Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Ղուկասյան. Ոստիկանների պատյաններից մինչեւ ընթերակա, «ազատ լրագրող», ապա քաղհալածյալ

Մարտ 29,2013 23:21

– Վահագն, ես քեզ ճանաչել եմ, երբ դու համալսարանական այգու մոտ գտնվող ավտոբուս-արհեստանոցում էիր աշխատում, կաշվե իրեր էիր պատրաստում:ՙԱրտադրամասդ՚ գրավվում էր նրանով, որ այնտեղ փակցրել էիր մեր շարժման վավերագրությունը պատկերող նկարներ, նամակներ: Ի՞նչ եղավ այն:

– Դա իմ ամենալավ ու ուրախ շրջանն էր, որովհետև զբաղվում էի սիրածս արհեստով, որն, ի դեպ, բավականին բարձր եկամուտ էր ապահովում, ինչպես նաև շփվում էի գրագետ ու քաղաքականությամբ հետաքրքրվող ակտիվ ուսանողության հետ: Հենց այդ պատճառով էլ արհեստանոց էի տեղափոխել 88-91թթ.-ի շարժման հետ կապված իմ անձնական արխիվը: Ուսանողները հաճախ էին գալիս, հարցեր տալիս, զրուցում, հիշում ու պատմում էի դեպքեր: Առօրյա իրադարձություններն էինք քննարկում: Ու հենց նման քննարկումներն էլ պատճառ դարձան ու ձեռքս գրիչ վերցրի ու սկսեցի հոդվածներ գրել, քանի որ զգում էի, որ ավելի մեծ լսարան կարող էի ապահովել:

– Առաջին անգամ ե՞րբ տպագրվեցիր հայկական մամուլում:

– Առաջին անգամ՝ ՙԲաց նամակ ԱԻՄ-ի ղեկավարությանը՚, տպագրվել եմ 1996թ.-ին ՙՀայք՚ թերթում, որով իմ բողոքը հայտնեցի ինձ համար շատ հարազատ այդ կուսակցության այդ օրերի որդեգրած գծից: Բաց նամակով հայտարարեցի, որ հրաժարվում եմ ԱԻՄ-ի անդամ լինելուց, քանի որ ինձ համար պատիվ չէր որոշ մարդկանց հետ նույն կուսակցության անդամ լինել, ինչպիսին, օրինակ, Արամազդ Զաքարյանն էր:

– Քո արհեստանոցում դու նաեւ զենքի համար կաշվե պատյաններ էիր պատրաստում: Քեզ դիմում էին ոստիկանության աշխատակիցները, անգամ բարձրաստիճան: Դա՞ էր պատճառը, որ հաճախակի ընթերակա էիր դառնում:

– Ես 6-րդ վարչությունում աշխատող մի ծանոթ ունեի, իր համար նվեր պատրաստեցի, իր գործընկերները տեսել-հավանել էին. այդպես սկսվեց: Մինչև Արմեն Երիցյանի՝ 6-րդ վարչության պետ նշանակվելը, ես այդ վարչության մուտքի առջև էի կանգնում, ամեն օր առավոտյան տասնյակ պատյաններ հետս վերցրած՝ գնում էի այնտեղ, դրանցից մի քանիսը որպես ցուցանմուշ կախում էի հարևան ՙզովետի՚ պատուհաններից մեկից ու մինչեւ երեկո վաճառում դրանք, ինչպես նաև պատվերներ ընդունում: Ու վատ չէի վաստակում՝ օրական 10, 20, 30, 50 ու նույնիսկ 100 ու դրանից էլ ավելի դոլար փող էի առնում` իմ ձեռքի շնորհքով, իմ արհեստով:

