Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը կոչ է անում ցուցաբերել զսպվածություն եւ հանդուրժողականություն

Փետրվար 28,2013 14:11

Հարցազրույց Հեղինե Բիշարյանի հետ

– Տիկին Բիշարյան, նախօրեին տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին եւ հետընտրական զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Եթե փոքր-ինչ բացենք փակագծերը, ապա ի՞նչ հիմնական շեշտադրումներ է կատարել քաղխորհուրդը:

– Նախ պետք է նշեմ, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը Սերժ Սարգսյանին սատարող հիմնական քաղաքական ուժերից մեկն էր, որը ակտիվորեն ներգրավված էր թե նախընտրական քարոզարշավում եւ թե ընտրական բոլոր գործընթացներում: Ընտրություններից հետո, մասնավորապես՝ ԿԸՀ-ի կողմից վերջնական արդյունքների ամփոփումից հետո, բնականաբար, կուսակցությունը պետք է հրավիրեր քաղխորհրդի նիստ՝ ամփոփելու մեր տարածքային կառույցներից ստացված հաղորդումները ընտրական գործընթացների եւ հետընտրական իրավիճակի մասին: Սա դասական մոտեցում է: Բացի այդ, այժմ ներքաղաքական դաշտում տեղի են ունենում զարգացումներ, որոնց հետ կապված ՕԵԿ քաղխորհուրդը արտահայտեց իր դիրքորոշումները: Եթե, այսպես ասած, «բացեմ փակագծերը» կամ մեկնաբանեմ շեշտադրումները, ապա պետք է նշեմ հետեւյալը: Ընդհանրապես միշտ եւ մասնավորապես՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Օրինաց երկիրը» հանդես է եկել ժողովրդավարական չափանիշներին համահունչ ընտրություններ կազմակերպելու եւ անցկացնելու դիրքերից: Այս ընտրությունները իրենց որակական առումով ավելի լավն էին, քան նախորդները: Այդ փաստը նաեւ արձանագրվեց միջազգային կազմակերպությունների եւ աշխարհի ուժային կենտրոնների՝ ընտրությունների վերաբերյալ դրական գնահատականներով:

Սակայն, ինչպես միշտ, երկրում գտնվեցին Հռոմի Պապից ավելի կաթոլիկներ, որոնց «արջի ծառայությունները» որոշակի ստվեր գցեցին ընտրությունների որակի վրա: Հեռու եմ նաեւ այն մտայնությունից, որ անցկացվել են 100 տոկոսանոց իդեալական ընտրություններ: Բնականաբար, եղել են նաեւ թերություններ եւ բացթողումներ, որոնք, բարեբախտաբար, էական չէին եւ չեն ազդել ընտրությունների եւ ընտրական գործընթացի արդյունքների վրա: «Օրինաց երկիրը» միշտ էլ իրերն իրենց անուններով է կոչում, հետեւաբար մենք կարեւորում ենք ընտրությունների ընթացքում տեղ գտած թերությունների եւ խախտումների համակողմանի քննությունը եւ իրավապահ մարմինների կողմից պատշաճ հետեւողականության ցուցաբերումը դիմում-բողոքների հիմքով օբյեկտիվ եւ շուտափույթ քննություն անցկացնելու, մեղավորներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար:

Պետք է վերջապես բոլորս էլ՝ թե իշխանություն, թե ընդդիմություն, հստակ ֆիքսենք մի պարզ ճշմարտություն՝ ազատ եւ ժողովրդավարական չափանիշներով ընտրությունների անցկացումն այլեւս Հայաստանում այլընտրանք չունի: Միայն դա է մեր երկիրը հաստատուն քայլերով տանելու զարգացման: Իշխանությունները պետք է ջատագովը լինեն այս մոտեցման, իսկ ընդդիմությունն էլ պետք է ոչ միայն ամեն ինչ սեւի ու սպիտակի մեջ տեսնի, միայն սոսկ քննադատի, այլեւ ակտիվ մասնակիցը լինի ընտրական գործընթացներին բոլոր մակարդակներում: Ընդդիմադիր երեք խմբակցություններ՝ «Ժառանգություն», ՀՅԴ, ՀԱԿ եւ այլընտրանք ԲՀԿ-ն հանձնաժողովի անդամներ ունեն բոլոր ընտրական տեղամասերում, հետեւաբար ընտրությունների օրինական անցկացման եւ ընտրախախտումներ թույլ չտալու պատասխանատվությունը կրում են նաեւ իրենք: Եթե ոչ միայն «Ժառանգության», այլ նաեւ մյուս կուսակցությունների հանձնաժողովի անդամները, մեծ հաշվով, չեն բողոքարկել ընտրությունների արդյունքները, չհաշված այն մեկ տասնյակ տեղամասերի արդյունքները, ապա նվազագույնը ինչ կարող էր անել Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հաշտվել երկրորդ տեղը գրավելու իրողության հետ: Այլապես շատ երեւույթներ անհասկանալի են դառնում:

– Ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն, այնուամենայնիվ, չի ընդունում ընտրությունների արդյունքները: Րաֆֆի Հովհաննիսյանը այժմ ակտիվորեն հանրահավաքներ է կազմակերպում, հանդիպումներ է անցկացնում ՀՀ մարզերում: Արդյոք այս մարտավարությունը չի՞ պարունակում որոշակի ռիսկեր մեր երկրի ներքաղաքական կայունության տեսանկյունից՝ աչքի առաջ ունենալով 2008թ. նախագահական ընտրությունների հետընտրական զարգացումները: Ստեղծված իրավիճակում ի՞նչ ելքեր է առաջարկում «Օրինաց երկիրը»:

– Իհարկե, կան որոշակի ռիսկեր ներքաղաքական կայունության խաթարման համար, ինչը ամենաանցանկալի հետեւանքը կարող է լինել Հայաստանի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպիսի տարածաշրջանում ենք մենք ապրում: Գաղտնիք չէ, որ խրամատներից այն կողմ դարան մտած մեր թշնամիների համար դա երանելի եւ նպաստավոր ժամանակաշրջան կլինի Հայաստանը արտաքին ագրեսիայի ենթարկելու համար: Րաֆֆի Հովհաննիսյանն այժմ իր պատկերացումների եւ նպատակադրումների շրջանակում առաջնորդվում է ձեր նշած մարտավարությամբ, բայց նաեւ կարծում եմ, որ նա ունի բավարար տեղեկատվություն եւ պատկերացումներ՝ նշածս սցենարով չզարգացնելու իր մարտավարությունը: Իհարկե, յուրաքանչյուր գործիչ, առաջնորդվելով իր քաղաքական նպատակներով եւ շահերով, ինքն է որոշում իր քայլերի տրամաբանությունն ու մարտավարությունը, սակայն մի բան յուրաքանչյուր գործիչ պետք է հստակ գիտակցի, որ Հայաստանի, հայ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը ոչ մեկն իրավունք չունի խաղարկելու: Չպետք է մոռանալ, թե ինչքան անհանգիստ է սահմանին, ամեն օր հրադադարի ռեժիմի խախտման որքան դեպքեր են արձանագրվում: Իսկ ինչ կարող է լինել, եթե երկրում ապակայունանա իրավիճակը: Նման զարգացումներ թույլ չտալու համար «Օրինաց երկիր» կուսակցությունը հորդորում է ներկա եւ հետագա քաղաքական գործընթացները, զանգվածային միջոցառումները, բողոքի երթերն ու ցույցերը իրականացնել բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում եւ կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, գործիչներին եւ ՀՀ բոլոր քաղաքացիներին ցուցաբերել զսպվածություն եւ հանդուրժողականություն, առաջնորդվել ներքաղաքական կայունության եւ Հայաստանի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությունը չխաթարելու հրամայական պահանջով:

Բացի այդ, մեր քաղաքական իրողության մեջ կա մի անհասկանալի մոտեցում, երբ հետընտրական շիկացած կրքերի պայմաններում ընդդիմության առաջնորդները կշեռքի նժարներին են դնում Հայաստանի, հայ ժողովրդի անվտանգությունն ու իրենց «քաղաքական դեմքը»՝ իբր եթե առաջնորդվեն պետության անվտանգության շահերով, հասարակական բախումներից խուսափելով, այլ խնդիրները լուծեն երկխոսության եւ փոխզիջումների միջոցով, ապա կկորցնեն իրենց «քաղաքական դեմքը»: Ես դա համարում եմ անհեթեթություն, քանի որ միայն ուժեղ գործիչներն են ընդունակ վեր կանգնել նեղ կուսակցական եւ քաղաքական շահերից՝ ի շահ հայրենիքի խաղաղության եւ անվտանգության:

