Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզում ներառական դպրոցների թիվը 2-ով կավելանա

Նոյեմբեր 30,2012 17:27

Թեեւ Լոռու մարզում այս պահի դրությամբ գործում է 6 ներառական հանրակրթական ուսումնական հաստատություն, այնուամենայնիվ, 2013 թվականի հունվարից նախատեսվում է դպրոցների թիվը ավելացնել 2-ով:

Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը Aravot.am–ի հետ հարցազրույցում նշում է, որ ներառական դպրոցների ավելացումը առաջին հերթին ուղղված է հաշմանդամություն ունեցող երեխաների` հասարակության մեջ ինտեգրմանը:

Ըստ նրա` անցել են ժամանակները, երբ ծնողները բացասական վերաբերմունք էին ցուցաբերում ներառական կրթությանը.

«Սկզբում ոչ մեկը չէր հավատում, որ հաջողության կարող ենք հասնել, բոլորը շատ կասկածամտորեն էին տրամադրված, եւ նույնիսկ եղել են դեպքեր, երբ ծնողը շատ խիստ հուզվել է, թե ինչու պիտի հաշմանդամություն ունեցող երեխան սովորի իր երեխայի հետ: Բայց ահռելի աշխատանքից ու մեծ դժվարություններից հետո ծնողները հասկացան, որ ոչ ոք ապահովագրված չէ նման խնդիրներից»:

Նարեկ Սարգսյանը փաստում է, որ երբ ծնողները տեսել են` հաշմանդամություն ունեցող երեխաները ոչ միայն չեն խանգարում, այլեւ հենց իրենք են ամեն կերպ փորձում օգնել մյուսներին, կարծրատիպերը հօդս են ցնդել.

«Արդեն ունենք հոգեբանորեն պատրաստ ծնողներ, ովքեր նախկինի պես չեն ընդվզում` հասկանալով, որ եթե, Աստված չանի, վաղը իրենց երեխայի հետ էլ մի բան պատահի, իրենց էլ դուր չի գա մեկ այլ ծնողի խտրական վերաբերմունքը»:

Այս տարվա դրությամբ 11 երեխա է դիմել մարզպետարան` ներառական կրթության անցնելու համար:

Մարզում ապրում է հաշմանդամություն ունեցող 727 երեխա:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930