Ինչ վերաբերում է որպես ընթերակա իմ մասնակցություններին, նախ ասեմ, որ սկզբնական շրջանում երբ օպերատիվ աշխատողները նման խնդրանքով էին ինձ դիմում, ես՝ ենթադրելով, որ դա վկայի պես մի բան է, մերժում էի: Բայց միառժամանակ նկատում էի, որ նույն այդ խնդրանքով նրանք դիմում էին հարևան բակի ու դիմացի շենքերի բնակիչներին: Նրանցից էլ իմացա, որ ընթերական դա անկողմնակալ անձն է, ում ներկայությամբ քննչական պրոցես է իրականացվում: Երբ համոզվեցի, որ իմ մասնակցությամբ ես որևէ մեկին վատություն չեմ անի, նոր միայն համաձայնվել եմ: Մեկի մոտ զենք են հայտնաբերել, ինքը չի հրաժարվում դրանից, նույնիսկ ասում է, թե որտեղ և ումից է այն ձեռք բերել, մյուսը ինքն էր կամավոր բերում-հանձնում: Այդ ամենը արձանագրվում էր, բոլոր մասնակիցները ստորագրում էին, որից հետո երկու ընթերականերն են ստորագորում: Օրինակ՝ երբ 2003թ.-ին մեր տունը խուզարկում էին, նախապես շենքի բնակիչներից երկու հոգի հրավիրեցին, դրանում որևէ արտառոց կամ տհաճ բան չկար: Ճիշտ հակառակը՝ առանց ընթերակայի ոստիկանների ձեռքերն ավելի ազատ էին: Ընթերական ստորագրում է այն արձանագրության տակ, որը իրականությանը համապատասխանում է: Համենայնդեպս, իմ ներկայությամբ միշտ էլ այդպես է եղել, բացառությամբ մեկ դեպքի, երբ ՀԿԳ քննիչ Սերգեյ Աբրահամյանը ցանկանում էր, որ բլանկի ու համապատասխան թղթի տակ ստորագրեի՝ մինչև իր կողմից լրացնելը, ինչից հրաժարվել եմ ու ստորագրել միայն այն ժամանակ, երբ նա լրացրեց տեղազննության մասին արձանագրությունն այնպես, ինչպես որ իմ ներկայությամբ կատարվել էր: Իսկ հետագայում այդ մասին ես մամուլի միջոցով հանրությանն էլ տեղեկացրի: Խոսքը Սիրադեղյանի անվան հետ կապվող քր. գործի շրջանակներում կատարված տեղազննության մասին է, որ ՙՔանդել են հողը 10-15 մետր շառավղով՚ վերնագրով, 2000թ.-ին տպագրվեց «Առավոտ» օրաթերթում:

– Հիշո՞ւմ ես՝ քանի անգամ ես ընթերակա ՙանցել՚ եւ արդյոք դատարան չե՞ս հրավիրվել այդ տարիներին՝ որպես վկա:

– Բնականաբար, չեմ հիշում, իսկ դատարան հասնելու կարիք երբեք չի եղել, քանի որ, ինչպես արդեն ասացի, իմ մասնակցությամբ հակաօրինականություն, կամայականություններ չեն եղել:

Իսկ եղե՞լ է, որ քեզ հետագայում ճանաչել են, սպառնացել:

– Ճանաչելու խնդիր չի եղել, քանի որ, ինչպես ասացի, որևիցե մեկին վատություն չեմ արել ու չէի էլ կարող, իսկ սպառնալիք՝ միայն մեկ անգամ, և դա իրավապահների կողմից է եղել, վերևում ՙՔանդել են հողը 10-15 մետր շառավղով՚ հոդվածի տպագրվելուց հետո բերման եմ ենթարկվել ՔՀԳ վարչություն՝ ազդեցիկ պետի ու տեղակալի կողմից, օր ու արև չտեսնելու սպառնալիքներ եմ ստացել:

Կա՞ այդ ազդեցիկ աշխատակիցը հիմա:

