Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սմբատյան. Հայրս չէր վախենում քաղբանտարկյալի հետ շփվելուց

Դեկտեմբեր 12,2012 17:11 Share

Դեկտեմբերի 27-ին 4 տարի կլինի, ինչ անվանի գեղանկարիչ, «գույների ասպետ» բնորոշված Կարեն Սմբատյանն ապրում է երկնային կյանքով: Նրա որդին՝ Դավիթ Սմբատյանը, Aravot.am-ի հետ զրույցում հիշում է, որ լինելով հանգստություն եւ լույս ճառագող նկարների հեղինակ, Կարեն Սմբատյանը նաեւ ակտիվ քաղաքացի ու հայրենասեր մարդ էր: «Նա մոտ ընկեր էր Հայկազ Խաչատրյանի հետ, ամեն անգամ հենց Հայկազն ազատվում էր հերթական աքսորից, հանդիպում էր հորս հետ: Ես էլ էի լինում Հայկազենց տանը՝ «Ռոսիայի» մոտ էին ապրում, խաղում նրա ատրճանակով: Այդ տարիներին նման շփումները քաղբանտարկյալի հետ վտանգավոր էին, բայց Կարեն Սմբատյանին դա հետ չէր պահում, ավելին՝ լինելով «Պիոներ» եւ «Ծիծեռնակ» ամսագրերի գեղարվեստական խմբագիր, աշխատանք էր տալիս Հայկազ Խաչատրյանին, որովհետեւ նա փող վաստակելու այլ աղբյուր չուներ»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է, թե մեծացել են Նժդեհի գաղափարախոսության ներքո՝ ինչպես Նժդեհը, այնպես էլ Սմբատյանը նախիջեւանցի են. « Ինչքան ես հիշում եմ, մենք խոսում էինք Նժդեհից, պապան մեզ բացատրում էր, թե ով է նա: Ի դեպ, 70 տարի լռությունից հետո մամուլում առաջին հոդվածը Նժդեհի մասին տպագրել է Կարեն Սմբատյանը՝ «Գարուն» ամսագրում, իրենց դժվարությամբ են դա թույլատրել: Գաղտնիք չէ նաեւ, որ 1965 թվականին՝ Եղեռնի 50-ամյակին մարդկանց հրավիրելու համար ինքը եւ քանդակագործ Սահակ Սահակյանը գիշերով թռուցիկներ են տարածել: Զարմանում եմ, որ չեն բանտարկել՝ պապային ակնածանքով են վերաբերվել: Իր հուշերում էլ մի դրվագ կա՝ եկել են ԿԳԲ-ից, տեսել են, որ Գեւորգ Չաուշ ու Նժդեհ է նկարում, մեղմ զգուշացրել են, թե վատ պատմությունների մեջ կընկնես»:

Դավիթ Սմբատյանը նաեւ հիշում է, որ հայրը դեմ էր արվեստում «ժառանգականությանը», դրա համար էլ իրեն ու եղբորը խորհուրդ է տվել այլ գործով զբաղվել, չնայած երկուսն էլ նկարում էին:

Կարեն Սմբատյանը տարված էր սպորտով եւ անգամ իր հուշերում գրել է, թե ցանկացած հայ տղամարդ պետք է բռնցքամարտիկ լինի:

Տարիներ առաջ Կարեն Սմբատյանը ցուցահանդես է ունեցել Մյունխենի մոտ գտնվող Գարխինգ քաղաքի պատկերասրահում՝ տեղի քաղաքապետի հրավերով: Այդ առիթով որդին մի դրվագ պատմեց. «Ցուցահանդեսի ժամանակ 2 թուրք երիտասարդ ծուխ արտազատող պայթուցիչ են նետում դահլիճ: Գերմանացիները խուճապի էին մատնվել. ապշեցնող էր նրանց հոգատարությունը՝ պատրաստ էին իրենց մարմնով պայթուցիչը հանգցնել, իսկ հայրս հանգիստ նայում էր էդ տեսարանին, հանդարտ մարդ էր, հրեշտակային խաղաղությամբ: Դա խոսում է նրա ուժի մասին: Ի դեպ, ցուցահանդեսը շատ լավ անցավ ու հրաշալի լուսաբանվեց գերմանական մամուլում»:

Մանրամասները՝ տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31