Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆիի «փորձարարությունը»

Ապրիլ 01,2013 10:52

Թե ինչով է ծոմը տարբերվում պահքից, եւ ինչով են այդ երկուսը տարբերվում հացադուլից, դժվար է ասել: Թե այդ ամենի մեջ որն է քաղաքականը, որն է քաղաքացիականը, իսկ որը՝ հոգեւոր-կրոնականը՝ նույնպես հեշտ չէ որոշել: Վերջապես որն է անձնական եւ քաղաքացիական ինքնամաքրման սահմանը՝ դա էլ է վիճելի: Ավետարանը, կարծես թե ասում է, որ ծոմապահությունը ինքնամաքրման միակ ձեւը չէ՝ կարեւոր չէ, թե ինչ է մտնում է բերանդ, ավելի կարեւոր է, թե ինչ է այնտեղից դուրս գալիս: Մեր ուսմունքի հիմնադիրն անընդհատ բանավեճի մեջ էր փարիսեցիների հետ, որոնք ինչ-որ չափով հեշտացնում էին մարդկանց խնդիրը՝ շեշտը դնելով արտաքին, ձեւական կողմի վրա. պահպանեիր ծեսերը, աղոթիր, ծոմ պահիր, եւ վերջ՝ դու փրկված ես: Երանի՜ ամեն ինչ այդքան հեշտ լիներ: Տերը մեր ուշադրությունն է դարձնում ավելի խորքային երեւույթների վրա՝ ոչ թե ցուցադրական բարեպաշտություն դրսեւորել, այլ որոշակի կանոնների հետեւել ամենօրյա, կարելի է ասել նույնիսկ՝ առօրյա արարքներում, զգացմունքներում, խոսքերում: Դուք կարող եք կամքի ուժ ունենալ՝ մի քանի օր սոված մնալու, բայց որքա՜ն ավելի մեծ կամք է պետք՝ մերձավորներին ցավ չպատճառելու եւ քո կրած ցավի համար քեն չպահելու համար:

Րաֆֆի Հովհաննիսյանն ակտիվ քաղաքականություն գալով ստիպեց մեզ այդ ամենի մասին մտածել: Նրա մոտեցումները մոտ են մտածողության սինկրետիկ ձեւերին: Օրինակ, նախնադարյան մարդկանց մոտ կրոնական ծեսը, ժողովրդական խաղը, երգը, պարը, ասմունքը հանդես էին գալիս միաժամանակ, չտարանջատվելով արվեստի եւ գիտակցության տարբեր ձեւերի: Կամ հին հույների մոտ բնագիտությունն ու փիլիսոփայությունը, ֆիզիկան եւ մետաֆիզիկան դեռեւս բավականաչափ «մասնագիտացած» չէին: «Ժառանգության» առաջնորդի մոտ ամեն ինչ խառնված է «բլենդերով» եւ դարձրած է միատարր զանգված՝ քաղաքական, քաղաքացիական պայքարը, բարոյական խրատները, կրոնական մոտեցումները: Դրան ավելանում է նաեւ «ազգայինը» եւ, վերջապես, «ժողովուրդը»՝ եզրույթներ, որոնք օգտագործվում են հազարավոր իմաստներով եւ, մեղմ ասած, ոչ միշտ՝ բարի նպատակներով:

Պրակտիկ առումով այդ «փորձարարությունը» առայժմ ոչ մի բան չտվեց: Բայց պետք է ասել, որ այն «փորձված» ճանապարհը, որը 1988 թվականին հաջողությամբ կիրառել է «Ղարաբաղ» կոմիտեն, 1996 եւ 2008 թվականներին, երբ նույն նույն ուղիով գնացին այդ կոմիտեի անդամներ Վազգեն Մանուկյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նույնպես որեւէ արդյունքի չբերեց: Հացադուլով եւ առանց հացադուլի, հարգանքով եւ առանց հարգանքի, «հեռացի՛ր» վանկարկելով կամ չվանկարկելով, քնարական-հայրենասիրական զեղումներով թե քաղաքագիտական վերլուծություններով, ԱԺ ցանկապատը ջարդելով եւ Ազատության հրապարակում մնալով, «կազմաքանդելու» սպառնալիքով եւ առանց դրա՝ միեւնույն է, նախագահը հրաժարական չի տալիս, իշխանափոխություն չի լինում: Բայց եթե նույնիսկ հրաժարական է տալիս (ինչպես որ դա տեղի է ունեցել 1998 թվականին), դրանից էլ ոչ մի լավ բան չի ստացվում:

