Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Ե՞րբ ռեժիսորը հասկացավ, որ սխալվել է ընտրելով Սերժ Սարգսյանին

Ապրիլ 04,2013 12:32 Share

Հատված ռեժիսոր Արշակ Զաքարյանի հարցազրույցից:

– Ձեր նամակում գրել եք, որ փաստորեն սխալվել եք՝ Սերժ Սարգսյանին ընտրելով։ Դա ե՞րբ հասկացաք։

– Ես Սերժ Սարգսյանին ընտրել եմ եւ իրեն տվել եմ 5 տարի ժամանակ, որպեսզի ինքն իր խոստացած բարեփոխումները կատարի՝ համոզված լինելով, որ պետք է մեկ-մեկ էլ մարդուն հավատալ եւ տալ իրեն հնարավորություն՝ ցույց տալ գործով, թե ինքը ինչ կարող է անել։ Իրեն տված իմ ժամկետը, որպես ընտրողի, լրանում է ամսի 8-ին։ Նա դեռ ունի մի քանի օր։ Կարող է վաղը այնքան բարեփոխումներ անել, որովհետեւ ինքը գիտեք՝ ինչ իշխանություն ունի: Եթե իր մտքին տեղ լինի, կարող է  բոլոր բարեփոխումները մի օրում անել։ Բայց բոլորս էլ գիտենք, որ դա, այսպես ասած, հեքիաթ է, դժվար ստացվի։

Ես, որպես օրինապահ քաղաքացի, սպասեցի, մինչեւ իմ՝ իրեն տված ժամկետի ավարտը եւ այդ ընթացքում արեցի ամեն ինչ, որ նորմալ քաղաքացին կանի՝ սատարելով իմ պետությանը, որպեսզի ես իմ լուման ներդրած լինեմ։ Երբ որ տեսա, որ այդ ամենը ոչ մեկին պետք չէ, երբ որ տեսա, որ խոստացած բարեփոխումներից գոնե մեկը չի արվել, հասկացա, որ սխալ մարդու եմ ընտրել։ Եթե ասենք խոստացած 10 բարեփոխումից գոնե մեկն իրականացներ ու ասեր՝ չհասցրեցի, ինձ 5 տարի էլ պետք է մյուսների համար, ես էլի իրեն կընտրեի։ Բայց եթե 10 բարեփոխում խոստացել է եւ արել է ոչ մի բարեփոխում ու չորս «չարեփոխում», ես դրա համար հասկացա, որ սխալվել եմ եւ սխալ մարդու եմ վստահել։

Իմ վստահությունը, ինձ նման ազնիվ քաղաքացիների վստահությունը, որոնք սատարել են համակարգին, շահագործվել է, սրիկաներն ու թալանչիները բարգավաճում են, գնացել են դեպի «ապահով Հայաստան», իսկ նորմալ քաղաքացիները հասել են թշվառության եւ արտագաղթում են։

Իմ հիմնական բողոքը արտագաղթից է։ Վերջերս «Մալյան» թատրոն էի գնացել, այնտեղ ներկայացման մեջ Առաքել պապը պատմում է, թե ոնց է կարոտել իր հողին ու ջրին Արեւմտյան Հայաստանում։ Ու ես, որ 35 տարի լաց չեմ եղել, սկսեցի լացել, որովհետեւ ես պատկերացրեցի, որ մի 20 տարի անց ինչ-որ մի տեղ իմ թոռանը պատմում եմ, թե ինչ լավ Հայաստան ունեինք եւ ինչ հեշտ կորցրեցինք այդ Հայաստանը։ Դատարկեցինք, մարդ չմնաց եւ օտար շները եկան, տեր կանգնեցին։

Ասում եք՝ որպես օրինապահ քաղաքացի 5 տարի ժամկետ եմ տվել Սերժ Սարգսյանին ու սպասել եմ այդ ժամկետը լրանալուն։ Բայց քաղաքացին բոլորովին պարտավոր չի, չէ՞, սպասել 5 տարի եւ կարող է ավելի շուտ հայտարարել՝ չես կարողանում, ուրեմն գնա։ Դուք փաստորեն, որոշել եք համբերատար   սպասել  մինչեւ վերջին պահը։

– Ես ոչ թե նստել եմ թախտին ու սպասել եմ, այլ ինձնից հասանելիքը արել եմ։ Եկեք մոռանանք անձերի մասին, չանձնավորենք։ Ես փորձել եմ օգնել եւ մտածել եմ այսպես՝ ես ռեժիսոր եմ, ինձնից ինչ է հասնում, եւ ես նկարել եմ ֆիլմեր, ես նկարել եմ սոցհոլովակներ։ Եթե ես բանակի մասին լավ սոցհոլովակ եմ նկարում, ես դա ոչ թե Սեյրան Օհանյանի համար եմ անում, կամ Սերժ Սարգսյանի, ես անում եմ հայոց բանակի համար։

Ես մտածել եմ՝ ամեն մեկը իր հերթին թող մի լավ բան անի, փոխանակ միայն բողոքելու։ Փորձենք տեսնել՝ կարո՞ղ ենք այս երկիրը ոտքի կանգնեցնել։ Այսինքն ես ոչ թե նստել եմ սպասել եմ, որ Սերժ Սարգսյանը ինձ համար անի, այլ իմ լուման են ներդրել՝ ինքս անելով։ Բայց հետո տեսել եմ, որ իրենք ոչ միայն չեն անում, խանգարում են նաեւ։ Ի՞նչ կարող էի անել, գնայի Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ցույց անեի, որ հետո ինքը գնար թոշակի՞։ Հիմա եմ եկել այդ եզրակացության (որ Սերժ Սարգսյանի հարցում սխալվել է-Ա.Զ.): Այո, հիմա։ Ինքը ինձ 5 տարվա ընթացքում կարողացավ իշխանամետից դարձնել ընդդիմադիր։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930