– Հայաստանից իմ դուրս գալուց հետո նա ՆԳՆ-ից տեղափոխվել և նշանակվել էր ԱԱԾ պետի տեղակալ, իսկ իր տեղակալն էլ` ԱԱԾ-ի սպանությունների բաժնի (կամ վարչության) պետ: Իսկ մինչ այդ ես նրանց հետ առնչվելու առիթներ էլի եմ ունեցել, մասնավորապես, երբ 2000թ.-ի մայիսին ՙՀոկտեմբերի 27՚-ի մասին ՙԴիտորդի Վարկածը՚ 20 էջանոց գրքույկ գրեցի. այդ առիթով բերման ենթարկվեցի ՔՀԳՎ ու վերոհիշյալ պաշտոնյաների կողմից ֆիզիկական բռնությունների ենթարկվեցի

Ի՞նչ էին պահանջում:

– Որ ՙքիթս չխոթեի՚ ՙՀոկտեմբերի 27՚-ի գործի մեջ: Ես, իհարկե, չենթարկվեցի նրանց պահանջին, ամեն օր շարունակում էի այցելել իմ արհեստանոց, քրտինքովս վաստակել ընտանիքիս անհրաժեշտ գումարը: Հոկտեմբերի 27-ից հետո բնական էր, որ իմ արհեստանոցում քաղաքական քննարկումների համար այցելուներիս այդ դեպքերն ու իմ կարծիքները պետք է հետաքրքրեին, հենց այդ ժամանակ, այդ զրույցներ ընթացքում էին ձևավորվում բոլոր այն մտքերս, որոնք հանձնում էի թղթին, դարձնում հոդված ու տպագրում մի քանի թերթերում: Մինչև 2001թ.-ի ամռանը, երբ հերթական հրապարակումիցս հետո պայթեցրին արհեստանոցս:

Դա տեսել եմ, իսկ ի՞նչ ընթացք ունեցավ արհեստանոցիդ գործը, այն օրերին ոմանք ասում էին, որ ինքդ ես կազմակերպել: Լրատվամիջոցներից մեկում տպագրվեց հրդեհի մարմանը մասնակցած հրշեջների ցուցմունքները, որ իրենց ժամանելու պահին արհեստանոց բոլոր դռներն ու պատուհանները փակ են եղել:

– Այո, նման խոսակցություններ շատ արագ տարածվեցին, ինչպես նաև հարուցված քրգործում բոլոր հրշեջների ցուցմունքներում նույնպես դա գրված էր: Սակայն դա կեղծիք էր, ու ես, շնորհիվ ՙԱռավոտ՚ օրաթերթի, կարողացա ապացուցել, որ հրշեջները ստում են: Բանն այն է, որ երբ դեպքի հաջորդ օրը ձեր թերթում տպագրվեց հրկիզված ավտոբուս-արհեստանոցիս լուսանկարը, դա տեսել էր նաև իմ վաղեմի ծանոթ, ՆԳՆ-ի փորձառու աշխատակիցներից մեկը: Մենք հանդիպեցինք, և նա ինձ բացատրեց, որ թերթում տեսել էր այդ նկարը, հետո երբ կարդացել էր հրշեջների ասածը, դա տարօրինակ էր համար, ու բացատրեց, որ եթե մինչև հրշեջների ժամանումը բոլոր պատուհանները անվնաս լինեին, ապա կրակը չէր կարող դուրս ժայթքած լինել ետնամասի փոքրիկ պատուհանի վերին մասից: Հետո ես այդ փաստը մատնանշելով՝ քննիչից պահանջում էի լրացուցիչ փորձաքննություն, սակայն նա համառորեն ու առանց որևէ հիմքի միջնորդությունս անտեսեց:

Վահագն, այն ժամանակ, որքան տեղյակ եմ, իրավաբաններ Ջանոյանների հետ էիր նաեւ խորհրդակցում:

