Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը՝ ՕԵԿ պատգամավորին. «Մտածիր, նոր խոսիր»

Մայիս 28,2012 20:50

«Խոսելուց առաջ լավ կլինի, որ մարդիկ մտածեն, նոր խոսեն: Եթե մարդ միտք է արտահայտում, անպայման պիտի մտածի ինչ է ասում, նոր խոսի»,- ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց այսօր ասուլիսում ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանի այն հայտարարությանը, որ առավելագույն ձայներ հավաքած քաղաքական ուժերը ընտրակաշառք են բաժանել, դրա համար ՕԵԿ 170 հազար անդամների մի մասը, այսպես ասած գայթակղվելով, չի քվեարկել իրենց կուսակցության օգտին:

Կարինե Աճեմյանի խոսքերով՝ «Ես չեմ հասկանում, թե ինքը ընդհանրապես ինչու է գնացել ասուլիսի ու ինչ է ուզեցել դրանով ասել: Մի բան կա ընդամենը՝ երբ քաղաքական ուժը քիչ ձայներ է հավաքում, ավելի քիչ, քան ինքը ակնկալում է, ինքը սկսում է մեղավորներ փնտրել: Ու այդ ժամանակ կարող է ինչ ասես՝ ասի: Դրա համար եմ ասում՝ պատգամավորը շատ պատասխանատու է ոչ միայն արարքի, այլ նաեւ խոսքի համար: Ես պարզապես ուզում եմ ասել, որ ամեն պատգամավոր պարտավոր է որեւէ հայտարարություն անելուց առաջ մտածի, նոր խոսի»:

Մեր հարցին՝ նման հայտարարությունից  նրա խոսքերը կարո՞ղ են վնասել կոալիցիայի ստեղծման բանակցություններին՝ տիկին Աճեմյանը պատասխանեց. «Ոչ, իհարկե»:

Նաեւ հետաքրքրվեցինք՝ կարծում եք, որ Արթուր Բաղդասարյանը չի՞ կիսում այդ տեսակետը՝ տիկին Աճեմյանը պատասխանեց. «Դա իրեն պետք է հարցնեք՝ նա իր անձնակա՞ն տեսակետն է հայտնում, թե՞ կուսակցության: Բայց մարդը պիտի խոսելուց առաջ մտածի, նոր ասի: Դե թող պարզ ասեր: Եվ ընդհանրապես, բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր ընտրակաշառքի մասին բան են ասում, ավելի լավ կլիներ, որ իրենք իրենց բողոքները գրավոր հայտնեին, այսինքն՝ փաստերն արձանագրեին, ոչ թե օդի մեջ ինչ-որ հայտարարություններ անեին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031