածների վերաբերյալ տվյալները: Այլ եղանակ, քան կառավարության սահմանած ընթացակարգն է, գոյություն չունի:

– Փաստորեն, մեղավորն Արդարադատության նախարարությո՞ւնն է:

– Թերացում կա, եւ նախարարն այդ մասին հայտարարել է: Իսկ դա էլ այն պատճառով է եղել, որ հարազատներն անձնագրերը չեն հանձնել: Բայց արագ շտկեցին եւ սկսել են մեզ ուղարկել այդ տվյալները: Անխուսափելի էր, մենք այդ խնդիրը պետք է այս ընթացակարգով անցնեինք: Ցուցակները երբեք մահերի տվյալների հետ կապված այնքան ճշգրիտ չեն լինի, որքան` 10-15 օր հետո:

– Շատ մարդիկ մշտական կամ ժամանակավորապես հեռացել են Հայաստանից, թեեւ դեռ հաշվառված են Հայաստանում: Նրանց տվյալներն ինչ-որ կերպ չպե՞տք է առանձնացվեն:

– ՀՀ-ից մշտապես բացակայում են, բայց ռեգիստրին չեն հայտնել, ռեգիստրում նրանց թիվը չի նվազել, նույնիսկ աճել է: Եթե նրանք չհայտնեն, մենք այդպես էլ չենք կարող նրանց հաշվառումից հանել: Ահա թե ինչով է պայմանավորված ռեգիստրում ընտրողների թվի այդքան աճը: Մենք քաղաքացիներից խնդրում ենք այս հարցում աջակցել: Ի դեպ, ասեմ, որ ընտրացուցակները շատ լավ վիճակում են: Երբ կարդում ենք լրատվամիջոցների հրապարակումները, թվում է, որ ահռելի անճշտություններ կան, բայց Թեժ գծով զանգերը գրեթե նվազում են: Իսկ դա նշանակում է, որ ընտրացուցակները լավ վիճակում են:

– Գրեթե բոլոր համայնքներում ու հատկապես գյուղերում մշտական կամ ժամանակավոր գնացածների քանակը հատկապես գարնան-ամռան շրջանում երբեմն 50 տոկոսի է հասնում, եւ նրանց անունը, բնականաբար, ընտրացուցակներում կա: Ինչպե՞ս պետք է ֆիքսել նրանց անունները, որ նրանց փոխարեն չընտրեն, որ նրանք որպես ընտրող չներգրավվեն: Մշտապես կամ ժամանակավոր գնացածների այդ շարժի մասին տեղեկատվություն չպե՞տք է լինի:

– Թվում է, թե ընտրական գործընթացի օրինականության երաշխիքը ընտրացուցակներն են: Ոչ, ընտրացուցակներն ընդամենն այն անձանց տվյալներն են, ովքեր պետք է ընտրեն: Ընտրական գործընթացի օրինականության երաշխիքները` վստահված անձինք են, որոնց ընտրաիրավական գործունեությունը բավականին ընդլայնված է նոր օրենսգրքով: ԶԼՄ-ներն ու դիտորդական առաքելություններն են: Սրանք երաշխիքներ չե՞ն: Այս ինստիտուտները հենց այնպես չեն, չէ՞: Եվ այդ ինստիտուտների ուշադրությունը երբ շեղվում է դեպի ցուցակները, բավականին վնաս ենք պատճառում քաղաքացիներին: Իսկ ինչ վերաբերում է ձեր ասած շարժին, 2012թ. հոկտեմբերին երբ մարդահամարի արդյունքներն ամփոփվեն, նոր ԱՎԾ-ն կարող է հստակություն մտցնել, թե որքան մարդ է ՀՀ-ից մշտապես բացակայում, որոնց մեծ մասը հաշվառված է ՀՀ-ում: Գնացող մարդկանց եւ հաշվառող ռեգիստրի միջեւ կապ չկա:

– Երբ աշնանը պարզ լինեն մարդահամարի վերջնական տվյալները, 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ կլինե՞ն հստակ տվյալներ, թե մշտական հաշվառում ունեցող որքան մարդ է բացակայում Հայաստանից: Այդպիսով պարզ կլինի, թե մոտավորապես քանի ընտրող կարող է մասնակցել ընտրություններին:

– Շատ ծանր հարց եք տալիս, այդ հարցը պետք է տաք ԱՎԾ-ին: Բայց կարծում եմ, որ որոշակի հստակություն կլինի: Կարծում եմ, ԱՎԾ-ն կարող է ժամանակավոր եւ մշտապես բացակայողների թիվը որոշակիացնել: Համենայնդեպս, նախորդ մարդահամարի թվերը դա են վկայում:

– Հրապարակված ընտրողների ռեգիստրում կա մոտ 2,5 մլն ընտրող: Մարդահամարի նախնական տվյալներով` ՀՀ-ում առկա բնակչության նախնական ցուցանիշը մոտ 2 մլն 870 հազար է: Այսինքն, ընդամենը 400 հազա՞ր անչափահաս մարդ կա Հայաստանում:

– Մարդահամարի այդ 2,8 մլն-ը բնակչության ռեգիստրի մեջ հաշվառված անձանց հետ կապ չունի թվերի ձեւավորման իմաստով: Բնակչության պետական ռեգիստրը երբ հայտարարվեց, 2008-ի համեմատ տարբերությունը կազմեց մոտ 170.000 մարդ: Մարդահամարն ընտրողների թվի մասին չի խոսում, մարդահամարն ընդհանրապես բնակչության թվի մասին է խոսում:

– Բայց ընտրողները եւս մտնում են մարդահամարի թվի մեջ:

– Այո, բայց եկեք ընտրողների թվից խոսենք, որովհետեւ այդ երկու տվյալների մեջ տրամաբանական կապ չի կարող լինել, դրանց ձեւավորման սկզբունքներն այլ են: Ընտրողների թիվն ավելացավ 2 պատճառով` ներգրավվեցին նաեւ 2008-ից հետո չափահաս դարձած անձինք, եւ նրանք, ովքեր մինչ այդ հաշվառված չէին, բայց հաշվառվեցին: 2008-ից հետո անձնագիր ստանալը, փոխելը պայմանավորվեց հաշվառման հանգամանքի հետ: Մենք հարկադրեցինք, որ քաղաքացին հաշվառվի: Արդյունքում 170 հազարից ավելի մարդիկ առաջին անգամ հայտնվեցին ռեգիստրում:

– Ավելի քան 15 տարի է, ՀՀ-ում ծնելիությունը պակասում է: Ամեն տարի պաշտոնապես հայտարարվում է, որ առաջին դասարան ընդունվողների քանակը նվազում է, նաեւ երկրից արտագաղթում են: Նման պայմաններում ինչպե՞ս կարող է ընտրողների թիվն ավելանալ:

– Շատ պարզ` ծնելիությունը եթե անգամ պակասում է, հաշվառվողների թիվն աճում է: Վերջին 4-5 տարիներին հաշվառվողների թիվն է աճել: Հիմա շատ դեպքերում են հաշվառում պահանջում:

Արմինե Ավետյան

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30