Լրահոս
Օրվա լրահոսը

Ապագա չեմ տեսնում ՀԱԿ-ի ԲՀԿ-ի միջև համագործակցություն հարցում. Սոս Գիմիշյան

Օգոստոս 03,2012 11:01

Հայ ազգային կոնգրեսի ներսում այսօր առկա տարաձայնությունները հիմնականում մարտավարության հետ են կապված: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ կազմում գտնվող «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: «Իմ կարծիքով՝ մինչև նախագահական ընտրությունները լուրջ փոփոխություններ չեն լինի կոնգրեսում: Նախագահական ընտրություններից հետ տեղի կունենան փոփոխություններ, որոնք ավելի կառողջացնեն վիճակը, ավելի կհամախմբեն: Կարող է նաև որոշ կորուստներ լինեն: Բայց մեր կուսակցության համար Հայ ազգային կոնգրեսը վերջին հինգ տարվա մեջ ամենամեծ ձեռքբերումն է: Դրա համար ես կարևորում եմ այդ կառույցը: Որոշ փոփոխություններով հանդերձ, կարծում եմ, որ հանարվոր է կառույցն առողջացնել, եղածը զարգացնել»,- ասաց Գիմիշյանը:

Հարցին, թե իրենց կուսակցությունը նախագահական ընտրություններում ո՞ւմ է տեսնում որպես ընդդիմության միասնական թեկնածու, Գիմիշյանը պատասխանեց, որ միասնական թեկնածուն իրենց համար կեղծ հասկացություն է: «Այսօր Հայ ազգային կոնգրեսում 15 կուսակցություն կա, եթե 15 կուսակցության կողմից որոշվի մի թեկնածու, դա է միասնական թեկնածուն: Մյուս խոսակցությունները միասնական թեկնածուի վերաբերյալ ես չեմ ընդունում, չեմ էլ հասկանում»,- ասաց նա:

Սոս Գիմիշյանը նաև նշեց, որ նախագահական ընտրություններին մասնակցելու համար չի տեսնում ՀԱԿ-ի համագործակցությունը քաղաքական մյուս ուժերի հետ: «Չեմ տեսնում ոչ Դաշնակցության, ոչ Ժառանգության, ոչ էլ Բարգավաճ Հայաստանի հետ համագործակցություն»,- ասաց նա:

Սոս Գիմիշյանը նշեց, որ ապագա չի տեսնում կոնգրեսի և այլ ուժերի, մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև համագործակցություն հարցում: Նրա խոսքով՝ նախագահական ընտրությունների հետ կապված լուրջ փոփոխություններ չեն լինի: «Այս նախագահական ընտրություններին գնալը, ընտրած ճանապարհը կամ լուծումները ձևավորվել են Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի կողմից: Փոքրիկ շանսեր կան, որ գուցե մեզ մոտ նախագահական ընտրություններում փոքրիկ հաջողություններ լինեն: Դրա հնարավորությունը գնահատում եմ այնքան, ինչքան ՀԱԿ-ը պառլամենտական ընտրությունների ժամանակ էր ստացել մոտ 7 տոկոս: Տա Աստված ես սխալվեմ, և Հայ ազգային կոնգրեսի թեկնածուն հաղթանակի հասնի: Բայց ներքին նախադրյալներ չեմ տեսնում դրա համար»,- ասաց նա:

Հարցին, թե «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը դուրս կգա՞ ՀԱԿ-ից, եթե այնուամենայնիվ որոշվի, որ ՀԱԿ-ը պաշտպանելու է այլ ընդդիմադիր կուսակցության թեկնածուն, Գիմիշյանը պատասխանեց. «Նախ ,եթե մեր կուսակցությունը դեմ լինի, Հայ ազգային կոնգրեսն այդպիսի որոշում չի կարող ընդունել: Դուք գիտեք՝ ՀԱԿ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնցենսուսով: Ես չեմ տեսնում այդպիսի թեկնածու, որին մենք Հայ ազգային կոնգրեսից դուրս կպաշտպանենք»: Ըստ նրա՝ եթե որևէ քաղաքական ուժ կգտնի, որը պետք է կոնգրեսից դուրս այլ քաղաքական ուժի հետ գնա նախագահական ընտրություններին, ապա թող այդ ուժը դուրս գա ՀԱԿ-ից: «Ես դժվար եմ պատկերացնում, որ որևիցե մեկն ինձ համոզի, որ մենք ՀԱԿ-ից դուրս որևիցե թեկնածուի պաշտանենք: Այսօրվա դրությամբ կարող եմ ասել՝ մենք դրսից թեկնածու չենք տեսնում, չենք աջակցելու, այդ իսկ պատճառով Հայ ազգային կոնգրեսը նման որոշում չի կարող ընդունել»,- ընդգեց Սոս Գիմիշյանը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031