– Ոչ միայն Ջանոյանների հետ, Զինդատախազի տեղակալ Մարտիրոսյանի հետ էլ, Ռուբենիչի` հանգուցյալ Վլադիմիր Նազարյանի, դե, պատյաններ պատրաստելուս ժամանակահատվածում էլ բազմաթիվ մասնագետ մարդկանց հետ էի ծանոթացել, նրանց մեջ էլ ստվերային խորհրդատուներ եմ ունեցել: Ու կարող եմ ասել, որ երևի նրանց ովքեր լինելը պարզելու համար էին ՆԳՆ 7-րդ վարչության աշխատակիցները, մինչև այստեղ գալս, հաճախ ինձ հետևում ու հաճախ էլ իմ կողմից գաղտնազերծվում:

Լավ, նորից հարցնեմ: Ի՞նչ կարգավիճակով ես այդտեղ, ե՞րբ ես դուրս եկել, ի՞նչ արեցիր՝ մինչ կարգավիճակ ստանալդ:

– Հայաստանից դուրս եմ եկել 2003 թվականի հունվարի 16-ի առավոտյան:

Մոտ մեկ տարի թաքնված մնալուց հետո՝ 2004թ. փետրվարին, եկել եմ Ֆրանսիա և քաղաքական ապաստարանի դիմում եմ տվել:

Իսկ հե՞շտ տրվեց: Ո՞վ ձեռք մեկնեց:

– Ապաստարանի որոշում շատ արագ ստացա, այսինքն՝ միանգամից OFPRA-ից ու ամենաբարձր կարգավիճակը` 10 տարի: Սկզբնական ամենամեծ աջակցությունը այստեղ «Լրագրողների տուն» կազմակերպությունից եմ ստացել, որտեղ ապրել եմ առաջին 7 ամիսներին:

Բայց ինչպե՞ս, երբ դու լրագրող չէիր:

– Փաստ է, որ ինձ լրագրող լինելու համար չեն հետապնդել, այլ լրագրողական գործունեություն կատարելու: Ես լրագրող չեմ եղել, բայց շուրջ 50-60 հետաքննական-վերլուծական աղմկահարույց հոդվածների հեղինակ եմ:

– Իսկ պահանջեցի՞ն հետապնդման դեպքը հաստատող փաստեր:

– Բնականաբար, ես ոչ թե մեկ, այլ մի քանի դեպքերի հետ կապված փաստեր ունեի (այստեղ դրանց լուսապատճեները կան) դրանց թվում՝ իմ գրած կամ իմ մասին գրած բոլոր հոդվածները, հայտարարությունները, դիմումները, միջազգային պետական կամ իրավապաշպան հայտնի կազմակերպություններին նամակները, 2000, 2001 և 2002 թվականների վերաբերյալ տարեկան զեկույցները և այլն: Այդ ամենը ՙԼրագրողներ առանց սահմանի՚ հայտնի իրավապաշտպան կազմակերպությունը նախ իր խողովակներով ճշտեց ու հետո նոր երաշխավորեց ՙԼրագրողների տուն՚ ՀԿ-ին:

– Շամշյան Գագիկին ճանաչե՞լ ես: Նա էլ չի թաքցնում, որ շփվել եւ շփվում է ոստիկանության նախկին եւ ներկա կազմի հետ: Իսկ դու ինչպե՞ս էիր վերաբերվում գործակալի պիտակին:

