Լրահոս
Օրվա լրահոսը

Խուսափեցին պատասխանից, որ ներողությո՞ւն պահանջեն

Ապրիլ 04,2013 11:16

Այսօր «Ազատություն» ռադիոկայանից տեղեկացանք, որ դիտորդ Նարինե Իսմայիլի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանն և Լուսինե Հակոբյանը ՀՔԾ-ից և «Առավոտ» օրաթերթից պահանջում են հրապարակավ ներողություն խնդրել իրենց վստահորդ Նարինե Իսմայիլի անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտող տեղեկություններ հրապարակելու համար:

Հիշեցնենք, որ «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում  ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանը որոշ մանրամասներ էր ներկայացրել թիվ 17/05 ընտրատեղամասում լցոնումների, լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ, որտեղ անդրադարձ է կատարվել նաև Նարինե Իսմայիլի կողմից ԿԸՀ ներկայացված լազերային սկավառակների ուսումնասիրությանը:

Այս հարցերի վերաբերյալ երկու օր շարունակ փորձում էինք պարզաբանումներ ստանալ Ն. Իսմայիլի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանից, կամ հենց Ն. Իսմայիլից: Տ. Եգորյանը մեզ ասաց, թե միայն իր վստահորդի հետ համաձայնեցնելուց հետո կարող է փոխանցել, կամ չփոխանցել նրա կոնտակտները և տեղեկացնել, թե պարզաբանումները ով կտա:

Հետո Տ. Եգորյանն ասաց, որ հավանաբար ինքը կպատասխանի Aravot.am-ի հարցերին: Նա խնդրեց հարցերը գրավոր ուղարկել, ինչը մենք արեցինք` ներկայացնելով հետևյալ հարցերը.

1.ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանը հայտարարել է, որ որպես 17/05 ընտրատեղամասում տեղի ունեցած ընտրախախտումների հիմնավորում «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից մի շարք դիտորդների (այդ թվում՝ Նարինե Իսմայիլի) բողոքին կից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել լազերային սկավառակներ, որոնց ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանցում շուրջ 5 ժամ 30 րոպե տեւողությամբ նկարահանված է հավանաբար Նարինե Իսմայիլի բնակարանի լոգարանի մի հատվածը, եւ մի քանի դրվագներում երեւում է Նարինե Իսմայիլը կիսամերկ վիճակում: Արդյոք այս փաստը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ:

2. Նադիրյանը պնդում է, որ այդ տեսագրություններում հստակ երեւում է, որ դրանք կատարվել են ոչ թե պատուհանից, այլ անմիջապես բնակարանի ներսից: Արդյոք համոզի՞չ են նրա փաստարկները:

3. Իրականում ի՞նչ է տեղի ունեցել և կատարվածում ի՞նչ միտում եք տեսնում: Ինչպե՞ս կգնահատեք այս միջադեպը:

Հետևեց Տ. Եգորյանի` մեր առաջ պայմաններ դնելուն միտված քայլերը ու սկսվեց էլեկտրոնային նամակագրություն, որը տևեց ողջ օրը, սակայն այդպես էլ Տ. Եգորյանը մեր հարցերին չպատասխանեց:

Ներկայացնում ենք նամակագրության որոշ մանրամասները. «Տաթև ջան,  ես ստացա քո նախապատրաստած հարցերը և նախքան հարցազրույցը սկսելը կցանկանայի կատարել պայմանների վերաբերյալ որոշ հստակեցումներ:

  1. արդյոք Ձեր հարցերին տրված իմ պատասխանները ենթարկվելո՞ւ են խմբագրման, թե՞ ոչ
  2. արդյոք այս հարցազրույցի հրապարակման հարցը կախման մեջ է իմ կողմից կատարված սուր և կոնկրետ անձանց անուններին առնչվող և դրանով հնարավո՞ր է լրատվամիջոցի քաղաքականությանը չհամապատասխանող պատասխաններից կամ արտահայտություններից:Կարծում եմ պլատֆորմի հստակեցման համար սրանք խիստ կարևոր պայմաններ են»:

Մենք պատասխանեցինք. «Հարգելի Տիգրան, https://www.aravot.am/9254-2/ հասցեում տեղադրված է Առավոտի էթիկայի վարքականոնը: Խնդրում ենք Ձեր պատասխանը շարադրել վարքականոնի սահմաններում: Մենք պատրաստ ենք հրապարակել ցանկացած քննադատություն, եթե այն չի պարունակում անձնական վիրավորանքներ, անպարկեշտ արտահայտություններ: Այդ դեպքում Ձեր խոսքը չի ենթարկվի խմբագրման: Իսկ ծավալի հետ կապված նշեմ, որ պատրաստ ենք հրապարակել Ձեր պատասխանը այն ծավալով, ինչ ծավալով ներկայացվել է մյուս կողմի կարծիքը»:

