Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբանանի 57 հոգանոց գործարար պատվիրակությունը Արցախում

Օգոստոս 31,2012 10:30

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը Լիբանանից Լեռնային Ղարաբաղ է այցելում 57 գործարարներից կազմված պատվիրակություն, որը պաշտոնական հանդիպումներից բացի տեղում կծանոթանա ինչպես երկրորդ հայկական հանրապետության ներդրումային հնարավորություններին, այնպես էլ ընթացիկ բիզնես և բարեգործական ծրագրերին:

Լիբանանյան կապիտալով Կիպրոսում գրանցված  ԱՐԻ (Artsakh Roots Investment) ընկերությանը մաս են կազմում լիբանանահայ 85 գործարարներ: ԱՐԻ-ն ԼՂՀ իշխանությունների հետ համագործակցաբար ցածր տոկոսադրույքներով երկարաժամկետ վարկեր է տրամադրում Քաշաթաղի և Շահումյանի շրջանների (Մռավից՝ Արաքս) բնակիչներին: Անցնող երկու տարիների ընթացքում արդեն ավելի քան 600 ընտանիքներ օգտվել են ԱՐԻ-ի տրամադրած՝ գյուղատնտեսությունն ու անասնապահությունը վարկավորելուն և զարգացնելուն ուղղված պատեհությունից:

«Մեր ընկերության գործունեության հիմնական սկզբունքներն են կայուն և երկարաժամկետ վարկավորումը, թափանցիկությունն ու բաց հաշվետվությունը», ասում է ԱՐԻ-ի բաժնետերերից Բենիամին Բչաքչյանը:

Բազմաթիվ բարեգործական ծրագրերի կողքին, որոնք շարունակվում են արդեն տարիներ, լիբանանահայ գործարարները որոշել են իրական ներդրումներով մաս կազմել Արցախի վերականգնման և զարգացման համահայկական նպատակին: Բչաքչյանն ասում է, որ ԱՐԻ-ի նախագիծը պիտի օրինակելի ուղենիշ լինի նաև այլ երկրների հայ գործարարների համար:

Լիբանանահայ գործարարների 57 հոգանոց պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպումներ կունենա նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ, կայցելի Շահումյանի և Քաշաթաղի շրջանների բազմաթիվ գյուղական բնակավայրեր, տեղերում կծանոթանա այն ընտանիքների հետ, ովքեր արդեն օգտվել են ԱՐԻ-ի վարկերից:

Այցի ընթացքում Լիբանանի «Արցախ» ֆոնդի ներկայացուցիչները տասնյակ ընտանիքների կթու կովեր կնվիրեն: Արդեն հինգ տարի ֆոնդը կթու կով է տրամադրում Մռավից Արաքս ընկած բնակավայրերի բոլոր այն ընտանիքներին, որտեղ ծնվում է երրորդ և հաջորդ երեխան:

Թաթուլ Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031