– Շամշյանին չեմ ճանաչել: Ե՞ս գործակալ: Ճիշտն ասած՝ մի ժամանակ նյարդանանում էի, բայց հիմա ծիծաղում: Առաջին անգամ այդ կեղծիքի մասին «Իրավունք» թերթի «բամբասանք» բաժնում տպվեց, այն բանից հետո, ավելի ճիշտ՝ այն բանից առաջ, երբ ՙՀանրապետություն՚ կուսակցությունից Ալբերտ Բազեյանը Հայկ Բաբուխանյանին տեղեկացրել էր, որ ՙՀոկտեմբերի 27՚-ի գործով Բաբուխանյանի մասին հոդված եմ գրել, որը Բազեյանը թույլ չի տվել, որ Սուրեն Սուրենյանցը հրապարակի (այդ հոդվածս հետո ՀԺ-ում տպվեց): «Իրավունքում» վերոհիշյալ բամբասանքը, ըստ էության, ինձ ուղղված մեսիջ էր, թե՝ եթե փորձես տպես այդ հոդվածը, կտարածենք, որ դու գործակալ ես: Ես էլ մատներիս արանքով էի նայում այդ սպառնալիքին, որովհետև չէի պատկերացնում, որ հավատացողներ կլինեն: Մի՞թե գործակալը վեր կկենար ու ՆԳՆ-ի ու Գլխավոր դատախազության համատեղ կեղծիքի մասին կբարձրաձայներ, մի՞թե գործակալը ՆԳՆ 7-րդ վարչության (գաղտնի ոստիկանության) բազմաթիվ աշխատողների կհայտնաբերեր, կլուսանկարեր ու թերթում նրանց մասին կտպագրեր: Վերջապես ո՞ւմ գործակալը կարող էր լինել Վահագն Ղուկասյանը, ով գործող նախագահի դեմ սուր ու լուրջ հոդվածներ էր գրում, ով ԱԱՆ-ի, ՆԳՆ-ի, դատախազության ապօրինություններն էր հայտնաբերում ու հրապարակում: Գործակալ էի դարձել որ կողե՞րս կոտրեին, որ ընտանիքիս ապրուստի միակ աղբյուրը պայթեցնեի՞ն, որ «Կրակեմ Հրաչի» սպառնացած օր ու արևը տարիներ շարունակ չտայի՞ն, որ գիշերով մտնեի «Կալանավայրերի վարչության» հատուկ մասի համակարգիչներում եղած տեղեկությունները կրկնօրինակեի տո՞ւն տանեի, ինչ է թե՝«ՙ27»-ի գործով տեռորիստների հետ նստած ագենտների հաղորդագորությունները հայտնաբերեի: Եթե ես գործակալ եմ եղել, բա էս 13-14 տարվա մեջ մեկը չգտնվե՞ց, որին վնաս տված լինեմ: Թե՞ գործակալ էի դարձել, որ ինքս ինձ վնասներ ու միայն վնասներ պատճառեի: Ոմանք այդ հերյուրանքին իբրեւ փաստ մատնանշում են, որ տարիներ շարունակ ՆԳՆ եմ մտել ու դուրս եկել, որ հենց ՆԳՆ-ի մուտքի մոտ կանգնած առևտուր եմ արել, բայց ուղեղ ունեցող մարդը կհասկանա, որ գործակալները գաղտնի հանդիպումներ են ունենում ու ոչ թե ողջ օրը այդ հիմնարկի դիմաց կանգնած՝ առևտուր անում:

– Գալո՞ւ ես Հայաստան:

– Գամ, որ ի՞նչ անեմ, սոցիալապես անապահով երկրում մի բոմժ էլ ե՞ս գրանցվեմ: Հայաստանում կորցրել եմ ոչ միայն աշխատանքս, այլ նաև տուն… իսկ այստեղ էլ ամենադժվար ժամանակահատվածն անցկացրել եմ, առողջությունս քայքայելու, հազար տեսակ դժվարությունների միջով անցնելով՝ եկել հասել եմ մի այնպիսի վիճակի, որ հիմա վերադառնալ չեմ ուզի, որովհետև գամ, իմ հայրենիքում նորից ամեն ինչ սկսե՞մ զրոյից, բնականաբար՝ հիմա չեմ ուզում ու նույնիսկ չեմ էլ կարող: Երբ այստեղ աշխատելով Հայաստանում տուն և աշխատանք ստեղծելու հնարավորություն կստեղծեմ, կունենամ, այդ ժամանակ էլ Հայաստան վերադառնալու մասին կմտածեմ:

Հարցազրույցը վարեց Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031