Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Կարծրատիպերը խանգարում են հասարակության առողջ զարգացմանը

Դեկտեմբեր 04,2012 23:25

Այսօր Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում «Քաղաքացիական երկխոսությունը եւ գործնական քայլերը հանուն փոփոխությունների» ծրագրի շրջանակներում  Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կազմակերպած «Ավանդույթներ, սովորույթներ, կարծրատիպեր» թեմայով դասընթացի մասնակիցները ակտիվ քննարկում էին ծավալել:

21-ամյա Նարինե Հակոբյանը դասընթացի մասնակիցներից է: Նա կարծում է, որ զարգացման ճանապարհին դարերով եկած ավանդույթների, սովորույթների ու կարծրատիպերի վերափոխումը անխուսափելի է: «Եթե դու ուզում ես զարգանալ, ապա, բնականաբար, դրա արդյունքում պիտի ինչ-որ բան տաս, մի բան փոխես, տվյալ դեպքում շեշտի տակ են դրվում մեր ավանդույթները, սովորույթները, կարծրատիպերը: Ժամանակի ընթացքում  տվյալ ավանդույթը ձեւափոխվում է, դառնում է այլ, մոտեցումները փոխվում են»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Նարինեն:

Ըստ նրա` թեեւ կան ավանդույթներ, որոնք պետք է պահել, օրինակ, հարսի ճերմակ զգեստ հագնելը, բայց, այնուամենայնիվ, կան կարծրատիպեր, որ ժամանակի հետ համահունչ չեն: «Կան ավանդույթներ, կարծրատիպեր, որ այսօրվա ժամանակներին չեն համապատասխանում, ու տվյալ ավանդույթների ձեւափոխումը անհրաժեշտություն է դառնում:  Ասենք,  աղջիկը ընկեր է ունեցել ու բաժանվել է, սխալ է, երբ մարդիկ սկսում են այդ աղջկան պիտակավորել»:

Վանաձորում Ջինիշյան հիշատակի հիմնադրամի  «Քաղաքացիական երկխոսությունը եւ գործնական քայլերը հանուն փոփոխությունների» ծրագրի օգնական Լիլիթ Սինդոյանն էլ Aravot.am-ի հետ հարցազրույցում նշում է, որ ծրագրի նպատակը ուսանողներին, քաղաքացիներին ակտիվացնելն է, որպեսզի նրանք լինեն ավելի նախաձեռնող, ավելի ակտիվ, ավելի բանիմաց. «Ավանդույթները մեր  մեջ կան ու հաստատ կմնան, շատ ավանդույթներ կան, որ փոփոխվում են, մի քիչ ձեւափոխվում են, վերափոխվում են, բայց պահպանվում են, դուրս չեն գալիս: Դա նաեւ ուրախալի է, քանի որ մեզ հայ հենց այդ ավանդույթներն են պահում: Բայց կան նաեւ կարծրատիպեր, որոնք ճիշտն ասած, այդքան էլ տեղին չեն: Շատ ծնողներ, մտածելով, որ պաշտպանում են երեխային, խոչընդոտելով հենց  նրանց  զարգացումն են կանխում»:

Դասընթացի վարող,  ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Հայկ Սահակյանն էլ մեզ հետ զրւյցում նշում է, որ կարծրատիպերը կոտրելու ժամանակն է. «Առհասարակ ցանկացած կարծրատիպ պետք է կոտրել եւ դրան հակառակ գնալ: Կարծրատիպերը խանգարում են հասարակության առողջ զարգացմանը»:

Դրանով հանդերձ, սակայն, նա, կարծում է, որ, պետք  է հարգել եղած ավանդույթներն իրենց ընթացքի մեջ. «Պետք է այն  հարգել, սակայն իր զարգացման պրոցեսի մեջ, որովհետեւ, ուզենք, չուզենք, ժամանակի ընթացքում այն փոփոխվում է»:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31