Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա երեխաները չեն ենթարկվում իրենց ծնողներին ու շատ ալարկոտ են». Ամենահին գրքի առաջին տողերը

Ապրիլ 22,2012 13:48

Այսօր կմերկնարկի «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի միջոցառումները: Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրվա հաջողված փորձից հետո (որը նշվում է 1996 թվականից), ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախաձեռնեց Գրքի համաշխարհային մայրաքաղաքի նախագիծը:
Առաջինը գրքի համաշխարհային մայրաքաղաք դարձավ Մադրիդը 2001թ.-ին: Նախագիծը հաջողվեց, և կազմակերպության գլխավոր համաժողովը հաստատեց «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» ամենամյա անվանակարգը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ ընտրական հանձնաժողովի մեջ ներառվեցին Հրատարակիչների միջազգային ասոցիացիան, Գրադարանային ասոցիացիաների և ինստիտուտների միջազգային ֆեդերացիան և Գրքավաճառների միջազգային ֆեդերացիան, իբրև գրքի շուկայի երեք հիմնական ու շահագրգիռ օղակներ:
Կնքվեց համագործակցության պայմանագիր, համաձայն որի Մադրիդից հետո գրքի մայրաքաղաքներ դարձան Ալեքսանդրիան (2002թ.) և Նյու Դելին (2003թ.):
Այնուհետև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընտրական հանձնաժողովը, գլխավոր գրասենյակում դիտարկելով ներկայացված հայտերը, հաստատեց գրքի մայրաքաղաքների հետևյալ շարքը`

Անտվերպեն (Բելգիա) 2004թ., Մոնրեալ(Կանադա) 2005թ., Թուրին (Իտալիա) 2006թ., Բոգոտա (Կոլումբիա) 2007թ., Ամստերդամ (Նիդերլանդներ) 2008թ., Բեյրութ (Լիբանան) 2009թ., Լյուբլյանա(Սլովենիա) 2010թ., Բուենոս Այրես (Արգենտինա) 2011թ., Երևան (Հայաստան) 2012թ. և Բանգկոկ (Թայլանդ) 2013թ.: Տեղեկանում ենք`yerevan2012.or-ից:

Աշխարհի ամենահին գիրքը գրվել է մ.թ.ա 3350թ.-ին: Այն հայտնաբերվել է եգիպտական Ֆիվա քաղաքում գտնվող բուրգերից մեկում: Կոչվում է «Prisse Papyrus»:  Հետաքրքիրն այն է, որ առաջին տողերը սկսվում են այսպես. «Ցավոք այսօրվա աշխարհը առաջավանը չէ, հիմա երեխաները չեն ենթարկվում իրենց ծնողներին ու շատ ալարկոտ են» ,-գրում է dopotopa.com-ը:

Հայերեն առաջին գրքերը` ձեռագիր մատյանները, ստեղծվել են 5-րդ դարից: Մեզ հասած հայ հնագույն ամբողջական ձեռագիր մատյանը 7-րդ դարի «Վեհամոր Ավետարանն» է: Հայերեն ձեռագիր գրքերը ստեղծվել և ընդօրինակվել են մինչև 18-րդ դարի վերջը` Էջմիածնի, Հաղպատի, Սանահինի, Տաթևի, Գլաձորի, Վանի, Աղթամարի, Կարինի, Բաղեշի, Սսի, Սկևռայի, Լվովի, Կաֆայի և այլ վայրերի գրչության կենտրոններում: 13-14-րդ դարերի ձեռագիր գրքերում են ստեղծվել հայկական մանրանկարչության գլուխգործոցները: Թղթի վրա մեզ հայտնի առաջին հայերեն ձեռագիր գիրքը ընդօրինակվել է 981-ին: Մեզ է հասել շուրջ 25 000 հայերեն ձեռագիր գիրք, տասնյակ հազար ձեռագիր մատյաններ կորել են, ոչնչացվել նվաճողների ձեռքով: Աղբյուրը`Հայկական համառոտ հանրագիտարան:

Հայ առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը», լույս է տեսել Վենետիկում, 1512-ին` Հակոբ Մեղապարտի ջանքերով: Տպագրության կենտրոններ են դարձել Կ. Պոլիսը, Վիեննան, Մադրասը, Կալկաթան, Ս.Պետերբուրգը, Նոր Նախիջևանը, Աստրախանը, Մոսկվան, Շուշին, Թիֆլիսը, Բաքուն և այլ քաղաքներ: Հայաստանում առաջին տպարանը բացվել է Էջմիածնում, 1771-ին: Հայ հնատիպ (մինչև 18-րդ դարի վերջը) տպագիր գրքերի թիվը հասնում է հազարի, 1801-50-ին հրատարակվել է մոտ 1700 գիրք: 1515-1988-ին ամբողջ աշխարհում տպագրվել է 100 հազար անուն հայերեն գիրք:

Իսկ աշխարհի ամենածանր գիրքը գտնվում է Բիրմայում, պատրաստվել է քարից, ունի 730 էջ եւ կշռում է 1400 տոննա: 9 տարվա ընթացքում նրա «էջերին» փորագրվել են բուդդայական, փիլիսոփայական բոլոր դրույթներ:

Ամենաերկար ու մեծ գրադարանը գտնվում է ԱՄՆ-ում: Դա կոնգրեսի գրադարանն է Վաշինգտոնում: Այնտեղ պահվում է շուրջ 60 միլիոն կտոր գիրք, իսկ գրադարակների ընդհանուր երկարությունը անցոևմ է 450 կմ.ից: Իմանում ենք warnet.ws-ից:

