Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշարձանագետը՝ հոգեւորականներին. Հուշարձանն այնպես են վերականգնել, ասես հարսանյաց սրահ է

Ապրիլ 18,2013 14:23

Այսօր  Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը  «Ելակետ» ակումբում հայտարարեց, որ հուշարձաններ վերականգնելու մշակույթ չունենք: Նրա ասելով,  ունենք լավ մասնագետներ, ճարտարապետները գերազանց նախագծեր են անում, սակայն դրանք կյանքի չեն կոչվում: «Ճարտարապետական նախագծից հետո պետք է հեղինակային վերահսկողություն սահմանվի, սակայն շինարարական խմբերը սովորաբար արհամարհում  են ճարտարապետներին: Տեղյակ եմ, որ, օրինակ, Աստվածընկալի ճարտարապետը այս առումով դեռ չի կոտրվել»,- ասաց  հուշարձանագետը: Նա հավելեց, որ  շինարարները փոխանակ հուշարձանի  բեկորներն օգտագործեն, հաճախ այլ նյութով են վերականգնում հուշարձանը. «Հավանաբար նոր տաշ ու շարի համար ավելին են վճարում քառակուսի մետրով, քան նախկին քարը տեղը դնելու դեպքում»: Պարոն Կարապետյանն օրինակ բերեց, որ  տասներեքերորդ դարի մի եկեղեցու զանգակատան բեկորները դիտմամբ  «անհայտացրել» էին, որպեսզի դրանք չմատնեն վիճակը:

Կա՞ որեւէ վերականգնված հուշարձան, որի վերականգնումից մասնագետը գոհ է: Նա հայտնեց, որ Հաղարծնի վանքի ծածկերը հոյակապ են վերականգնել, ու կուզենար, որ այդ շինարարներին կրկին հրավիրեին հուշարձան վերականգնելու:

Հուշարձանագետը ասաց, որ օրերս իրենց կազմակերպության գրասենյակին ահազանգել են Վարագավանքի խայտառակ վիճակի մասին:

Սամվել Կարապետյանի կարծիքով, հոգեւորականների հաշվեկշռում գտնվող հուշարձանները վերականգնման առումով ավելի վատ վիճակում են, քան նրանք, որոնք ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո են: Հուշարձանագետի ձեւակերպմամբ՝ պատճառն այն է, որ հոգեւորականները հուշարձանները դիտարկում են իբրեւ սեփական աշխատավայր ու աշխատասենյակ:

«Գնացեք Տաթեւ կամ ավելի մոտիկ՝ Բջնի եւ կհամոզվեք… կարմիր գրանիտով են վերականգնել, ասես  հարսանյաց սրահ լինի»,-ասաց նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930