Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանը հանցագործություն բացահայտելու համար դիմում է պոտենցիալ հանցագործներին

Ապրիլ 17,2012 10:43

Մեր թերթում տեղեկություն էինք տպագրել, որ Մասիս քաղաքում Հանրապետականի շտաբը ցուցակագրում է իր պոտենցիալ ընտրողներին եւ 10 հազարական դրամ ընտրակաշառք խոստանում, նաեւ, որ մարզի դպրոցների տնօրեններին եւ այլ ՀՀԿ-ական պաշտոնյաների զգուշացվել է, որ եթե ՀՀԿ-ն չհաղթի, իրենք հրաժարականի դիմումներ են գրելու։ Երեկ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնից գրություն ենք ստացել, ըստ որի՝ «ՀՀԿ շտաբի կողմից ընտրակաշառք տալու խոստումների վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության պատճառով»։ Որոշումը ստորագրել է Մասիսի բաժնի պետ Հ. Ղամբարյանը։ Գրության համաձայն՝ Մասիսի ոստիկանությունը զրուցել է մարզի հանրապետականների՝ թիվ 16 ընտրատարածքի ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Գարիկ Վարդանյանի, շտաբի պետի տեղակալ Ստեփան Խաչատրյանի, ՀՀԿ Մասիսի շրջանային կազմակերպության կազմակերպիչ Հայրապետ Հովհաննիսյանի եւ այլ ՀՀԿ-ականների հետ, որոնք բացատրություն են տվել, որ իրենք ընտրակաշառք չեն խոստացել ու չեն խոստանում։ Ռստիկանությունը հավատացել է հանրապետականներին։ Դպրոցների տնօրեններն էլ հայտարարել են, թե տեղեկությունը «բացարձակ սուտ է» եւ «հերյուրանք»։ Ոստիկանությունն էլ որոշել է գործ չհարուցել, հիմնավորելով, թե «տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»։

Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ ոստիկանը հանցագործություն բացահայտելու համար հավաքում է պոտենցիալ հանցագործներին (հայտնի է, որ ընտրակաշառք բաժանելը կազմակերպված հանցագործություն է) եւ հարցնում՝ կներեք, դուք հանցագործություն կատարե՞լ եք, օրինակ՝ մարդ սպանե՞լ եք կամ զողություն կատարե՞լ եք, եւ հրավիրվածներից լսում է միանշանակ «ոչ»-ը, այնուհետեւ բացատրություն է վերցնում ու որոշում գործ չհարուցել։ Դրանով համարում է գործը կատարած։

Քրեական գործի հարուցումը մերժելու որոշման առթիվ մի քանի հարց ուղղեցինք գործը քննած Մասիսի ոստիկանության հետաքննության գծով ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Նարեկ Սարգսյանին. ստացվում է, որ ոստիկանությունը որոշել է գործ չհարուցել՝ ՀՀԿ շտաբի անդամների խոսքերին հավատալով, մյուս հանցագործություններն է՞լ եք նման կերպ քննում, հետաքրքրվեցինք մենք։ «Ոչ»,- հայտարարեց քննիչը՝ շարունակելով. «Դա ընդամենը որոշումն է նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Դրանից բացի, ձեռնարկվել են օրենքով սահմանված բոլոր միջոցառումները։ Իսկ որոշման օրինականության հսկողությունը դրված է դատախազության վրա»։ Ի դեպ, մեզ ուղարկված գրության համաձայն, ոստիկանությունը բնակչության հետ չի խոսել, որ պարզի, թե ՀՀԿ-ն նման խոստումներ տվե՞լ է, թե՞ ոչ:

Մարինե ԽԱՌԱՏՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30