Հետեւաբար, Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի այս ձեւից նրանք, ովքեր հետագայում հնչեցնելու են բողոքական ընտրազանգվածի պահանջները, պետք է, հավանաբար, վերցնեն իրենց համար օգտակարը` այն, որ նա դիմում է ցանկացած քաղաքացու, ցանկացած հայի խղճին, նրա բարոյական, կրոնական զգացմունքներին: Կարեւոր է նաեւ, որ «Ժառանգության» առաջնորդը փորձում է հաղթահարել կուսակցական հատվածայնությունը, աշխատում է ոչ թե հակադրել, այլ միավորել մարդկանց: Ինչպես է դա անում՝ այլ հարց է, թող ուրիշերն ավելի լավ անեն:

Դարձյալ զուգահեռ տանելով արվեստի հետ՝ կարելի է ասել, որ փորձարարական ուղղությունները երբեք չեն փոխարինում դասական արտահայտչամիջոցներին՝ բացառված է, որ այսօր աշխարհի գեղանկարիչների հիմնական մասը ստեղծագործի կուբիզմի տեխնիկայով, իսկ կոմպոզիտորները կենտրոնանան դոդեկաֆոնիայի վրա : Բայց ուղղություններն իրենց հետքն են թողնում արվեստի հետագա զարգացման վրա, որովհետեւ օգնում են իրադարձություններին նայել այլ՝ ավելի թարմ հայացքով:

Իսկ քննադատական խոսքեր (հիմնականում՝ տեղին) Րաֆֆի Հովհաննիսյանի հացսեին այնքան շատ են ասվել, որ չարժե դրանք կրկնել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Anush says:

    Գեղեցիկ վերլուծություն, որի հետ հնարավոր չէ չհամաձայնել… Սակայն մի բան պետք է փաստել. միգուցե այն գիտակից, մտավորական զանգվածը, որ Րաֆֆիի կողքին էր, հիասթափություն ապրեց, սակայն այդ զանգվածը, ցավոք, փոքր է.. Դրա փոխարեն մի հսկայական զանգվածի մոտ արթնացավ ընդվզումի , իր ձայնին տեր կանգնելու , պայքարելու գիտակցությունը, որի համար երկաաար տարիների աշխատանք էր պետք, Րաֆֆին դա արեց կարճ ժամանակում, ու եթե հիմա արդյունք չստանա, հաջորդ ընտրություններին այս ամենը իր դերը կխաղա. ևվ ամենակարևորը՜ նա միասնություն է սովորեցնում, թող որ ոմանք այդպես էլ չեն ընկալում….

  2. Մարգար Մախսուդյան says:

    Րաֆֆիի «փորձարարությունն» ու Արամի «վերլուծությունը»
    ___________________________________________________
    Որևէ շարադրանք կարդալիս աշխատում եմ ուշադրություն դարձնել նախ՝ ճշմարտանման ա՛յն մտքերին, որոնք կարող են հիմք հանդիսանալ սխալ եզրահանգման համար:
    1*.Պրակտիկ առումով այդ «փորձարարությունը» առայժմ ոչ մի բան չտվեց – առայժմը և չտվեցը ցավոք, ոչ թե սինկրետիկայի՝ այլ դիսկրետիկայի մեջ են, պետք է լիներ՝ առայժմ ոչ մի բան չի տվել, ինչը ենթադրում է նաև շարունակություն, այլ ո՛չ դատապարտվածություն:
    2*. 1996 եւ 2008 թվականներին, երբ նույն նույն ուղիով գնացին այդ կոմիտեի անդամներ Վազգեն Մանուկյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նույնպես որեւէ արդյունքի չբերեց – Ի՞նչ է նշանակում արդյունքի չբերեց: Կարծում եմ երկուսն էլ շոշափելի արդյունք են տվել, հատկապես ամբողջատիրական այլանդակ մտածողության դեմ պայքարում՝ հասարակության մեջ ձևավորելով համապատասխան վերաբերմունք իշխանության այլասերման և դրա դեմ շարունակական պայքարի անհրաժեշտության գիտակցություն:
    3*. Ինչպես է դա անում՝ այլ հարց է, թող ուրիշերն ավելի լավ անեն – սույն, ըստ իս տրոյական ձևակերպման, ինչպես նաև ամբողջ հոդվածի հիմնական նպատակը մարդկանց թևաթափ անելն է՝ որպես ՛՛Ընտրվողն ընտրվել ա՛՛ կարգախոսի հաջող ավարտ:
    4*. Իսկ քննադատական խոսքեր (հիմնականում՝ տեղին) Րաֆֆի Հովհաննիսյանի հացսեին այնքան շատ են ասվել, որ չարժե դրանք կրկնել – ըստ իս՝ պետք է լիեր՝ Իսկ քննադատական խոսքեր (հիմնականում՝ ԱՆՏԵՂԻ) Րաֆֆի Հովհաննիսյանի հացսեին այնքան շատ են ասվել, որ չարժե դրանք կրկնել:

