Լրահոս
Օրվա լրահոսը

Հին Հռոմի ու Աթենքի ժամանակներն անցել են

Մարտ 29,2013 11:00

Նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ սկսված քաղաքական նամակագրությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում իր բնույթով բացառիկ երեւույթ է։ Ջարդուփշուր անելու կոչերի փոխարեն երկխոսության պատրաստակամություն, հասունացած հիմնախնդիրները համատեղ ջանքերով կարգավորելու ձգտում:
Անկախ տարակարծություններից` գրեթե բոլոր քաղաքական ուժերն էլ այս երեւույթը դրական են գնահատում: Դրական է նաեւ, որ համատեղ քննարկումների անհրաժեշտությունը երկուստեք կարեւորվում է:
Սակայն տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ Ր.Հովհաննիսյանը ցանկանում է խնդիրները քննարկել հենց Ազատության հրապարակում։
Ազատության հրապարակի տեղն ու դերը Հայաստանի ներքաղաքական կյանքում չթերագնահատելով հանդերձ` համոզված ենք, որ Հին Հռոմի ու Աթենքի հրապարակային քննարկումների ժամանակներն անցել են:
Հետաքրքիր է, «Ժառանգության» ղեկավարը ո՞նց է պատկերացնում նամակներում արծարծված կարեւորագույն հարցերի քննարկումը հանրահավաքի ժամանակ, մանավանդ «իր նշանակած» պաշտոնյաների թեկնածությունների քննարկումը:
Սա կոչվում է պոպուլիզմ:
Ասվածը չի նշանակում, թե երկխոսության միակ տեղը նախագահական նստավայրն է, բայց որ Ազատության հրապարակը նման հարցեր քննարկելու համար չէ` հաստատ է: Ոչ վաղ անցյալում` Ս.Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, Ր.Հովհաննիսյանն ինքը հրաժարվեց լրագրողների ներկայությամբ խոսելուց: Ի դեպ, այն ժամանակ շատ լուրջ հարցեր չէին քննարկվում, իսկ հիմա այս կարեւորագույն հարցերով բանակցությունների համար նա ընտրում է Ազատության հրապարակը:
Նորություն չէ, որ հայերիս հատուկ է կասկածամտությունը: Նույնիսկ լավ գործ տեսնելիս էլ հաճախ մտածում ենք, թե գուցե գործ ունենք լավ քողարկված փորձանքի հետ: Սա ավելի դրսեւորվում է քաղաքականության մեջ:
«Ժառանգության» նախագահի առաջին հանրահավաքներում անընդհատ խոսվում էր, որ Սերժ Սարգսյանը խուսափում է Ր.Հովհաննիսյանի հետ հանդիպելուց, երկխոսելուց: Գործող նախագահի պատասխան նամակը ցույց տվեց, որ նա ընդամենը խուսափում էր Ազատության հրապարակում ծավալվելիք անիմաստ «քննարկումներից», բայց պատրաստ է քաղաքական երկխոսության:
Այս առումով ընդունենք, թե «ընդդիմադիր հանրահավաքները» իրենց նպատակին հասան, եւ ներքաղաքական լարվածությունը ինչ-որ չափով թուլացավ: Բայց կարծես բոլորին չէ, որ դուր է գալիս գործող նախագահի` երկխոսության պատրաստակամությունը: Հիմա էլ ոմանք սա համարում են ծուղակ: Զարմացնում է միայն մարդկանց քաղաքական «խորաթափանցությունը»։
Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ս.Սարգսյանն իրականում պատասխանում է նախապայմանների լեզվով, փոխանակ կոնկրետ ասի` ընդունո՞ւմ է այդ առաջարկները, թե՞ ոչ»: Նա նաեւ հավելել է. «Այդ ձեւով Սերժ Սարգսյանը միգուցե փորձ անի Րաֆֆի Հովհաննիսյանին ծուղակը գցել: Բանակցությունների հրավերով փորձել դուրս բերել Ր.Հովհաննիսյանին հացադուլից, հետո քննարկել: Դա ակնհայտորեն զրկում է Ր.Հովհաննիսյանին հետագա քայլերից, եւ, ըստ էության, մեծ ռիսկ է»:
Դե արի հասկացիր այս նախկին թեկնածուին: Իհարկե, Սերժ Սարգսյանը պիտի պատասխաներ նախապայմանների լեզվով: Եթե առաջիկայում նախատեսվում է քաղաքական երկխոսություն, ուրիշ ի՞նչ լեզու կարելի է ընտրել: Եթե նախագահն ասեր, որ ընդունում է իրեն արված առաջարկները, քննարկելու ի՞նչ էր մնալու, ըստ այս գործչի: Սա այն գործընթացն է, որտեղ վերջնագրերի լեզվով խոսելն անթույլատրելի է: Եվ վերջնագրերին իրավացիորեն պատասխանվել է նախապայմաններով:
Բանից պարզվում է նաեւ, որ բանակցելու իր պատրաստակամությամբ գործող նախագահը փորձում է խորամանկորեն կասեցնել Ր.Հովհաննիսյանի հացադուլը եւ նրան զրկել հետագա քայլերից: Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական մանկամտություն:
Առաջին. ներքաղաքական հիմնախնդիրները երկխոսության միջոցով կարգավորելու առաջարկն արել է «Ժառանգության» նախագահը: Ինքն իր համար ծուղա՞կ էր նախապատրաստում, թե՞ իրեն զրկում էր հետագա քայլերից:
Երկրորդ. իր առաջարկներով Ր.Հովհաննիսյանը իրեն դրել է երկիմաստ վիճակում: Հիմա մեկը կարո՞ղ է ասել` հացադուլ անող նախագահի նախկին թեկնածուն ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ:
Եթե մարզպետների, քաղաքապետների, նախարարների, տարաբնույթ այլ ղեկավարների պաշտոններ ես պահանջում սեփական կողմնակիցներիդ նշանակելու համար, ընդդիմություն չես կարող լինել, քանի որ այդպիսով իշխանության մաս ես դառնում: Այս պարագայում բացարձակ ինքնուրույնության մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի որ համապետական գործընթացներում պետության մեջ պետություն չի լինում:
Ասել կուզի` երկխոսությունը Ր.Հովհաննիսյանին երբեք չի կարող «զրկել հետագա քայլերից»: Առաջին հերթին «Ժառանգության» ղեկավարն ինքը պետք է ընտրի իր եւ իր կուսակցության ճանապարհը, իսկ երկխոսությունը կարող է միայն օժանդակել դրան, քանի որ դրանից հետո հաստատ կճշտվի կուսակցության ղեկավարի եւ կուսակցության հետագա անելիքը:
Տպավորությունն այնպիսին է, որ Ր.Հովհաննիսյանն ինքն էլ դեռեւս գտնվում է երկվության մեջ:
Շարունակվող հացադուլը դրա վկայությունն է:

Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031