Տ. Եգորյանը պատասխանեց. «Հաշվի առնելով այն, որ դուք հիշատակեցիք մյուս կողմի կարծիքը, այդ կապակցությամբ ցանկանում եմ նկատել, որ նշված հրապարակումը պարունակում է նաև իմ որպես փաստաբանի և իմ վստահորդի իրավունքների խախտման և օրենքների մեջբերումներ և մեկնաբանություններ, սակայն ինչի կապակցությամբ Ձեր կողմից ինձ հարց չի ուղղվել»:

Մենք նրան պատասխանեցինք. «Հարգելի Տիգրան, կարող եք նաև այդ մասին էլ պատասխանել, չնայած հիշում եք, մենք արդեն մի անգամ այդ մասին Ձեր պարզաբանումը ներկայացրել եք: Իսկ ե՞րբ կուղարկեք պատասխանը»:

Տ. Եգորյանն այդպես էլ չպատասխանեց: Երբ նրան արդեն երեկոյան զանգեցինք, նա ասաց, թե պատասխանները թելադրում է և տասը րոպեից կուղարկի ինձ: Ու այդ տասը րոպեն դարձավ մեկ օր:

Նշենք նաև, որ նույն օրը երեկոյան Տ. Եգորյանի վստահորդը մեր բարձրացրած հարցերի շրջանակներում պարզաբանումներ ներկայացրեց «Ազատություն» ռադիոկայանին:

Իսկ հաջորդ օրը Տ. Եգորյանը ոչ գրավոր ուղարկեց պատասխանը, ոչ էլ մեր զանգերին պատասխանեց: Ուստի ճշտելու համար` ի վերջո Տ. Եգորյանը օգտվելո՞ւ է իրենց ընձեռած հնարավորությունից և պարզաբանումներ ներկայացնելո՞ւ է մյուս կողմի ներկայացրած փաստերի վերաբերյալ նրան գրեցինք.

«Հարգելի Տիգրան, երեկ ողջ օրվա ընթացքում մենք զբաղվեցինք նամակագրությամբ, բայց Դուք այդպես էլ չպատասխանեցինք Aravot.am-ի հարցերին, թեև խոստացել էիք պատասխանել: Եվ ինձ համար անակնկալ էր տեսնել լրատվամիջոցներից մեկին Ձեր վստահորդի տված հարցազրույցը մեր բարձրացրած հարցերի վերաբերյալ: Ուստի խնդրում եմ մեր հարցերին կամ պատասխանել, կամ գրել, որ հրաժարվում եք պատասխանել»:

Երեկ ուշ գիշերին ի պատասխան Տ. Եգորյանը մեզ գրել է. «Հարգելի Տաթև, ցավում եմ, որ այդքան ժամանակատար է եղել Ձեզ համար ինձ հետաքրքրող մի քանի հարցի պատասխանելը… Բացի այդ որքանով Ձեզ հայտնի է Նարինե Իսմաիլին հանդիսանում է իմ վստահորդը, իսկ փաստաբանի և վստահորդի միջև, գոնե ինձ հայտնի չէ այնպիսի փոխհարաբերությունների ֆորմատ, որում փաստաբանը վերահսկում կամ սահմանափակումներ է իրականացնում իր վստահորդի նկատմամբ, ուստի կարող եմ արտահայտել միայն իմ փոխադարձ զարմանքը Ձեր զարմանքի կապակցությամբ: Ինչ վերաբերում է Ձեր հարցերի պատասխաններին և ազնվության հարցին, ապա դրանց կանդրադառնանք, երբ Ձեր խմբագիրը կպատասխանի մեր՝ Նարինե Իսմաիլիի ներկայացուցիչներ՝ Տիգրան Եգորյանիս և Լուսինե Հակոբյանի «Առավոտ» օրաթերթին ուղղարկված գրությանը»:

Ի դեպ տեղեկացնենք, որ «Առավոտն» առայժմ ոչ մի գրություն չի ստացել Տ. Եգորյանից և Լ. Հակոբյանից:

Նշենք նաև, որ մեր ողջ նամակագրության ընթացքում Տ. Եգորյանը ցանկանում էր, որ մենք նրան անպայման գրավոր, էլեկտրոնային փոստին պատասխանենք, կարծես նա ինչ-ինչ փաստեր էր ուզում հավաքել մեր դեմ:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Յարգելի՛ խմբագրութիւն,
    Կը շնորհաւորեմ ձեզ, որ կը մերժէք լատինատառ մեկնութիւնները: Մաղթենք, որ բոլոր հայաստանեան թերթերը հետևին ձեր օրինակին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930