    Մարգարի ՛՛քոմենթը՛՛

  3. Հրանտ Պապիկյան says:

    Ընտիր հոդված է: Մեկնաբանությունների կարիք չի զգում:

  4. Նունե says:

    Երևի թե այս հոդվածի նպատակն էր վերջակետ դնել ժողովրդի պայքարի մեջ և կոչել նրան համակերպվել իրողության հետ, խնդրելով ժողովրդին շատ չջղայնանալ Րաֆֆի վրա… Ես, և, հույսով եմ, շատերը, ուրիշ կարծիքի եմ: Ես հիասթափված չեմ, ընդհակառակը, շատ ոգևորված: Րաֆֆին արեց այն ինչ ՈՉ ՄԵԿ ՉԵՐ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԱՆԵԼ: Նա փոխեց մեր կյանքը, մեզ հույս ու հավատ հաղորդեց: Եվ պետք չէր հիմա, իրոք, կրկնել այդ, հիմնականում՝ ցինիկ և անտեղի քննադատական խոսքերը…

  5. ArmenUSA says:

    Aram would rather PANM came to the power, even if Levon had to have more Armenins killed. He is a core PANM member, can’t even hide it, although is trying very hard. Dear Aram, you think very inside the box, of course you don’t undertand Raffi, you need t o reset your brain, erase the Soviet and PANM from your it, then you might be able to understand Raffi.

  6. ArmenUSA says:

    We all know how that game is played. Aram, no doubt that you are very intelligent man, but I think that makes it worse, there are thounsands of people reading you and beleiving in what you say. Anyway, despite being prety much alone and fighting alone, Raffi is gonna “win” because “the people”(I know you hate this phrase) are with him, because he will not give in like Levon did, he is not gonna hide and send the people to be killed like Levon did.

  7. Շաքէ Ա. Պետրւսեան says:

    Սիրելիներ. Րաֆֆին անում է այն ինչ կարող է: Խանգարելու, ծաղրելու փոխարէն արժէ միաւորւել եւ պայքարը տանել տրամաբանական աւարտի.
    Մամուլը արձանագրում է անկարեւորներն ու մանրուքները, ասէկոսէներն ու չարախինդ ռեպլիկները, ակնարկում Րաֆֆու «ախպար» լինելը, մոռանալով, որ հայութեան մի մեծ հատւած իր կամքին հակառակ է ծնւել օտար հողում. Կասկածում ենք նրա քրիստոնէական հաւատքի անկեղծութեանը, եւ ինչ իրաւունքով… հաւատաքննիչներ հօ չենք թէ այդպիսին ենք եւ ընդհանրապէս այլեւս ոչնչի չենք հաւատում.
    Իսկ եթէ պատմութեանը դիմենք, ամէն ինչից ունեցել ենք երկուական՝ երկու երկիր՝ արեւելեան եւ արեւմտեան. երկու կաթողիկոս. 50-50 տոկոս ձայն ենք տւել Սերժին եւ Րաֆֆիին. Հայաստանը միաժամանակ երկուսից աւելի թագաւոր է ունեցել. հիմա էլ կը լինենք առաջին երկիրը , որը 2 նախագահ կունենայ. Միայն թէ էլ զոհ չլինի…
    Գուցէ եւ Գինէսի ռեկորդների գրքում յայտնւենք, նախքան Կարմիր գրքում յայտնւելը…
    Իսկ պարոն Աբրահամեանը համակրելով ՀՀՇ-ն կամ ՀԱԿ-ը, ամենից առաջ փորձառու եւ պրոֆեսիոնալ լրագրող է եւ ամէն մի բառը մտածւած է. ոչ թէ հիասթափեցնելու նպատակով, այլ մեզ հնարաւոր պարտութեանը նախապատրաստելու համար է գրէլ անցեալ կատարեալով՝ «ոչ մի արդիւնք չտւեց». Յոյսով եմ…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930