Աշխարհի ամենաթանկ գիրքը համարվում է Լեոնարդո դա Վինչիի «Լեյտերյանօրենսգիրքը», որը  «Մայքրոսոֆտ» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը ձեռք է բերել 24 միլիոն դոլարով

Ինչպես հաղորդում է bookmix.ru-ն` վերջերս Google ընկերությունը հաշվարկեց աշխարհում առկա բոլոր գեղարվեստական, գիտական գրքերն ու պարզվեց, որ նրանց ընդհանուր թիվը կազմում է 129 864 880:

Սիրելի ընթերցողներ, ինչպես գիտեք` Գրքի եւ հեղինակային իրավունքների միջազգային օրվա առիթով, «Առավոտ երիտասարդականը»` «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հետ համատեղ հայտատարարել էր լուսանկարների մրցույթ՝ «Իմ գիրքը» խորագրով: Եվ այսպես վաղը`ապրիլի 23-ին, ժամը 15:00-ին, Աբովյան 50/5 հասցեում գտնվող «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի երիտասարդական կենտրոնում» կկայանա մրցույթի մեկնարկի արարողությունը,  կցուցադրվեն լուսանկարները, որոնք մեկ ամիս շարունակ արդեն «Առավոտ երիտասարդականը»-ում արժանանալու են ձեր գնահատականին, սիրով հրավիրում ենք բոլորիդ: Հաճելի ժամանցն ու հետաքրքիր միջոցառումը ապահովված է:

 «Առավոտ Երիտասարդականը» շարունակում է իր ավանդույթները` մատուցելով անակնկալներ իր լսարանին: Ուրախությամբ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր նոր մրցույթը: Այսօր լրանում է  նոր` «Փաստերի Լեզվով» էջի 1 ամիսը, որի առիթով հայտարարվում է մրցույթ- վիկտորինա: Կտրվեն 8 հարցեր`առավել շատ եւ շուտ պատասխան ուղարկողը կստանա իր նախասիրությամբ 2 տոմս`ցանկացած ֆիլմի կամ ներկայացման համար: Պատասխանները կարող եք ուղարկել մինչ ապրիլի 30-ը: Եվս մեկ անակնկալ. «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք»-ին նվիրված` հայտարարում ենք եւս մի մրցույթ: Մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ, կարող եք ուղարկել նյութեր` «Ի՞նչ կտա մեզ Երեւանի գրքի համաշխարհային մայրաքաղաք լինելու փաստը» թեմայով: Լավագույն երկու նյութերը մայիսի 1-ին կտեղադրվեն կայքում:  Այն հրապարակումը, որը մինչ մայիսի 22-ը  առաջինը կունենա 2000 դիտում եւ ավելի, կստանա 2 տոմս ցանկացած ֆիլմի եւ 2 տոմս էլ ցանկացած ներկայացման համար: Սակայն մեզ մոտ պարտվողներ չեն լինում. եթե քո նյութը առաջինը չհատի 2000-ի դիտման սահմանը, սակայն այն դիտվի այդքան, կստանաս 1 ներկայացման կան ֆիլմի տոմս: Բոլոր պատասխանները`վիկտորինայի եւ նյութերի, կարող եք ուղարկել` ([email protected]) հասցեին` մինչ ապրիլի 30-ը ներառյալ: Վիկտորինայի հարցերը կարդացեք ներքեւի հատվածում. ի դեպ `խորհուրդ չենք տա օգտվել համացանցից, իզուր ժամանակ կկորցնեք 🙂 : Մրցույթների մասին առավել մանրամասն կիմանաք`միանալով մեր վաղվա միջոցառմանը:

Սիրով եւ սպասումով`«Առավոտ Երիտասարդական» 🙂

Հարց 1. Ո՞ր թվականին է լույս տեսել աշխարհի ամենաերկար վերնագրով գիրքը եւ ո՞րտեղ:
Հարց 2. Ո՞ր վեպում է գրված ամենաերկար նախադասությունը ու քանի՞ բառից է այն բաղկացած:
Հարց 3.Հայտնի գրողներից ու՞մ համար է վեճը հիմք ծառայել իր առջին ստեղծագործությունը գրելու համար:
Հարց 4. Ինչպե՞ս էր Շառլ Ազնավուրի մոր օրիորդական ազգանունը:
Հարց 5. Հայ գրողներից ո՞վ է մեղադրել մեր բոլոր պատմիչներին եւ ինչո՞ւ:
Հարց 6.Ռուս հայտնի գրողներից ո՞վ էր իր սիրելիին երբեմն կոչում իր շան անունով:
Հարց 7.Պարույր Սեւակը 11 տարեկանում ու՞մ ստեղծագործությունը կարդալուց հետո է գրել իր առաջին ոտանավորը: (Փոքրիկ հուշում` հեղինակը ռուս էր)
Հարց.8 Ի՞նչ բառով է ավարտվում Նոր Կտակարանը:

Հիշեցնեմ, որ պարտադիր չէ պատասխանել բոլոր հարցերին, թեպետ ցանկալի կլիներ: Կհաղթի հարցերին առավելագույն ճիշտ պատասխան տվողը:

Պատրաստեց Անդրանիկ Ջալալյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30