– Ձեր հայտարարության մեջ առաջարկում եք նախաձեռնել հանրային լայն երկխոսության ձեւաչափ: Ի՞նչ է դա ենթադրում:

– Հանրային լայն երկխոսության ձեւաչափը ենթադրում է հետընտրական այս գործընթացներում ներգրավել շահագրգիռ քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին՝ առկա խնդիրները համատեղ քննարկելու եւ երկխոսության միջոցով լուծելու համար, քանի որ երկխոսությունն ավելի գերադասելի է, քան անխոհեմ առճակատումը: Տարբերակներից մեկը կարող է լինել հետեւյալը՝ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներից ձեւավորել աշխատանքային խումբ, որը քննության առարկա կդարձնի երկրում ստեղծված հետընտրական իրավիճակը, կառաջարկի լուծումներ ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ՝ անհրաժեշտության դեպքում նախաձեռնելով նաեւ օրենսդրական բարեփոխումներ:

Հետընտրական զարգացումների ամբողջ փիլիսոփայությունը պետք է կառուցվի միասնական ջանքերով ստեղծված իրավիճակի հաղթահարման վրա՝ փոխընդունելի միջոցներով:

– Ի՞նչ ակնկալիքներ ունի «Օրինաց երկիրը» վերընտրված նախագահից: Առաջնահերթ ի՞նչ վճռական քայլեր պետք է ձեռնարկվեն երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները հաղթահարելու համար:

– Մեր երկրում այսօր, իսկապես, կան բազմաթիվ չլուծված խնդիրներ: Կա աղքատություն, գործազրկություն, կոռուպցիա, կաշառակերություն, արտագաղթ: Հարկային անբարենպաստ պայմաններից դժգոհ են բազմաթիվ փոքր ու միջին բիզնեսով զբաղվողներ՝ ատամնաբույժներ, տաքսու վարորդներ եւ այլն: Հիմնականում հետընտրական շրջանում հասարակության մի զգալի հատվածի մոտ ավելի է խորանում անվստահության, անհանդուրժողականության եւ անարդարության զգացումը: Այս ամենը երկիրը հետ է շպրտում, կասեցնում նրա բնականոն զարգացումը: Պետք է վճռական պայքար սկսել այս ամենի դեմ: Տեսեք՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը հանդիսանում է իշխանության մաս կազմող քաղաքական ուժ, բայց մենք երբեք չենք վախեցել այս ամենի մասին բարձրաձայն խոսել, երբեք «ջայլամի քաղաքականություն» չենք վարել, երբեք չենք ասել, թե իշխանություններն ամեն ինչ ճիշտ են անում: Իհարկե, անցնող տարիների ընթացքում եղել են սխալներ, բացթողումներ, որոնք պետք է շտկել: Եվ հիմա էլ հստակ հայտարարում ենք երկրում վճռական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության եւ հրամայականի մասին: Ինչ պետք է մենք անենք: Մենք մեր սեփական դերակատարության շրջանակներում անելու ենք հնարավորը տարբեր բնագավառներում ընթացող փոփոխություններն էլ ավելի վճռականորեն առաջ մղելու եւ ժողովրդին հուզող հիմնախնդիրները նախաձեռնողական մոտեցումներով, վճռական ու նորարարական քայլերով լուծելու համար:

Նախագահ է ընտրվել կոալիցիոն թեկնածուն, եւ մենք նախագահից ակնկալում ենք համարձակ ու վճռական փոփոխություններ՝ երկրի պետական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Երկրում ստեղծված դժվարին սոցիալ-տնտեսական իրավիճակի, ժողովրդի առջեւ ծառացած հիմնախնդիրների եւ դրանց ժամանակին ու արդյունավետ լուծման գործում կուսակցությունն անհրաժեշտ է համարում առավել ակտիվ շարունակել բարեփոխումները հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ անցում կատարելով դրանց իրականացման վճռական փուլերին: Առաջադեմ աշխարհը զարգանում է անկասելի տեմպերով, առաջ է գնում նաեւ Հայաստանը, սակայն այժմ բնական պահանջ է առաջացել հանրային կյանքի արդյունավետ կազմակերպման գործում ներմուծել գործուն, նորարարական գործիքներ՝ ապահովելով, որպեսզի դրանք չկրեն իմիտացիոն բնույթ:

