Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Մկրտչյան. «Տարածքային կորուստը մեր մեղքով է եղել»

Հոկտեմբեր 10,2012 14:42

2011 թ. Հայաստանի կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանվել է «Մարգար պապը» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը: Բեմադրող ռեժիսորը Գուժ Թադևոսյանն է: Ֆիլմը մարդկային հարաբերությունների շուրջ է զարգանում:

«Հաճախ երկրների միջեւ եղած սահմանային եւ քաղաքական անհամաձայնությունները անդրադառնում են ազնիվ ու աշխատասեր մարդու ապրելակերպի վրա: Դա նաեւ Մարգար պապի հոգսն է, երբ մի առավոտ արթնանալով` պարզում է, որ տասնամյակներով իր տանն ու հողին մաս կազմող արտաքնոցը անհասկանալիորեն հայտնվել է ուրիշ պետության սահմանում: Սահմանապահների եւ գյուղապետի անհեթեթ բացատրությունները` սահմանը չխախտելու վերաբերյալ, աշխարհին շիտակ հոգով վերաբերվող Մարգար պապի համար չեն, եւ նա ստիպված է լինում հողագործի բահը մի կողմ դնել, խրամատ փորել եւ զենքով պաշտպանել իր ունեցվածքն ու պատիվը»,- այսօր «Արմենպրես» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ պատմեց ֆիլմի ռեժիսորը:

Թադեւոսյանի խոսքով` կինոնկարը մասնակցել է բազմաթիվ կինոփառատոնների եւ արժանացել մրցանակների. «Մարգար պապը» օրեր առաջ է վերադարձել Յալթայում կայացած 13-րդ «Միասին» միջազգային հեռուստակինոֆորումից: Այնտեղ «Սկիզբ» անվանակարգի մրցութային բաժնում ֆիլմը արժանացել է հաղթողի մրցանակի եւ դիպլոմի»:
Սա ռեժիսորի առաջին լուրջ աշխատանքն է` ինքն է ասում ու ավելացնում, որ մինչեւ այս ունեցել է աշխատանքներ, սակայն բարդության իմաստով նման չեն սրան: Խոսելով ֆիլմի հետ կապված ապագա անելիքների մասին` ասաց, որ «Մարգար պապը» կմասնակցի «Նուռ» միջազգային կինոփառատոնի մրցութային բաժնում:
Սցենարի հեղինակ Արթուր Մկրտչյանն ասում է, որ ֆիլմի հիմքում ընկած են իրական դեպքեր. «Լրագրող ընկերներիցս մեկը հոդված էր տպագրել: Տեսա դա եւ որոշեցի սցենարը հիմնել դրա վրա: Ֆիլմում բարձրացված է նաեւ մեր տարածքային կուրստի հարցը, որը եղել է մեր մեղքով:»

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031