Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. ԲՀԿ-ն պարզապես իրավունք չունի դիտորդ լինելու

Դեկտեմբեր 15,2012 11:07

Հատված «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հարցազրույցից:

 -Նախագահական ընտրություններում չառաջադրվելու եւ որեւէ թեկնածուի չսատարելու վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ձեզ համար անակնկա՞լ էր։ Այդ որոշումը շա՞տ բան է փոխում նախընտրական խճանկարում։ 

-Ոմանց համար գուցե կանխատեսելի էր՝ հետադարձ հայացքով կամ ի սկզբանե, ինձ համար կանխատեսելի չէր։ Յուրաքանչյուր կուսակցություն կամ ղեկավար ինքնիշխան է իր որոշումների մեջ, եւ ես բնավ տեղեկացված չէի՝ գործընթացն ուր է տանում։
Հարգանքի արժանի որոշում է, որտեղ կա թե՛ հաշվարկ, թե՛ շահ, թե՛ իմաստնություն, թե՛ համեստություն, թե՛ սեփական տեղը հայ իրականության մեջ զգալու եւ ապագան դիտարկելու մտայնություն, թեեւ՝ մի քիչ ոչ ստանդարտ։ Նման ազդեցիկ ուժը, երբ ասում է՝ ոչ միայն չեմ մասնակցելու, այլեւ չեմ սատարելու, ինքնին հարուցում է մի շարք հարցեր։
Կարծում եմ, այդ ձեւակերպումը պետք է ունենա գործնական շարունակություն. կա՛մ նահանջ դեպի նախորդ կոալիցիա, որը համարում եմ ոչ ճիշտ, հակասահմանադրական, կա՛մ, եթե կուսակցությունն ի սկզբանե անկեղծ էր՝ այլընտրանք լինելու հետընտրական իր հանձնառության մեջ, ոչ թե պիտի նահանջ արձանագրի դեպի անցյալ, այլ շարունակի այդ ինքնապատկերացումը, այլընտրանքայնությունը բերի դեպի ապագա, իր խոսքը համեմի գործով (որ նաեւ իր կարգախոսն է) եւ մասնակցի քաղաքացիական-քաղաքական նոր լուծումներին։
Նման ազդեցիկ կուսակցությունը, առավել եւս այդ կուսակցության ընտրազանգվածը, պարզապես իրավունք չունի դիտորդ լինելու։ Թեեւ յուրաքանչյուրը կարող է անկեղծ լինել իր ֆրուստրացիայի, բյուրեղյա քաղաքացիական բոյկոտի մեջ, կարծում եմ, այն ուժը եւ այն շարքային ընտրողը, որը խոստովանում է իր ճակատագրապաշտությունը, տանը նստած՝ անիծում իր բախտը եւ դիտորդի կեցվածք ընդունում, ոչ թե մնում է մաքրամաքուր եւ բյուրեղյա՝ այս կեղտոտ քաղաքական գործընթացներից հեռու մնալով, այլ, հակառակը, պարզապես իր կրավորականությամբ լեգիտիմացնում է եղած իշխանակարգի վերարտադրումը։
Այս խաչմերուկում՝ այս երկընտրանքի առաջ գտնվում է ոչ միայն ԲՀԿ-ն, այլեւ բոլոր կուսակցությունները, նույն «Ժառանգությունը» եւ շարքային քաղաքացին։

-Ի՞նչ եք կարծում, Գ.Ծառուկյանն ինչո՞ւ դիմեց այդ քայլին՝ չցանկացավ կորցնել ունեցա՞ծը, ինչի մասին նախապես հայտարարել էր։ 
-Չգիտեմ։ Գիտեմ միայն, որ հայաստանյան իրականությունից բխող որոշում էր։

   -Գ.Ծառուկյանի «խաղից դուրս գալը» ավելացնո՞ւմ է ձեր շանսերը՝ նկատի ունենալով, որ հիմա ավելի շատ ձեզ են տեսնում, որպես «հավաքական թեկնածուի», որի շուրջ ընդդիմությունը կարող է միավորվել։ 
-Մի քանի անգամ ասել եմ, եւ իսկապես բառախաղ չեմ անում՝ հարկ չկա որեւէ անձի, թեկուզ կուսակցության շուրջ հավաքվել։
Համախմբումը պիտի լինի գաղափարների շուրջ, պիտի լինի համատեղ հավաքական պայքար երկիրը փոխելու եւ դե յուրե իշխանություն ստեղծելու համար։ Դա կարող ենք անել, եթե տարբեր կուսակցություններ, քաղաքացիական շարժումներ, հոսանքներ, ակտիվիստներ, մտավորականներ, լրագրողներ, վերլուծաբաններ, խմբագիրներ, շարքային քաղաքացիներ իրենց հայեցողությամբ մասնակցեն այդ ընդհանրական պայքարին։
Իհարկե, մենք երբեք այն միջոցները չենք ունենա, ինչ ժամանակին կամ ներկա դրությամբ իշխանության պատկանող հարուստ կուսակցությունները, բայց ընդհանուր առմամբ իմ որոշման կամ մեր որոշման կայացման մեջ այս դրվագը որեւէ փոփոխություն չի մտցրել։
Թեեւ պետք է խոստովանեմ՝ եթե այս նոր իրականությունը հնարավորություն է տալիս միավորվել ծրագրերի շուրջ, կարծում եմ, համատեղ պայքարը ավելի նպատակասլաց կլինի, քան առանձին-առանձին։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31