Այսօր Հայաստանում առկա են հանրության օբյեկտիվ դժգոհությունը հարուցող ոլորտներ: Այդ ոլորտներում պետք է իրականացնել կտրուկ կադրային փոփոխություններ՝ ձերբազատվելու համար լճացած, հոգնած եւ հղփացած կադրերից, փոխելու համար իշխանության դեմքը՝ նոր, գրագետ եւ կիրթ մարդկանցով: Բացի առանձին ոլորտներում կադրային փոփոխություններից՝ մենք պետք է հասնենք այն իրավիճակին, որ նաեւ քաղաքական դաշտում տեղ չունենան քրեաօլիգարխիկ տարրերը, որոնք իրենց մերժելի վարքով ու վարկով ընդունելի չեն ոչ միայն հասարակության լայն շերտերի համար, այլեւ տարբեր միջազգային կազմակերպությունների գնահատականներում ներկայացվում են որպես երկրի զարգացմանը խոչընդոտող պատճառներ:

Սրանք հարցեր են, որոնք պետք է լուծում ստանան: Եվ ինչքան հնարավոր է՝ շուտ:

– Տիկին Բիշարյան, մայիսի 5-ին տեղի են ունենալու Երեւան քաղաքի ավագանու ընտրությունները: Մասնակցելո՞ւ է ՕԵԿ-ը այդ ընտրություններին եւ արդեն որոշվե՞լ է, թե ով է գլխավորելու ձեր կուսակցության նախընտրական ցուցակը:

– Ընդհանրապես «Օրինաց երկիր» կուսակցությունը վերջին 15 տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել թե համապետական եւ թե տեղական ինքնակառավարման բոլոր ընտրություններին: Կուսակցությունը մշտապես կարեւորել է ՏԻՄ ընտրությունները, դրանց՝ կուսակցության մասնակցությունը եւ տեղական նշանակության խնդիրների լուծմանը մասնակից լինելը: Ինչ վերաբերում է Երեւան քաղաքի ընտրություններին, ապա կուսակցության քաղխորհրդում հարցը դեռ չի քննարկվել, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ շուտով մեկնարկելու են ընտրությունների անցկացման ժամանակացույցով եւ օրենքով սահմանված ընթացակարգեր, ապա առաջիկա օրերին համապատասխան որոշում ընդունելուց հետո այն կհրապարակենք:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. David says:

    Այս հոդվածը մի բան հիշեցրեց.Ջորջ Բուշի` նահանգապետ լինելու ժամանակաշրջանում նրա պարտադրանքով Տեխասում ընդունվեց օրենք, որի համաձայն հանցագործը ոչ պակաս, քան հանցագործություն կատարելուց 24 ժամ առաջ, պարտավոր է գրավոր կամ բանավոր զգուշացնի իր զոհին կատարվելիք հանցագործության մասին: Այդ նախազգուշացման մեջ պետք է նկարագրվի կատարվելիք հանցագործությունը;Էս օրենքը էս կուսակցությանը երևում է շատ է դուր եկել;

  2. lion says:

    «Օրինաց երկիր»այ տիկին այս անվան իմաստին նայեք ու գործեք օրինական.Մինչ հիմա անօրինականի կողքին եք լավ տեսնում ենք.Աթոռներ չունեիք կոկորդ էիք պատռում,հետո աթոռներ ստացաք սկսեցիք դամ պահել օտար երգի տակ.Ինչ եք անմեղի կեցվածք ընդունել.պարկեշտ եղեք ու մի կարծեք անպարտելի եք.Ձեր անօրինական գործերը ձեզ են կործանում.Հարգեք հայ ժողովրդին ու մի կեղծեք ձեզ աթոռը ժամանակավոր է իսկ սերունդը`………… եղեք ազգի կողքին ……..ծառայեք ազգին և ոչ թե Արտուրին.Մնացյալ ասածներդ պարապ խոսքեր են.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728