Լրահոս
Օրվա լրահոսը

«Թագավորից» հաճախորդ, «առյուծից» փիսիկ դառնալու ճանապարհը

Հունիս 14,2012 10:18

Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանը դադարեցրել է իր աշխատանքը: Այդ մասին հայտնի է դարձել երեկ, իսկ ԲՀԿ նախագահի մամլո խոսնակը «Ազատությանը» հայտնել է, թե գործարանն անպայման աշխատելու է ու պետք չէ քաղաքականացնել պարապուրդը: Սակայն, ուզես, թե չուզես, երբ այդ դադարը կամ կանգառը տեղի է ունենում այժմ՝ Վարդան Օսկանյանի և ԲՀԿ շուրջ ծավալվող իրադարձություններում, այն ինքնաբերաբար արդեն իսկ դառնում է քաղաքական: Ըստ ամենայնի, Գագիկ Ծառուկյանը փորձում է այդպիսով որոշակիորեն սոցիալական իրավիճակ սրել Հայաստանում:

Ցեմենտի գործարանում աշխատում է մոտ 1000 մարդ, սակայն այդ մարդկանցից բացի, շատ շատերը ներգրավված են շինարարության ոլորտում, որտեղ օգտագործվում է ցեմենտը: Պարապուրդը նշանակելու է ցեմենտի գնի բարձրացում, ինչն էլ իր հերթին բերելու է սոցիալական որոշակի դժգոհություն է՛լ ավելի շատ մարդկանց շրջանում: Ըստ ամենայնի, ԲՀԿ առաջնորդն օգտագործում է իր կապիտալը, իշխանության ճնշումներին պատասխանելու համար: Սա, իհարկե, միանգամայն բնական է, քանի որ եթե կան ճնշումներ, բնականաբար պետք է լինի նաև դրանց դիմագրավելու ջանք, և այդ ճանապարհին ԲՀԿ-ն խտրականություն չի դնի միջոցների միջև, եթե այդ խտրականությունը չի դնում նաև իշխանությունը:

Այստեղ, սակայն, արդեն շատ կոնկրետ կերպով պարզ է դառնում, որ իշխանություն-ԲՀԿ, կամ ՀՀԿ-ԲՀԿ, կամ էլ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակադրություններից սկսում են տուժել արդեն առանց այդ էլ ծանր սոցիալական պայմաններում գտնվող քաղաքացիները, որոնք ներգրավված են կամ գործարանի աշխատանքում, կամ էլ շինարարության ոլորտում, քանի որ ցեմենտի հնարավոր կամ հավանական թանկացումը բնականաբար կարող է անդրադառնալ ոլորտի վրա: Իսկ սա արդեն ամենից գլխավոր խնդիրն է, երբ իշխանության համար պայքարը ուղղակիորեն սկսում է հարվածել քաղաքացուն, թեև այդ հարվածը անուղղակիորեն առկա է եղել միշտ: Ի վերջո, իշխանության համար պայքարին ուղղվող էներգիան կարելի էր և թերևս պետք էր ուղղել քաղաքացիների, հասարակության, պետության համար կարևորագույն հիմնախնդիրների լուծմանը, որոնք օրեցօր ավելի են ծանրանում Հայաստանի և հայաստանցու վրա` խթանելով արտագաղթը և թուլացնելով պետության հանդեպ հանրային վստահությունը:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930