Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայի աչքերը» Մարթեն Յորգանցին էր նվիրված

Օգոստոս 04,2012 13:36

Սփյուռքահայ երգիչը «բացում է փակագծերը»

Լիլիթ Դանիելյանն ու Մարթեն Յորգանցը:

ՀՀ սփյուռքի նախարարությունը այս տարի նախաձեռնել է «Իմ Հայաստան» մշակութային փառատոնը, որը նպատակ ունի բացահայտելու Սփյուռքում գործող կատարողական խմբերի եւ անհատների: Հիշեցնենք, որ 2005-10թթ. Հայաստանում անցկացվեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը, որի գործառույթները, փաստորեն, փոխանցվել են «Իմ Հայաստանին»: Վերջինս, սակայն, ունի առանձնահատկություն՝ այն թեմատիկ է, իսկ փառատոնի ժամանակահատվածն էլ բաժանված է ըստ ժանրերի՝ պարային, անհատ կատարողների, խմբերգային եւ դուդուկի:

Ավարտվել է պարային փառատոնը, որին հաջորդեց անհատ կատարողներինը: Վերջինս մեկնարկեց հուլիսի 31-ին, Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում՝ երկու մանկական ծրագրով: Ճանաչված սփյուռքահայ երգիչ Մարթեն Յորգանցն էլ հանդես եկավ «Շանթ» TV-ի «աստղիկների» հետ: Երգչուհի, երգահան, «Շանթ» TV-ի «Աստղիկ» նախագծի պրոդյուսեր, «Իմ Հայաստանի» անհատ կատարողների համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Լիլիթ Դանիելյանը «Առավոտին» հայտնեց, որ փառատոնը՝ հայաստանցի եւ Սփյուռքից ժամանած շուրջ 3 տասնյակ անհատ կատարողների մասնակցությամբ (դաշնակահարներ, ջութակահարներ, երգիչներ եւ կատարողական արվեստի այլ ժանրերի ներկայացուցիչներ), կշարունակվի մինչեւ օգոստոսի 6-ը:

Մեզ հետ զրույցում Մարթեն Յորգանցը նշեց, որ համահայկական փառատոնին մասնակցում է ՀՀ սփյուռքի նախարարության հրավերով եւ կայացած մանկական երկու համերգներն էլ Լիլիթի ձեռնարկն էին: Երգիչն ասաց, որ 1988-ից կապվել է հայրենիքի հետ, ու այսօր կկայանա իր 127-րդ համերգը, իսկ Մարզահամերգային համալիրում ունեցել է 99 մենահամերգ՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարած էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ: Ժպտալով տեղեկացրեց, որ եթե այս հրավերը չլիներ, ինքը, միեւնույն է, չպետք է խախտեր յուրաքանչյուր ամառ հայրենիքում գտնվելու իր ուխտը, հավելելով, որ այս այցելությունը բացառիկ է իր համար. հրավիրված է հայաստանցի բարեկամի՝ «Արձագանք» ընկերության նախագահ Եղիշե Պետրոսյանի որդու՝ օգոստոսի 11-ին կայանալիք հարսանյաց հանդեսին:

Հայաստանում Յորգանցին ճանաչում են իբրեւ մանուկների ու նրանց ընկերակցությամբ հանդես եկող մանկական երգերի կատարողի ու երգահանի, ու երբեք չի խոսվել նրա արտերկրյա, թեկուզ Ֆրանսիայում ծավալած երգչական գործունեության մասին: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Յորգանցն ասաց. «Երգչական կարիերաս սկսել եմ 42 տարի առաջ, Պոլսում, ու այնտեղ էլ 1967թ. արժանացել «Ոսկե միկրոֆոն» հեղինակավոր մրցանակի, դրանից հետո անմիջապես տեղափոխվեցի Ֆրանսիա: Սփյուռքում հանդիսատեսին ներկայանում եմ տարբեր ազգերի երգերով, սակայն ինձ հոգեհարազատ են իտալականը, ֆրանսիականը եւ, իհարկե, հայկականը: Հանդես եմ եկել եվրոպական երկրներում, Ամերիկայում, Ռուսաստանում՝ սրահներում եւ մարզադաշտերում»: Զրույցին ներկա Յորգանցի կինը՝ Քալինն էլ նշեց, որ ինքը չի մոռանա հատկապես հռչակավոր «Օլիմպիա» սրահում Յորգանցի երկու մենահամերգները:

Դիտարկմանը, թե Հայաստանում արվեստագետների նեղլիկ շրջապատի է հայտնի երգչի տիկինը, Յորգանցը պատասխանեց. «Կինս էլ ծնունդով Պոլսից է եւ մինչ մեր համատեղ կյանքը, նա շուրջ 4 տասնամյակ բնակվել է Կանադայում: Ամուսնացել ենք 14 տարի առաջ ու ներկայումս բնակվում ենք Փարիզում: Տիկինս մասնագիտությամբ զբոսաշրջային գործակալ է»: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ ինքը 35 տարի է՝ Փարիզում զուգահեռ զբաղվում է ռեստորանային բիզնեսով. «Փարիզի կենտրոնում թվով 4-րդ «Յորգանց» ռեստորանը միակ հայկականն է: Հաճախորդներիս 80 տոկոսն էլ տեղաբնակներ են: Շատ հյուրեր եմ ունեցել ու ունենում Հայաստանից, սակայն մի դեպք տպավորվել է. 1984թ. ռեստորանում հյուրընկալեցի մեծանուն Ֆրունզիկ Մկրտչյանին, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին եւ երգիչ Գեորգի Մինասյանին: Հենց այդտեղ էլ Ամիրխանյանն ինձ նվիրեց «Հայի աչքեր» հանրահայտ երգը, որի առաջին կատարողն եմ եղել»: Յորգանցը հիշեց, որ երբ Ամիրխանյանը երգը նվիրել է իրեն, լուսահոգի Գեորգի Մինասյանը նեղվել է, նույնիսկ արտահայտվել, թե ինչու ոչ իրեն, այլ սփյուռքահայ երգչին…

Երգիչը չթաքցրեց, որ այսօր հիմնականում հանդես է գալիս իր ռեստորանում. «Դա ինձ մշտապես «ֆորմայի» մեջ է պահում, եւ հետո՝ արեւմուտքում յուրաքանչյուր արվեստագետ պետք է իր հիմնական գործին զուգահեռ՝ ունենա եւս մեկ աշխատանք: Իմ դեպքում՝ դա ռեստորանային բիզնեսն է»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031