Լրահոս
Օրվա լրահոսը

Քոքոբելյանը հիմա լքեց «Ժառանգություն» խմբակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանին հարվածելո՞ւ համար

Փետրվար 05,2013 10:41

«Հոկտեմբերի 22-ի նիստին հայտարարությամբ եմ հանդես եկել, համաձայն որի՝ ես եւ Ալեքսանդր Արզումանյանն այսուհետ պետք է ներկայացնենք «Ազատ դեմոկրատներին», ինչպես եւ եղել է նախկինում, որովհետեւ խմբակցությունը եղել է զուտ դաշինքի հիման վրա ստեղծված, որ նշված է նաեւ «Ժառանգություն» խմբակցության կանոնադրությունում։ Ես, դեմ լինելով ձեւական գործողություններին, ընդամենը օրինականացրել եմ կատարվածը։ Այս գործընթացի տակ որեւէ բան պետք չէ փնտրել, ամենայն պատասխանատվությամբ եմ դա հայտարարում։ Դա որեւէ կապ չունի ոչ ընտրությունների հետ, ոչ ընդհանրապես այլ քաղաքական գործընթացի հետ, զուտ պայմանավորված է մեր քաղաքական գործունեության ավելի արդյունավետ լինելու հանգամանքով։ Նկատի ունեմ «Ազատ դեմոկրատներին»։ Նույն Րաֆֆի Հովհաննիսյանին ես ցանկանում եմ հաջողություն ընտրություններում։ Ընտրարշավի փուլում ես զերծ կմնամ որեւէ այլ տիպի մեկնաբանություններից, կարծում եմ, այդպես ավելի ճիշտ կլինի»,- փորձում է համոզել այլեւս անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ վստահեցնելով նաեւ, որ չի պատրաստվում այլ խմբակցություն մտնել եւ մնալու է անկախ պատգամավոր։

Մյուս ԱԴ-ական Ալեքսանդր Արզումանյանը, սակայն, ֆորմալ առումով կշարունակի մնալ «Ժառանգություն» խմբակցության կազմում՝ կաշկանդված լինելով ԱԺ կանոնակարգ-օրենքի սահմանափակմամբ։ Համաձայն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի, խմբակցության միայն առաջին երեք համարում տեղ զբաղեցնող պատգամավորները կարող են հրաժարվել խմբակցության կազմից եւ շարունակել գործունեությունը որպես անկախ պատգամավոր։

«Հերիք էր, էլի։ Ահագին մնաց։ Արդեն ժամանակն էր՝ դեմը ընտրություն կա, հետընտրական կա…»,- Քոքոբելյանի հայտարարությանը «Ֆեյսբուքի» իր տիրույթում արձագանքել էր «Ժառանգության» ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, որը մեզ հետ զրույցում «բացեց» փակագծերը։ «Այն, որ «Ժառանգություն»- «Ազատ դեմոկրատներ» բաժանումն այլեւս իրողություն էր, դրանում կասկած չկար, բայց շատ հետաքրքիր էր, որ այս պահի դրությամբ, երբ կարծես նոր զարգացումներ տեղի չեն ունեցել երկու կուսակցությունների միջեւ, հայտարարվում է մի բան, որն ընդամենը կարեւորվում է հայտարարելու համար։ Այսօր բոլոր հեռուստաընկերություններով կհայտարարվի, որ Խաչիկ Քոքոբելյանը լքում է «Ժառանգությունը», որն իմ կարծիքով հաշվարկված է՝ չգիտեմ ինչ-ինչ դրդապատճառներով, բայց Րաֆֆի Հովհաննիսյանին հարվածելու համար,- ասաց Սաֆարյանը՝ շարունակելով։- Հասարակության մեջ պառակտումը միշտ բացասական է ընդունվել։ Միայն այն, որ հասարակությունը լսում է, որ միավորվելու փոխարեն քաղաքական ուժերը շարունակում են գզվռտոցը, ազդում է իր տրամադրությունների վրա։ …Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմադիր դաշտի ֆավորիտն է այս պահին, իսկ այս քայլը հիասթափություն է մեծացնում հասարակության շրջանում, ապա դրանից նաեւ իշխանությունն է շահում»։

Իսկապե՞ս Քոքոբելյանն ակնկալիքներ ունի հետընտրական պրոցեսներից… «Ի՞նչ հետընտրական պրոցեսներ… Ընտրականին իրենց կո՞ղքն ենք, որ հետընտրականին լինենք»,- հարցից անակնկալ բարկացավ ԱԴ ղեկավարը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728